Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻԻ

Ապրիլ 11,2006 00:00

ԳՅՈՒՄՐԻԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է Իսկ գնորդները քաղաքի օլիգարխներն են Գյումրիի քաղաքապետարանը որոշել է քաղաքապատկան հողերը աճուրդ- վաճառքի հանել՝ բնակարանաշինական ծրագրերի պակասը լրացնելու համար: Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի մարզպետարանի քաղաքաշինության վարչության քաղաքաշինության բաժնի մասնագետները խստորեն քննադատում էին նման աճուրդ- վաճառքները՝ դժգոհելով, որ քաղաքի կենտրոնական հատվածները «զավթում» են՝ խոչընդոտելով բազմաբնակարան շենքերի կառուցմանը: Սակայն ի պատասխան «Առավոտի» հարցմանը՝ Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանն արդարացավ, թե իրենց մոտ կուտակված հսկայաքանակ դիմումների 90 տոկոսը անհատական բնակելի տներ կառուցելու թեմայով է: Իսկ իրենք քաղաքագլխի հանձնարարականով կարճ ժամանակահատվածում հասցրել են բավարարել 43 խնդրանք՝ անցած տարվա 11 -ի փոխարեն, այսինքն՝ խնդրատուների թիվը 4 անգամով ավելացել է: «Մինչեւ այսօր մեզ քաղաքաշինական կոնկրետ ծրագիր չեն տվել, որ մենք պատրաստ լինենք կամ նախատեսենք բազմահարկ բնակելի շենքերի կառուցում, իսկ քաղաքի կենտրոնը դատարկ թողնելը սխալ է»,- ասաց Հրայր Կարապետյանը՝ հավաստիացնելով, որ իրենց հողհատկացումները չեն հակասում քաղաքի գլխավոր հատակագծին, «Լինսիի» համար էլ «ռեզերվային» տարածքները լիքն են: Քաղաքապետարանի պաշտոնյան միաժամանակ փորձում է համոզել, որ դիմումատուները բացառապես անօթեւաններ են, 29 կետում հերթագրվածները, որոնք պետական շենքից բնակարան ստանալու հույսները լրիվ կորցրել են: Ավելին՝ ըստ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի, անհատական տներ կառուցողների մեծ հոսքը պայմանավորված է նաեւ սխալ բնակարանաբաշխումով: «Բնակարան բաժանելիս հատկացնում են կորցրած սենյակների թվով ու ստացվում է, որ աճող ընտանիքի պահանջները հաշվի չեն առնում, ստիպված մի եղբայրը ապրում է նոր ստացած տան, մյուսը՝ դոմիկի մեջ, էդ մարդիկ վերջ-առաջ տուն պտի կառուցե՞ն, թե՞ չէ, եթե ուզում են՝ ինչի՞ մերժենք»,- ասաց Հրայր Կարապետյանը: Մինչդեռ մարզպետարանի քաղաքաշինության վարչության որոշ մասնագետներ շարունակում են իրենց այն պնդումները, թե անօթեւանների ցանկում մնացել են միայն խեղճուկրակները, ու վերջիններս երբեւէ այդքան հնարավորություն չէին ունենա մեծ ծախսեր կատարել ու անհատական տներ կառուցել: Կարծիքներ կան, որ «Էդ հողերը միանշանակ քաղաքի լավ տղերքի համար են, եթե էդ անօթեւանները փող ունենային, վաղուց տուն ստացած կլինին, վաղը կտեսնեք, որ քաղաքում պալատաշինության մրցույթ կսկսվի, տոչնի հըմիկվա խանութաշինության պես»: Ի դեպ, քաղաքում կողք կողքի միաոճ սպասարկման օբյեկտներ կառուցելը քաղաքապետարանի պաշտոնյան բնական է համարում: «Դրանց քանակի ավել կամ պակաս լինելը մենք չենք որոշողը, դա շուկան է թելադրում, եթե Սովետմիության ժամանակ նորմեր կային, թե էսքան մարդուն էսքան խանութ է հասնում, էսօր չկա, եթե մարդը ցանկանում է սարքել՝ թող սարքի, ի՞նչ է եղել, դրանով լրացուցիչ աշխատատեղ ենք ստեղծում գյումրեցիների համար»,- ասում է Հրայր Կարապետյանը: Հավանաբար այդ տրամաբանությամբ էլ քաղաքապետարանը հողհատկացում է կատարել քաղաքի ամենակենտրոնական հատվածում՝ «Կինոհոկտեմբերի» ու եկեղեցու հարեւանությամբ: Մի քանի օր առաջ մեր օրաթերթը անդրադարձել էր այս խնդրին՝ դեռեւս այն ժամանակ ենթադրելով, որ քաղաքի օլիգարխներից մեկին՝ «Սուրիկ» անունով ՍՊԸ- ի ղեկավարին հատկացված տվյալ տարածքը, չի բացառվում, որ դառնա կամ գինետուն, կամ էլ հասարակաց տուն: Այս կապակցությամբ Հրայր Կարապետյանը պարզաբանեց, որ երկրաշարժից հետո էստոնացիները տվյալ տարածքում պետք է կառուցեին «Կինոհոկտեմբերի» շարունակությունը՝ դոկումենտալ կինոների դահլիճ, նախագիծը կար, սակայն Սովետի փլուզումից հետո ծրագիրն էլ հետը փակվեց: Ըստ Հրայր Կարապետյանի, տարածքը չէր կարող բաց մնալ ու այն հատկացվել է ոչ թե Սուրիկ Սամվելյանին, վերջինս ընդամենը ներկայացուցիչ է, այլ երեւանցի ամենախոշոր բիզնեսմեններից մեկին, որը պատրաստվում է կառուցել տեխնոլոգիաների՝ հեռուստացույցների, համակարգիչների վաճառքի կետ: Սակայն մեր հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ Հ. Կարապետյանի՝ երեւանցի բիզնեսմենի պատմությունը չի համապատասխանում իրականությանը, այդ տարածքը հենց Սուրիկ Սամվելյանինն է: Իսկ թե ո՞ր երեւանցուն է պատկանում Գյումրիի կենտրոնը, քաղաքապետարանի պաշտոնյան խուսափեց անուններ հիշատակելուց: Ըստ նրա, կարեւորն այն է, որ երեւանցին հսկա ներդրում է կատարում Գյումրիում, մեր քաղաքը կառուցապատվում է դրսի փողերով ու շենքի աջակողմյան պատը թե գույնով, թե ճարտարապետությամբ համաձայնեցվում է եկեղեցու հետ: Մարզպետարանի որոշ մասնագետների գնահատմամբ էլ՝ Գյումրիի քաղաքապետարանը ընդհանրապես ուշադրություն չի դարձնում կառույցների ճարտարապետական ներդաշնակությանը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել