Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԵՎՈՐԸ

Ապրիլ 12,2006 00:00

«ԿԱՐԵՎՈՐԸ ՉԱՐԻՔԻ ԱՐՄԱՏԸ ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼՆ Է» Վստահեցնում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը – Պարոն Սարգսյան, վերջին օրերի ամենակարեւոր իրադարձությունը գազի սակագնի եւ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի թարմացումն է: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այդ գործարքը երեկ հաջողված գնահատեց, դուք, որպես ՀՀ նախկին վարչապետ, ինչպե՞ս եք գնահատում Հրազդանի ՋԷԿ-ի հանձնումը: – Ես կարծում եմ, որ «Գույք՝ պարտքի դիմաց» եւ «Գույք՝ գազի դիմաց» ծրագրերը իրականում բոլորովին այլ խնդիր են լուծում, որ կարելի է ձեւակերպել «ամեն ինչ՝ պաշտոնի դիմաց» բանաձեւով: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը հերթական եւ գուցե վերջին հարվածն է տալիս երկրի էներգետիկ անվտանգության հնարավորություններին: Խնդիրը բոլորովին էլ Ռուսաստանի վասալը դառնալը չէ՝ խնդիրը պետությանը եւ պետականությանն է վերաբերում: Ոչ միայն Ռուսաստանին, որեւէ այլ երկրի չի կարելի անվերապահ վաճառել պետության ունեցվածքը՝ հետո խոսել անկախությունից ու շահավետությունից: Այս իշխանություններն իրենք իրենց անգամ գերազանցեցին, եւ դա վկայում է նրանց փակուղում հայտնվելու մասին: Ոչ մի խելամիտ բացատրություն չունի այն հանգամանքը, որ երեք տարվա գազի սակագնի չթանկացման դիմաց կառավարությունը (իրականում՝ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ ոչ ոք չի էլ կասկածում, որ կառավարությունը ընդամենը նրա կամքը կատարող գործիք է) իր արդեն կասկածելի դարձած ռազմավարական գործընկերոջն է վաճառում այն միջոցները, որ միանգամայն շահավետ ու կայուն երաշխիքներով հնարավորություններ էին ստեղծելու Հայաստանի էներգետիկ անվտանգության համար: Ես չգիտեմ, միայն ենթադրել կարող եմ, թե ինչի դիմաց է նախագահը պետության ունեցվածքը նվիրում այլ երկրի ու դեռ երեսպաշտորեն պարծենում՝ տեսա՞ք ինչ արեցի, ձեր գրպանի փողերը ոնց փրկեցի: Մնում է տարակուսած հարցնել, իսկ կովկասյան վագրը ինչո՞ւ այդքան արագ վախեցած կատու դարձավ: Ես գտնում եմ, որ այս գործարքը եւ քաղաքական, եւ տնտեսական առումով ընդամենը մեկ օղակն է ամենաանհաջող այն գործարքների, որ սկսվում են «ԱրմենՏելից» ու չեն ավարտվելու, քանի դեռ Հայաստանում մի թիզ հող կամ մի անտեր տուն է մնացել: – Փաստորեն, դուք դեմ եք գործարքին, բայց փոխարենը ի՞նչ եք առաջարկում՝ դարձյա՞լ հեղափոխություն: – Եթե այլ տարբերակ կա, որ Հայաստանն ու Երեւանը մաս-մաս օտարին չնվիրվեն ու ոչ միայն հայերիս ու Հայաստանի ներկան, այլեւ ապագան՝ ժամ առ ժամ չվաճառվեն ու իշխանությունների գրպանում չտեղակայվեն, ինքներդ առաջարկեք: Ու՝ իրականացրեք, ես կմիանամ ձեզ: Կարծում եմ, վստահ եք, որ երեք տարի հետո երկիրը կարող է դատարկվել, բայց չի վերանալու: Ընդամենը երեք տարուց գազի սակագինը բարձրանալու է, ի՞նչ մեխանիզմներ են ստեղծվելու այդ երեք տարում, ապահովելու՝ բարձրացած սակագնի դեպքում սպառողի վճարունակությունը: Մենք բոլորս ականատես եղանք շատ տարբեր ու իրարամերժ լրատվության, նախ՝ Հրազդանի ՋԷԿ-ը, հետո՝ Իրան-Հայաստան գազամուղի բաժնետոմսերը, հետո՝ էլի ինչ-որ բան: Գիտե՞ք, տասնյակ հիմքեր ունենալով չվստահել այս պետությանը, ես չեմ կարծում, որ ռուսական կողմն է «շփոթվել», ես ավելի հակված եմ հավատալ, որ գործարքը ուղղակի գաղտնազերծման տարբեր փուլեր ունի, որը սխալմամբ կամ անփութությամբ ռուսական կողմը հաշվի չի առել: Եվ մի գեղեցիկ ու տխուր օր բոլորս հանկարծ իմանալու ենք, որ երեք տարվա «էժան» սակագնի դիմաց զրկվել ենք ոչ միայն Հրազդանի ՋԷԿ-ից, այլեւ՝ Իրան-Հայաստան գազատարի բաժնետոմսերից: Ի դեպ, եթե դա հանձնվում է ռուսական կողմին, նշանակում է, որ ռուսական կողմը ցանկացած պահի, իբրեւ իր սեփականություն, կարող է գազատարի «վթարի», «տեխնիկական անսարքության» եւ այլ պատճառներով փակել իրանական գազի մուտքը Հայաստան եւ Հայաստանով՝ այլ երկրներ: Որ դա կարվի՝ ապացույց Վերին Լարսը, ապացույց՝ հունվարյան «գազային պատերազմը», վերջապես՝ Բելառուսի համար գազի սակագնի եռապատկումը: Ոչ մի տերություն իր պետական շահերը չի ստորադասելու որեւէ այլ, այն էլ ֆորպոստային պետության շահերի: Սա աքսիոմա է: Թեեւ աքսիոմաները չեն ապացուցվում, բայց «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը իր լիակատար ձախողումներով կարող է նաեւ աքսիոմայի ապացույց ծառայել: Հայաստանի այսօրվա իշխանությունը ավելիին ընդունակ չէ եւ չի լինելու: – Այդ դեպքում ելքերը որո՞նք են, ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը: – Քաղաքակիրթ երկրներում ընդդիմությունը եւ իշխանությունը միմյանց հերթագայող քաղաքական ուժեր են, որ ժողովրդի ազատ ընտրությամբ ստանձնում են իշխանությունը՝ ժողովրդին ծառայելու եւ իրենց ծրագրերը իրականացնելու համար: Մեր երկրում իշխանությունը ընդդիմությանը համարում է իր թշնամին եւ իր ամբողջ մամլիչ մեխանիզմը ծառայեցնում է ընդդիմությանը նաեւ ժողովրդի թշնամի ներկայացնելու «սուրբ» խնդրի լուծմանը: Ցավոք: Այսօր մենք միայն կարող ենք դեմ լինել այդ ամենին: Իսկ վաղը… Ես ուղղակի ասեմ, որ մեր կուսակցությունը արդեն իսկ մշակում է ազգայնացման մասին օրենքի նախագիծ, որովհետեւ, երբ գոյություն ունի օրենք՝ ապապետականացման եւ սեփականաշնորհման մասին, դրա չարաշահումներից խուսափելու լավագույն տարբերակը ազգայնացման մասին հակակշիռ օրենքի ընդունումն է, որը հնարավորություն կտա բոլոր ապօրինի գործարքները չեղյալ հայտարարել, անկախ նրանից, թե ով, երբ եւ ինչի է տիրացել: Անհատից սկսած մինչեւ իրավաբանական անձ կամ պետություն: – Ժամանակին դուք իշխանություններին ձեռք մեկնեցիք Արցախի հարցի լուծման առումով, որեւէ արձագանք ստացե՞լ եք այս ընթացքում: – Ոչ մի: Աստված իրենց հետ: Խոսվում է փոխզիջումային լուծումներից: Համաձայն ենք: Փոխզիջումը նաեւ փոխշահավետություն է ենթադրում: Ո՞ւր է: Ինչ-որ չի երեւում, իսկ առաջարկվող տարբերակներում ակնհայտ է Ադրբեջանի շահը: Քանի որ հիմա Պահքի շրջան է, ուզում եմ հիշեցնել «Աստվածաշունչը». «Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ: Ամենայն ծառ, որ բարի պտուղ չի տալիս՝ կտրվում եւ կրակն է նետվում»: Բավականին դաժան, բայց արդարացի դատավճիռ է: Մանավանդ, երբ այդ ծառը վտանգում է նաեւ նոր, առողջ ծառերի զարգացումը, գրավում է նրանց տարածքը: Իսկ խոշոր հաշվով՝ կկարողանա՞նք վնասազերծել չարիքի արմատը, ուրեմն նաեւ կկարողանանք նպաստավոր արդյունք ապահովել, չե՞նք կարողանա՝ հայոց հողը կշարունակի դատարկվել, կկորցնենք էս եղած պետությունն էլ ու կդառնանք օտար ափերում լացակումած կենացներ ասող ժողովուրդ: Համոզված եմ՝ կարողանալու ենք: – 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ի՞նչ տեսք կունենա քաղաքական դաշտը: – 2007-ի ընտրություններից խոսելը դեռ վաղ է, դա իշխանությունների դաշտն է, իշխանություններն են պատրաստվում այդ ընտրություններին, բայց վստահ եմ, դա իմիտացիա է: Իրականում 2006-ը շատ ավելի լուրջ խնդիր է դրել մեր երկրի եւ տարածաշրջանի առաջ, քանի որ Ղարաբաղի հիմնահարցի լուծման տարի է համարվել: Եվ այս տարի մայիսին, ամենայն հավանականությամբ, երկու նախագահները նորից հանդիպելու են: Բոլոր կուսակցություններն էլ սպասելու են այդ հանդիպման ելքին, իշխանականները՝ ավելի շատ, որովհետեւ չգիտեն, թե ի՞նչ է լինելու դրանից հետո, որովհետեւ չգիտեն, թե այդ հանդիպումից հետո ո՞ւմ հետ իրենք կմիավորվեն եւ ո՞ւմ շահերը կպաշտպանեն: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել