Սեփականաշնորհման
շուրջ ՕԵԿ-ի եւ ընդդիմության բացահայտումներին ի պատասխան Երեկ ողջ օրը ԱԺ-ն
քննարկեց Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ.-ի ծրագրի կատարման հաշվետվությունը,
որը ներկայացրեց Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ
Կարինե Կիրակոսյանը: 2001-2003-ին նա չի ղեկավարել այդ վարչությունը, եւ «Ազգային
միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը նկատեց՝ միշտ զեկույցը ներկայացնում
են մարդիկ, ովքեր կապ չունեն տվյալ ժամանակահատվածում կատարված թալանի հետ. «Ցավալի
է, բայց երբ խորհրդարանում քննարկվի 2005-2007-ի մասնավորեցման ծրագրի հաշվետվությունը՝
այդ ժամանակ էլ Դուք ներկա չեք լինի դահլիճում»: Կարինե Կիրակոսյանի ներկայացրած
հաշվետվության համաձայն՝ գերակայել են ուղղակի վաճառքի եւ մրցույթի ձեւով մասնավորեցման
գործարքները: 2004-ին սեփականաշնորհված 69 ընկերություններից 48-ը վաճառվել են ուղղակի
վաճառքի ձեւով, 15-ը՝ մրցույթով, 6 ընկերություն մասնավորեցվել է աճուրդով: Ուղղակի
վաճառքի ձեւով մասնավորեցված ընկերությունների գերակշիռ մասը վաճառվել է դրանց աշխատավորական
կոլեկտիվներին, 17-ը՝ նախօրոք հայտնի գնորդներին: «Դրոշակ են սարքել աշխատավորական
կոլեկտիվներին,- ելույթում նշեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:-
Հայ իրականության մեջ աշխատավորական կոլեկտիվների անվան տակ տվյալ օբյեկտի փաստացի
սեփականատեր է դառնում, ի վերջո, շեֆը»: Անդրադարձավ նաեւ նախօրոք հայտնի գնորդներին
վաճառքին՝ պնդելով, թե այս դեպքում էլ, որպես կանոն, գործում է կա՛մ «ծանոթ-բարեկամների»,
կա՛մ էլ կաշառքի գործոնը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղելով
Կարինե Կիրակոսյանին՝ պնդեց, թե իրեն հայտնի է ապօրինի սեփականաշնորհման դեպք, երբ
մեկից ավելի հայտերի պարագայում կատարվել է ուղղակի վաճառք: Եվ հետաքրքրվեց, թե նման
դեպքում ո՞րն է Պետական գույքի կառավարման վարչության պետի դերը, չէ՞ որ այդ պաշտոնին
նշանակվում են պետական սեփականությունը պաշտպանելու համար: Կարինե Կիրակոսյանն ի
պատասխան ասաց, թե հասկանում է՝ խոսքը որ ընկերության մասին է (ըստ ամենայնի՝ «Պարեն»-ի-
Ա. Ի.), եւ արդարացավ, թե այդ գործն այժմ դատարանում է: «Սեփականաշնորհումն ինչո՞ւ
օրենքի շրջանակներում չի կատարվել, որ դատարաններում լուծվի,- չհամաձայնեց պրն Սուքիասյանը:-
Պարզ է, որ դատարանները լավագույն ձեւն են մի քանի տարի ձգձգելու եւ վերջնական արդյունքում
անելու այն՝ ինչ ցանկացել են անել»: Ընդհանրապես, երեկվա քննարկման ընթացքում
շատ հնչեցին գնահատվածից անհամեմատ էժան վաճառված կամ, ինչպես սիրում է որակել ընդդիմությունը՝
«ջրի գնով» սեփականաշնորհված ընկերությունների անուններ: Ամենաշատը հնչեց «Օրբիտա»
ձեռնարկության անունը, որը գնահատվել է 3 մլրդ 212 մլն դրամ, բայց վաճառվել է 116
մլն դրամով: Կարինե Կիրակոսյանի պարզաբանումն էր, թե գույքի գնահատված արժեքն ընդամենը
կողմնորոշիչ է եւ կապ չունի վաճառքի գնի հետ: «Օրբիտա»-ի մասին տեղեկությունն առաջինը
նշած ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հավելեց, թե «Օրբիտա»-ի գնորդներն
իրենց պայմանագրային պարտավորություններն էլ չեն կատարել եւ կնքվել է նոր պայմանագիր:
Նրա վկայակոչած այլ փաստերն էին. «Հայջրնախագիծ» ընկերության Վաղարշյան փողոցի վրա
գտնվող տարածքները վաճառվել են 1 քառ. մետրը՝ 26-30 դոլարով, «Հայհիդրոշիննախագիծ»
ՓԲԸ-ի Աճառյան փողոցի տարածքները՝ 10-12 դոլարով: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը
հետաքրքրվեց, թե ի՞նչ կարգի համաձայն է, որ Երեւանի նույն թաղամասում 1 քմ տարածքը
վաճառվում է մի դեպքում՝ 1000 դրամով, մյուս դեպքում՝ 100 000 դրամով: Եվ խոստացավ,
թե իր ելույթում կմատնանշի օբյեկտների օրինակները: Կարինե Կիրակոսյանը տեղեկացրեց,
որ վաճառքի գինը որոշվում է՝ գնահատելով ընկերության տնտեսական գործունեության ցուցանիշները,
ակտիվները, պարտավորությունները: Ըստ այդմ, նույն տարածքում գտնվող տարբեր ձեռնարկություններ
կարող են վաճառվել տարբեր գներով: Մեջբերենք այլ օրինակներ. այս անգամ՝ «Արդարություն»
խմբակցության քարտուղարի ելույթից: «Լույս» հրատարակչությունը 10 մլն 825 հազար դրամով
է սեփականաշնորհվել, այն դեպքում, երբ ձեռնարկության ակտիվների գնահատված արժեքը
106 մլն է: «ՆԻԻ-Ալֆա» ՓԲԸ կոմպրեսորային կայանի եւ արտադրական մասնաշենքի (գտնվում
է Շրջանայինում) ակտիվները գնահատվել են 125 մլն 674 հազար դրամ, սակայն վաճառվել
է 31 մլն 419 հազարով, այսինքն՝ 4 անգամ էժան։ Քննարկումը կավարտվի այսօր՝
ելույթ կունենան խմբակցությունների ներկայացուցիչները: Իսկ երեկ այս բոլոր փաստերն
անարձագանք թողած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողներին այս ամենը
բացատրում էր նախընտրական տարվա իրողություններով, պնդելով, թե չեն եղել ապօրինի
գործարքներ, եւ եթե դրանց մասին հայտնի է՝ պարտավոր էին տեղյակ պահել իրավապահներին:
«Սա քննադատություն չէ, այլ որոշակի իմիտացիա՝ արդարամիտ երեւալու համար,- «Առավոտին»
ասաց պրն Սահակյանը:- Յուրաքանչյուր քաղաքական թիմ արտահայտում է իր տեսակետը. ազատական
տնտեսության կողմնակիցները սոցիալիստական երանգներով ելույթներ չեն ունենում՝ կա՛մ
լռում են, կա՛մ համր ձեւով ժպտում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ