Ռալֆ Յիրիկյանի ասածը տեխնիկական գծով աշխատողների
համար օրենք չէ՞ Նախորդ շաբաթ մի քանի օր շարունակ «ՎիվաՍելլի» ալո քարտի
բաժանորդների գումարային հաշվեկշիռը անսպասելիորեն զրոյանում էր: Բաժանորդը զանգ
կատարելու համար իր հաշվին ունենալով բավականաչափ գումար, երբ փորձում է հեռախոսահամար
հավաքել, բջջային օպերատորը հայտնում է, թե «ձեր հաշիվը չի բավականացնում, զանգ կատարելու
համար անհրաժեշտ է կատարել վերալիցքավորում»: Այս թյուրիմացությունը պարզելու համար
բաժանորդներին «ՎիվաՍելլի» սպասարկման կետերում հանգստացնում են, թե ցանցում տեխնիկական
խնդիրներ կան եւ որ մի քանի օրից հաշիվը կվերականգնեն, քանի որ իրենց տվյալների բազայում
գումարները պահպանված են: Ավելին՝ տուժած բաժանորդներին խորհուրդ էին տալիս այդ մի
քանի օրը վերալիցքավորում չկատարել, որպեսզի կրկին չզրոյանա: «Առավոտի» հարցմանն
ի պատասխան՝ ընկերության լրատվական ծառայության ղեկավար Միհրան Սահակյանը չժխտեց,
որ նման խնդիր կա, սակայն այն կապեց ցանցի տեխնիկական վերազինման հետ. «ՎիվաՍելլը»
պարբերաբար ցանցը էլ ավելի բարելավելու համար տեխնիկական աշխատանքներ է կատարում
եւ այդ ընթացքում չի բացառվում, որ նման խնդիրներ առաջանան: Բաժանորդների վճարած
գումարները չեն փոշիանալու եւ մի քանի օրից հետ կգնան տուժած բաժանորդների հաշվին»:
Փաստորեն, ստացվում է, որ բաժանորդները ժամանակ առ ժամանակ մի երկու օրով պետք է
բջջային հեռախոսից չօգտվեն, ինչ է թե՝ ընկերությունը ցանցն է բարելավում: Բացի այդ՝
հիշեցնենք, երբ վերջերս «ՎիվաՍելլի կապի որակը նկատելիորեն վատացավ, այս առնչությամբ
«Առավոտի» հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վստահեցրել էր,
որ ինքն արդեն զգուշացրել է տեխնիկական անձնակազմին, որ այսուհետեւ ցանցի բարելավման
աշխատանքները կատարեն գիշերվա ժամը 3-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը: Ի դեպ,
ապրիլի 5-ին հանրապետությունում խափանվել էր նաեւ ինտերնետ կապը: Այս առնչությամբ
«ԱրմենՏելից» հայտնեցին, որ պատճառը տեխնիկական է: Մեր տեղեկություններով, այդ օրը
Վրաստանում օպտիկամանրաթելային մալուխի հետ կապված պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարվել,
որը պետք է տեւեր ընդամենը երկու ժամ, մինչդեռ ժամը 16-17-ի դրությամբ ինտերնետը
չէր վերականգնվել: Ըստ մեր աղբյուրի, Վրաստանում իսկապես աշխատանքները տեւել են երկու
ժամ, ինչի մասին մի քանի օր առաջ ընկերությունը գրավոր տեղյակ է պահել ինտերնետ պրովայդերներին,
բայց այդ ընթացքում «ԱրմենՏելն» էլ իր հերթին է որոշել պրոֆիլակտիկա անել, ինչը գերազանցել
է Վրաստանի սահմանած երկու ժամը: Սեփ. լր.Հ.
Գ. Երեկ մենք տեղեկացանք, որ «ՎիվաՍելլը» ինչպես խոստացել էր, տուժած բաժանորդների
հաշիվները վերականգնել էր, բայց փաստորեն նրանք մի քանի օր կապից զրկված են եղել: