Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՇՏ Է ԱՇԽԱՏԵԼ ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ՀԵՏ»

Ապրիլ 12,2006 00:00

Այս
կարծիքին է իտալացի ճանաչված սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Այսօր Կոմիտասի
անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի
համերգը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Արամ Ղարաբեկյան): Նվագախումբը
կղեկավարի Մոսկվայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր
Կոնստանտին Օրբելյանը: Մենակատարներն են սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին (Իտալիա),
դաշնակահար Բասինիա Շուլմանը (Ռուսաստան): Ֆեդերիկո Մոնդելչին սիրով հարցազրույց
տվեց «Առավոտին»: – Դուք իբրեւ մենակատար ելույթներ եք ունեցել Իտալիայի լավագույն
նվագախմբերի հետ, համագործակցում եք նաեւ Մոսկվայի կամերային նվագախմբի հետ, ի՞նչ
կարծիքի եք Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասին: – Այս նվագախմբի
հետ ինձ շատ ազատ եմ զգում, շատ կոմֆորտ նվագախումբ է, հեշտ է աշխատել նրա հետ: Ընդամենը
երկրորդ փորձից տպավորություն ունեի՝ կարծես տեւական ժամանակ աշխատել էի Հայաստանի
Կամերայինի հետ: Շատ կցանկանայի ձայնասկավառակ թողարկել, որովհետեւ ձեր երաժիշտներն
ուղղակի հիանալի են նվագում: – Լայն հասարակության (խոսքը մասնագետների մասին
չէ) մոտ սաքսոֆոնը ասոցացվում է ջազի հետ: Համաձա՞յն եք այս դիտարկման հետ: –
Սաքսոֆոնը դասական երաժշտական գործիք է, ինչպես դաշնամուրը, կլարնետը, ջութակը, թավջութակը:
Տարբերությունն այն է, որ մյուս գործիքների համար շատ ստեղծագործություններ են գրված՝
Մոցարտի, Բեթհովենի ու այլ կոմպոզիտորների կողմից: Ինչ խոսք, սաքսոֆոնի համար էլ
կա դասական ռեպերտուար, սակայն այն այնքան մեծ չէ, քանի որ սաքսոֆոնը հին գործիք
չէ: Ինչ վերաբերում է ջազին, այն նախ մեծ ռեպերտուար ունի, բացի այդ՝ սաքսոֆոնը իսկապես
ջազում շատ է ներգրավված, հետեւաբար այդ գործիքը ասոցացվում է ջազի հետ: –
Ձեր խոսքում էլ հնչեց, որ սաքսոֆոնի համար գրված դասական գործերը քիչ են, դրա համար
էլ փոխադրումներ են արվում: Աստոր Պիացոլայի ստեղծագործությունների փոխադրումը՝ սաքսոֆոնի
համար դո՞ւք եք արել: – Ես աշխատել եմ անել այնպես, որ այդ ստեղծագործությունը
այնպիսի տեսք ունենա, ինչպիսին Պիացոլան կգրեր սաքսոֆոնի եւ նվագախմբի համար: Ես
աշխատել եմ ոչ միայն նոր տրանսկրիպցիա անել, այլեւ նոր շունչ եմ հաղորդել, արդյունքում՝
փոխադրումները տարբերվում են օրիգինալից: – Հետաքրքիր է՝ Իտալիայում այժմ
երիտասարդ կոմպոզիտորները սաքսոֆոնի համար գործեր գրո՞ւմ են: – Շատ կան այդպիսի
կոմպոզիտորներ: Ես անցյալ համերգաշրջանում նվագել եմ մի կոնցերտ, այս համերգաշրջանում
էլ Նոր Զելանդիայի նվագախմբի հետ կկատարեմ հատուկ ինձ համար գրված կոնցերտը: Նույնը
վերաբերում է նաեւ Ռոբերտո Մոլինելիի «Չորս պատկեր Նյու Յորքից» ստեղծագործությանը,
որի պրեմիերան կկայանա Երեւանում: – Սա Ձեր առաջին այցն է Հայաստան, ինչպիսի՞ն
են տպավորությունները: – Ես դեռ չեմ հասցրել տեսել Հայաստանը: Լսել եմ եւ
վստահ եմ, որ ձեր փոքրիկ երկիրը բազում գանձեր ունի, որոնք ցանկանում եմ անպայման
տեսնել: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել