Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Ապրիլ 12,2006 00:00

Մնաց չորս կարեւոր տուր

Կուշադասիում (Թուրքիա) շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունների մասնակիցներն այսօր վերսկսում են պայքարը:

Միակ հանգստյան օրվա նախօրեին կայացած 7-րդ տուրում տղամարդկանց մրցաշարի առաջատարների խմբում ընթացող գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը սպիտակներով միավորը բաժանեց ռուսաստանցի Վլադիմիր Բելովի հետ, կես միավոր վաստակեց նաեւ Տիգրան Պետրոսյանը, որի մրցակիցը հույն Աթանասիոս Մաստրովասիլիսն էր: Տիգրան Քոթանջյանը պարտության մատնեց լյուքսեմբուրգցի Ալբերտո Դավիդին, իսկ Արտաշես Մինասյանը առավելության հասավ իր հայրենակից Արման Փաշիկյանի նկատմամբ:

Յոթ տուրից հետո Աշոտ Անաստասյանը 5,0 միավորով հինգերորդն է: 4,5-ական միավոր են վաստակել Արտաշես Մինասյանն ու Տիգրան Քոթանջյանը, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 17-րդ եւ 25-րդ հորիզոնականները: Հավասար՝ 3,5-ական միավոր ունեն 65-րդ եւ 76-րդ տեղերում ընթացող Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը:

Մեր աղջիկներից հաջող է հանդես գալիս բազմափորձ Էլինա Դանիելյանը, որը 7-րդ տուրում ոչ-ոքի արեց Մայա Լոմինեիշվիլիի հետ: Լիլիթ Մկրտչյանը հաղթեց թրքուհի Կուբրա Օզթուրքին: Նրա հաջողությունը կրկնեց Նելլի Աղինյանը՝ պարտության մատնելով ադրբեջանցի Աֆագ Խուդավերդիեւային: Միայն Սիրանուշ Անդրիասյանը զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Կուրսովային: Հայ շախմատիստները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. 8. Էլինա Դանիելյան՝ 5,0 միավոր, 41. Լիլիթ Մկրտչյան՝ 4,0, 52. Սիրանուշ Անդրիասյան՝ 3,5, 57. Նելլի Աղինյան՝ 3,5:

Լրագրողները մեկնում են ֆուտբոլ խաղալու

Ապրիլի 14-ին ֆուտբոլի Հայաստանի լրագրողների հավաքականը ՀՀ նախագահի հովան ներքո մեկնում է Օդեսա՝ մասնակցելու Հայրենական պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 61-րդ տարեդարձին:

Մրցաշարին մասնակցելու նախնական հայտ, բացի Հայաստանի ժուռնալիստներից, ներկայացրել են նաեւ Օդեսայի, Մինսկի, Քիշնեւի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Նիկոլաեւի լրագրողական թիմերը: Մրցաշարն ընթանալու է շրջանաձեւ մրցակարգով եւ ավարտվելու է ապրիլի 16-ին: Մեր հանրապետության լրագրողներն այդ մրցաշարերի մշտական մասնակիցներն են (միակ բացառությունը եղել է 2000 թվականին, այն անցկացվում էր Բաքվում) եւ հասել են շոշափելի արդյունքների: Անցած տարի նրանք նույն Օդեսայից տուն վերադարձան երրորդ մրցանակով, իսկ 2002-ին հարազատ հարկի տակ նվաճել են հաղթողի կոչումը: Հուսանք, որ հաջողությունն այս անգամ էլ կժպտա հայ լրագրողների հավաքականին:

Վախթանգից վախենո՞ւմ է

Թեթեւագույն քաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Օմար Նարվաեսը հրաժարվել է նույն քաշային կարգում IBF-ի աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի հետ միավորող մենամարտից, որը նշանակված էր հունիսի 3-ին:

«Նարվաեսն այդ մենամարտի համար կստանար իր մարզական կարիերայի մեջ ամենաբարձր հոնորարը եւ մենք ստացել էինք նրա արգենտինացի պրոումոթերի ու երեք մենեջերների համաձայնությունը: Սակայն Նարվաեսի ֆրանսիացի պրոումոթերները՝ Ակարյե եղբայրները իրենց համաձայնությունը չտվեցին, քանի որ գիտակցում են, որ իրենց բռնցքամարտիկը Վախթանգի հետ մարտում հաղթանակի ոչ մի շանս չունի»,- լրատվամիջոցներին հայտարարել է Դարչինյանի մենեջեր Էդուարդ Ղումաշյանը եւ ավելացրել. «Եթե Նարվաեսը առաջիկա երեք-չորս ամիսներին չհամաձայնի մենամարտել Վիկի հետ, բացառված չէ, որ կկորցնի իր տիտղոսը: Ներկա պահին հայ բռնցքամարտիկի ամենահավանական մրցակիցը Լուիս Մալդոնադոն է, որը ոչ մի պարտություն չունի»:

Փախուստը նախապես կազմակերպված էր

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի թխամորթ խաղացողներ Ապուլա Բետեի եւ Կառլ Լոմբեի գործը, կարծես, հետաքրքիր զարգացումներ է ստանում: «ՌԵԳՆՈՒՄ» գործակալությանը վստահելի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստների փախուստի մեջ, մասնավորապես, խառնված է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության այս տարվա քառորդ եզրափակիչի մասնակից Ռումինիայի Բուխարեստ քաղաքի «Ռապիդ» ակումբի մարզական տնօրեն Միհայ Ստոյկան, ով Հայաստանի ազգային հավաքականում ու «Փյունիկում» աշխատում էր որպես երկրորդ մարզիչ:

Կազմակերպելով ֆուտբոլիստների փախուստը Ռումինիա՝ «Ռապիդի» ներկայացուցիչները նրանց հետ պայմանագիր ստորագրել են՝ փաստաթղթեր կեղծելով: «ՌԵԳՆՈՒՄԻ» աղբյուրի տեղեկացմամբ, փաստաթղթերի կեղծման մասին տեղեկացրել է խաղացողների փաստաբանը:

Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել