Խմե՛նք ռուս-վրացական եւ ռուս-մոլդովական բարեկամության կենացը
Վրացական եւ մոլդովական գինիների ներմուծումն իբր զուտ որակին առնչվող նկատառումներով արգելելու՝ ՌԴ վերջերս կայացրած որոշման մեջ քաղաքական բաղադրիչն այնպես է «զռում», որ արեւմտյան փորձագետներից մեկը Մոսկվայի այդ դեմարշն իրավացիորեն որակել է «մանր ստորություն»: Իսկապես. Կրեմլն իրեն անհնազանդ երկրներին պատժելու շատ ավելի «բարձր տեխնոլոգիաների» է տիրապետում, եւ հանգամանքը, որ այնտեղ «գազային» մտրակից (որը դեռ էլի մի կերպ կարելի էր շուկայական «սոուսով» ուտեցնել) անցել են «գինու» մտրակին (որն, ինչպես հայտնի է, վրացական եւ մոլդովական թույլ տնտեսությունների համար բավական զգայուն է), թերեւս խոսում է այն մասին, որ Մոսկվան արդեն թեւակոխել է «առանց կանոնների կռվի» փուլ եւ իր, մեղմ ասած, ոչ այնքան բարեպաշտ նպատակներին հասնելու միջոցների մեջ այլեւս խտրություն չի դնում: Ռուսաստանում չեն էլ թաքցնում, որ իրենց առջեւ սողալուց «լկտիաբար» հրաժարվածների ապրանքը չեն գնում հենց քաղաքական պատճառներով: Վկա՝ կրեմլյան քաղաքականությունն իր ողջ մերկությամբ ակամա ներկայացնող ռուսական համազգային հ/ը-ների «նեյնիմներն» այն մասին, թե ինչ լավ բան է ԱՊՀ-ի կամ գոնե դրա մի մասի վրա տնտեսական ունի-տարածք ձեւավորելը, քանզի այդ դեպքում նախկին եղբայրակիցների անմրցունակ զիբիլը մատչելի գներով կնաղդվեր հենց «ներքին»՝ հարազատ շուկայում: Իսկ այդ ողջ ալոգիկ հեքիաթը, փաստորեն, ուղեկցվում է «Զիբիլ է, բայց մեր զիբիլն է» հուզիչ ու միաժամանակ ծայրահեղորեն տխմար կարգախոսով:
Մինչդեռ առնվազն վրացական գինիների պարագայում՝ ինչից-ինչից, բայց որակից կպչելը ռուսների կողմից հաստատ «գյադայություն» էր: Ասացե՜ք, խնդրեմ. Ռուսաստանում այդ գինիների մեջ թունավոր նյութեր են գտել: Թվում էր, թե «առանց կանոնների կռիվն էլ» պետք է, այնուամենայնիվ, ինչ-որ կանոնների ենթարկվեր, ու գոնե քաղաքակիրթ հանրության առջեւ ավարտված կրետինի տպավորություն չթողնելու համար կրեմլյան ֆունկցիոներները հերթական «փիսությունը» կենսակոչելու հարցում ավելի հաջող բան պետք է մտածեին: Ախր ծիծաղելի է. վրացական գինու ներմուծումն արգելում է մի երկիր, որտեղ մինչ բոլորովին վերջերս այդ նույն գինիներն առանց չափազանցության պաշտամունքի առարկա էին եւ ամեն առիթով փառաբանվում էին նույն պուտինյան հեռուստաալիքներով: Ու հետն էլ ինչ են ասում. որակը լավը չի: Եվ դա այն սպառման շուկայում, որտեղ գնվում եւ խմվում են Մենդելեեւի աղյուսակի գրեթե բոլոր տարրերից պատրաստված ալկոհոլամերձ հեղուկները: Եվ «չգիտես ինչու», ռուսներին վրացական ու մոլդովական գինիների դիվերսիայից փրկելու այս ակտը տեղի է ունենում ճիշտ այն պահին, երբ խիստ սրվում են Մոսկվա-Թբիլիսի, Մոսկվա-Քիշնեւ հարաբերությունները: Թեեւ, իհարկե՝ տրետյակովների կամ զատուլինների համար նման «մանրուքները» լուրջ փաստարկ համարվել չեն կարող:
Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ վրացական գինու հետ կապված քաղաքական խեղկատակություններից հետո Վրաստանին ԱՊՀ-ում այլեւս ոչինչ չի պահում:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ