Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՄԻՐ

Ապրիլ 12,2006 00:00

ԿԱՐՄԻՐ ԳՈՒՅՆՆ ՈՒ ՑՈՒԼԸ Ըստ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, այդպես են Հայաստանում որոշ շրջանակներ վերաբերվում Ռուսաստանին Երեկ Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տվեց 2005թ. հունիսի 23-ին Մոսկվայում ստորագրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ՀՀ ստանձնած պարտավորություններին: ՀՀ նախագահի լիազոր-ներկայացուցիչն էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը տեղեկացրեց, որ մեր սպաները պատրաստվում են ԱՄՆ-ում, Իտալիայում, Չինաստանում, ավելի քան ՌԴ 45, Բելառուսի՝ 6 ուսումնական հաստատություններում, 60 մասնագիտությունների շրջանակում: Նախարարը տեղեկացրեց, որ նրանք 318-ն են եւ այս տարի լրացուցիչ 56 կուրսանտ կուղարկվի անհատույց սովորելու: Ռազմական հաստատություններում երկարաժամկետ սովորողներ չունենք, իսկ կարճաժամկետները հիմնականում Ռուսաստանում են: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը զրուցեց լրագրողների հետ: Մասնավորապես, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ նախարարը նշեց, որ իր ծրագրերում չկա նախագահական ընտրություններին «հիմիկվանից պատրաստվելու հարց»: «Իսկ մասնակցելո՞ւ»,- հետեւած հարցին պատասխանեց. «Տեսնենք՝ ինչպես կլինի իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո»: Նախարարը հերքեց նաեւ այն տեղեկատվությունը, թե իբր հայտարարել է, որ «մոտ ժամանակներս» միանալու է քաղաքական ուժի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այս կապակցությամբ նա ասաց. «Հիշում եմ, թե ինչ եմ ասել: Քաղաքական պրոցեսները ընթանում են նորմալ, իմ ծրագրերին համապատասխան»: Ս. Սարգսյանը անդրադարձավ նաեւ շփման գծում շարունակվող կրակոցներին, գազի գնի դիմաց ՌԴ-ի հետ իրականացրած գործարքին: Վերջին դեպքում գործարքը համարեց նպաստավոր եւ տարօրինակ դիտեց, որ «տեղից ելնողը այդ թեմայով խոսում է, չիմանալով, թե ինչ է նշանակում 5-րդ բլոկը»: Նախ առաջարկեց լրատվամիջոցներին՝ խմբով գնալ-տեսնել 5-րդ բլոկը եւ ապա նկարագրեց այն. «5-րդ բլոկը նման է 3 հարկանի տան, որի նկուղը կառուցված է եւ այլեւս ոչինչ չկա: Մենք ավելի պատկերավոր փաստարկներ կբերենք 5-րդ բլոկի արժեքի եւ այս քայլի մասին: Իսկ երբ որ մարդիկ իրենց դնելով գիտունիկների տեղ, ելույթ են ունենում եւ ասում, թե 5-րդ բլոկը վերանորոգելու համար պետք է 150 մլն դոլար, իսկ թե որտեղից պետք է վերցնես այդ 150 միլիոնը՝ չեն ասում: 5-րդ բլոկի վրա առնվազն պետք է ծախսել 180 մլն, որպեսզի այն դառնա 5-րդ բլոկ: Այդ ծախսերը կփոխհատուցվեն ամենաքիչը 10 տարվա ընթացքում: Լավագույն դեպքում մենք 2017թ. կունենայինք օգուտով աշխատող ձեռնարկություն: Իսկ թե ինչպիսին կլիներ այդ օգուտը, գազը ինչքան կթանկանար, դա, ինչպես ասում են, միայն Նոստրադամուսը կարող է ասել, թե 10-12 տարի հետո ինչ է լինելու»: Ըստ նախարարի, իրենք չաշխատող ձեռնարկությունը նախընտրել են 250 մլն դոլարով վաճառել եւ ոչ թե սպասել, թե «17 թվին քանի կոպեկ կարող ենք ունենալ»: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի կարծիքով, արդարացված չէ, երբ տնտեսական գործարքներին խառնվում է քաղաքականությունը, քանի որ արդյունքում չի ստացվում ոչ տնտեսություն, ոչ քաղաքականություն: Ըստ նրա, կան հասարակական խմբեր եւ մարդիկ, որոնք Ռուսաստան բառը ընկալում են «ինչպես ցուլը՝ կարմիր գույնը»: Երբ հետեւեց հարց՝ արդյոք հակառուսական խմբերը ազդեցի՞կ են Հայաստանում, պաշտպանության նախարարը պատասխանեց, որ նրանք «ոչ թե ազդեցիկ են, այլ ճղճղան»: Հասարակական այն մտահոգություններին, թե արդյոք հնարավո՞ր է պատերազմ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ցանկացած երկրի պաշտպանության նախարար պիտի համարի, որ վաղը կամ երկու օր հետո սկսվելու են ռազմական գործողություններ»: Այնուհետեւ նախարարը աճապարեց ՍԴ նիստերի դահլիճ՝ լրագրողներին հորդորելով «զինվել», բայց «համբերությամբ»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել