Ըստ
պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, այդպես են Հայաստանում որոշ շրջանակներ վերաբերվում
Ռուսաստանին Երեկ Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տվեց 2005թ.
հունիսի 23-ին Մոսկվայում ստորագրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության
անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման մասին համաձայնագրում
ՀՀ ստանձնած պարտավորություններին: ՀՀ նախագահի լիազոր-ներկայացուցիչն էր պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանը, որը տեղեկացրեց, որ մեր սպաները պատրաստվում են ԱՄՆ-ում,
Իտալիայում, Չինաստանում, ավելի քան ՌԴ 45, Բելառուսի՝ 6 ուսումնական հաստատություններում,
60 մասնագիտությունների շրջանակում: Նախարարը տեղեկացրեց, որ նրանք 318-ն են եւ այս
տարի լրացուցիչ 56 կուրսանտ կուղարկվի անհատույց սովորելու: Ռազմական հաստատություններում
երկարաժամկետ սովորողներ չունենք, իսկ կարճաժամկետները հիմնականում Ռուսաստանում
են: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը զրուցեց լրագրողների հետ: Մասնավորապես, պատասխանելով
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ նախարարը նշեց, որ իր ծրագրերում չկա նախագահական
ընտրություններին «հիմիկվանից պատրաստվելու հարց»: «Իսկ մասնակցելո՞ւ»,- հետեւած
հարցին պատասխանեց. «Տեսնենք՝ ինչպես կլինի իրավիճակը խորհրդարանական ընտրություններից
հետո»: Նախարարը հերքեց նաեւ այն տեղեկատվությունը, թե իբր հայտարարել է,
որ «մոտ ժամանակներս» միանալու է քաղաքական ուժի՝ խորհրդարանական ընտրություններին
մասնակցելու համար: Այս կապակցությամբ նա ասաց. «Հիշում եմ, թե ինչ եմ ասել: Քաղաքական
պրոցեսները ընթանում են նորմալ, իմ ծրագրերին համապատասխան»: Ս. Սարգսյանը
անդրադարձավ նաեւ շփման գծում շարունակվող կրակոցներին, գազի գնի դիմաց ՌԴ-ի հետ
իրականացրած գործարքին: Վերջին դեպքում գործարքը համարեց նպաստավոր եւ տարօրինակ
դիտեց, որ «տեղից ելնողը այդ թեմայով խոսում է, չիմանալով, թե ինչ է նշանակում 5-րդ
բլոկը»: Նախ առաջարկեց լրատվամիջոցներին՝ խմբով գնալ-տեսնել 5-րդ բլոկը եւ ապա նկարագրեց
այն. «5-րդ բլոկը նման է 3 հարկանի տան, որի նկուղը կառուցված է եւ այլեւս ոչինչ
չկա: Մենք ավելի պատկերավոր փաստարկներ կբերենք 5-րդ բլոկի արժեքի եւ այս քայլի մասին:
Իսկ երբ որ մարդիկ իրենց դնելով գիտունիկների տեղ, ելույթ են ունենում եւ ասում,
թե 5-րդ բլոկը վերանորոգելու համար պետք է 150 մլն դոլար, իսկ թե որտեղից պետք է
վերցնես այդ 150 միլիոնը՝ չեն ասում: 5-րդ բլոկի վրա առնվազն պետք է ծախսել 180 մլն,
որպեսզի այն դառնա 5-րդ բլոկ: Այդ ծախսերը կփոխհատուցվեն ամենաքիչը 10 տարվա ընթացքում:
Լավագույն դեպքում մենք 2017թ. կունենայինք օգուտով աշխատող ձեռնարկություն: Իսկ
թե ինչպիսին կլիներ այդ օգուտը, գազը ինչքան կթանկանար, դա, ինչպես ասում են, միայն
Նոստրադամուսը կարող է ասել, թե 10-12 տարի հետո ինչ է լինելու»: Ըստ նախարարի, իրենք
չաշխատող ձեռնարկությունը նախընտրել են 250 մլն դոլարով վաճառել եւ ոչ թե սպասել,
թե «17 թվին քանի կոպեկ կարող ենք ունենալ»: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի
կարծիքով, արդարացված չէ, երբ տնտեսական գործարքներին խառնվում է քաղաքականությունը,
քանի որ արդյունքում չի ստացվում ոչ տնտեսություն, ոչ քաղաքականություն: Ըստ նրա,
կան հասարակական խմբեր եւ մարդիկ, որոնք Ռուսաստան բառը ընկալում են «ինչպես ցուլը՝
կարմիր գույնը»: Երբ հետեւեց հարց՝ արդյոք հակառուսական խմբերը ազդեցի՞կ են Հայաստանում,
պաշտպանության նախարարը պատասխանեց, որ նրանք «ոչ թե ազդեցիկ են, այլ ճղճղան»: Հասարակական
այն մտահոգություններին, թե արդյոք հնարավո՞ր է պատերազմ, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Ցանկացած երկրի պաշտպանության նախարար պիտի համարի, որ վաղը կամ երկու օր հետո սկսվելու
են ռազմական գործողություններ»: Այնուհետեւ նախարարը աճապարեց ՍԴ նիստերի դահլիճ՝
լրագրողներին հորդորելով «զինվել», բայց «համբերությամբ»: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ