Լրահոս
Օրվա լրահոսը

Բարելավում՝

Ապրիլ 12,2006 00:00

Բարելավում՝ բաժանորդների հաշվին Ռալֆ Յիրիկյանի ասածը տեխնիկական գծով աշխատողների համար օրենք չէ՞ Նախորդ շաբաթ մի քանի օր շարունակ «ՎիվաՍելլի» ալո քարտի բաժանորդների գումարային հաշվեկշիռը անսպասելիորեն զրոյանում էր: Բաժանորդը զանգ կատարելու համար իր հաշվին ունենալով բավականաչափ գումար, երբ փորձում է հեռախոսահամար հավաքել, բջջային օպերատորը հայտնում է, թե «ձեր հաշիվը չի բավականացնում, զանգ կատարելու համար անհրաժեշտ է կատարել վերալիցքավորում»: Այս թյուրիմացությունը պարզելու համար բաժանորդներին «ՎիվաՍելլի» սպասարկման կետերում հանգստացնում են, թե ցանցում տեխնիկական խնդիրներ կան եւ որ մի քանի օրից հաշիվը կվերականգնեն, քանի որ իրենց տվյալների բազայում գումարները պահպանված են: Ավելին՝ տուժած բաժանորդներին խորհուրդ էին տալիս այդ մի քանի օրը վերալիցքավորում չկատարել, որպեսզի կրկին չզրոյանա: «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ ընկերության լրատվական ծառայության ղեկավար Միհրան Սահակյանը չժխտեց, որ նման խնդիր կա, սակայն այն կապեց ցանցի տեխնիկական վերազինման հետ. «ՎիվաՍելլը» պարբերաբար ցանցը էլ ավելի բարելավելու համար տեխնիկական աշխատանքներ է կատարում եւ այդ ընթացքում չի բացառվում, որ նման խնդիրներ առաջանան: Բաժանորդների վճարած գումարները չեն փոշիանալու եւ մի քանի օրից հետ կգնան տուժած բաժանորդների հաշվին»: Փաստորեն, ստացվում է, որ բաժանորդները ժամանակ առ ժամանակ մի երկու օրով պետք է բջջային հեռախոսից չօգտվեն, ինչ է թե՝ ընկերությունը ցանցն է բարելավում: Բացի այդ՝ հիշեցնենք, երբ վերջերս «ՎիվաՍելլի կապի որակը նկատելիորեն վատացավ, այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վստահեցրել էր, որ ինքն արդեն զգուշացրել է տեխնիկական անձնակազմին, որ այսուհետեւ ցանցի բարելավման աշխատանքները կատարեն գիշերվա ժամը 3-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը: Ի դեպ, ապրիլի 5-ին հանրապետությունում խափանվել էր նաեւ ինտերնետ կապը: Այս առնչությամբ «ԱրմենՏելից» հայտնեցին, որ պատճառը տեխնիկական է: Մեր տեղեկություններով, այդ օրը Վրաստանում օպտիկամանրաթելային մալուխի հետ կապված պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարվել, որը պետք է տեւեր ընդամենը երկու ժամ, մինչդեռ ժամը 16-17-ի դրությամբ ինտերնետը չէր վերականգնվել: Ըստ մեր աղբյուրի, Վրաստանում իսկապես աշխատանքները տեւել են երկու ժամ, ինչի մասին մի քանի օր առաջ ընկերությունը գրավոր տեղյակ է պահել ինտերնետ պրովայդերներին, բայց այդ ընթացքում «ԱրմենՏելն» էլ իր հերթին է որոշել պրոֆիլակտիկա անել, ինչը գերազանցել է Վրաստանի սահմանած երկու ժամը: Սեփ. լր.Հ. Գ. Երեկ մենք տեղեկացանք, որ «ՎիվաՍելլը» ինչպես խոստացել էր, տուժած բաժանորդների հաշիվները վերականգնել էր, բայց փաստորեն նրանք մի քանի օր կապից զրկված են եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել