Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ

Ապրիլ 12,2006 00:00

ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ԵՆԹԱԿԱՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր Է Էլեկտրական հոսանքի ենթակայանը որոշել են կառուցել գազի խողովակների եւ բնակելի շենքերի անմիջապես հարեւանությամբ: Չարենցի թիվ 40, 42, 44 եւ Սայաթ-Նովայի թիվ 37 եւ 39 շենքերի բնակիչներն իրենց բակում՝ երեխաների խաղահրապարակի տեղում կառուցվող էլեկտրական հոսանքի ենթակայանի դեմ բողոքում են, բնականաբար ոչ միայն «Առավոտին»: Բնակիչների բողոքներին Երեւանի քաղաքապետարանից շատ օպերատիվ արձագանքել են եւ վստահեցրել, որ հարցը կլուծվի հօգուտ բնակիչների, սակայն վերջիններս չինովնիկների պատասխանը գնահատում են իրենց «լռեցնելու եւ ժամանակ շահելու» քայլ, քանի որ տրակտորներն արդեն սկսել են երեխաների կարուսելները տեղահան անել ու ենթակայանի տեղը փորել: Բնակիչների պատմելով, «քանդող բրիգադի» աշխատանքներին խոչընդոտելու համար տարածքի ոստիկանները ակտիվիստներին սպառնում են «քաղմասով»: Այս առիթով Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն «Առավոտին» պարզաբանեց, որ Հայաստանի Էլեկտրական ցանցերը ծրագիր է իրականացնում՝ բնակելի շենքերի տակ տեղադրված հոսանքի ենթակայանները տեղափոխել վերգետնյա բակային տարածքներ. «39 շենքի տակ գտնվող ենթակայանը բնակիչներին անհանգստացնում է, աղմուկ եւ վիբրացիա է առաջացնում, այդ պատճառով պետք է շենքի տակից դուրս բերել»: Գլխավոր ճարտարապետը նաեւ վստահեցրեց, որ ենթակայանը կկառուցվի միայն այն դեպքում, երբ քաղաքապետարանի մասնագետները տարածքն ուսումնասիրելուց հետո պարզեն, որ ենթակայանը համապատասխան հեռավորության վրա է գտնվելու հարակից բնակելի շենքերից: Այժմ մեր ձեռքի տակ է այս տարվա փետրվարի 13-ին քաղաքապետարանի՝ «Հայէլցանցերին» տրամադրած ենթակայան կառուցելու շինթույլտվության թիվ 122 փաստաթուղթը եւ զարմանալի է, որ քաղաքապետարանը սկզբում թույլտվություն է տալիս եւ հետո միայն տեղանքը ուսումնասիրում: Ի դեպ, փաստաթղթում նշվում է, որ հոսանքի ենթակայանը պետք է կառուցվի ոչ թե Չարենցի 40, այլ 39 շենքի բակում: Սրանից պետք չէ եզրակացնել, թե շինարարներն են խախտել քաղաքապետարանի շինթույլտվության պայմանագիրը եւ կամայականորեն ենթակայանը որոշել են կառուցել այլ հասցեում: Երեկ երբ մենք եղանք այնտեղ, պարզվեց, որ եթե «Հայէլցանցերը» շատ ուզենար էլ՝ չէր կարող ենթակայանը կառուցել 39 շենքի բակում, քանի որ այդտեղ զուտ շենքերի դասավորության առումով՝ անհնար էր: Միակ թվացյալ ազատ տարածությունը մնում էր 40 շենքի բակը: Սակայն ենթակայանն այստեղ կառուցելու դեպքում վտանգն ավելի մեծ է: Բացի այն, որ երեխաները մնալու են առանց խաղահրապարակի եւ կտրվելու է բակի 50 տարեկան ծառը, կառուցվելիք ենթակայանը լինելու է բնակարաններին գազ մատակարարող ընդհանուր խողովակաշարի անմիջապես հարեւանությամբ: Նկատենք, որ հատկապես այդ տարածքում գազի խողովակները եռակցումներով կարկատված են եւ, բնակիչների ներկայացմամբ, պարբերաբար գազի արտահոսք է տեղի ունենում: Մեր այցելության պահին էլ գազի հոտը խեղդում էր: Չարենցի 40 շենքում բնակվում է խորհրդային տարիներին մի շարք հայտնի կառույցների նախագծերի համահեղինակ ճարտարագետ Գերասիմ Գեւորգյանը: Նա մասնագիտական իր չափուձեւն էր արել ու պարզել, որ ենթակայանի կառուցումն իրենց բակում իսկապես անթույլատրելի է, քանի որ հեռավորությունը բնակելի շենքից եւ գազատնակից ոչ մի նորմատիվների չի համապատասխանում. «Գազատնակի եւ ենթակայանի միջեւ մոտ 5 մետր հեռավորություն է լինելու, իսկ բնակարաններից էլ՝ մոտ 10 մետր, մինչդեռ եթե գազի ճնշումը 0,6-ից բարձր է, ապա նման ենթակայանները պետք է առնվազն 15 մետր հեռավորության վրա գտնվեն գազատնակներից: Իսկ այսօր բնակելի շենքերի գազի ճնշումը գերազանցում է այդ թիվը՝ կազմելով 1-2, քանի որ մարդիկ գազի մեծ վառարաններ, կաթսաներ ու տաքացուցիչներ են օգտագործում: Բացի այդ, բակը թեքության վրա է եւ անձրեւաջրերը հավաքվում ու կուտակվում են հենց այդ տարածքում, որտեղ պետք է տեղադրվի ենթակայանը»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել