Լրահոս
Օրվա լրահոսը

Միջուկային

Ապրիլ 11,2006 00:00

Միջուկային տագնապ Ամերիկյան առաջատար մամուլի էջերում օրերս հայտնված հաղորդումներն այն մասին, թե Իրանին հարվածելու հավանական միջոցների թվում Վաշինգթոնում քննարկվում է նաեւ տակտիկական միջուկային ռումբերի կիրառման հնարավորությունը, զգաստացրել են անգամ շատ բան տեսած բազմափորձ զինվորականներին: Մասնավորապես, «New Yorker» հանդեսը փոխանցում է, թե ԱՄՆ զինուժի շտաբերի հրամանատարների միացյալ կոմիտեում լուրջ տարաձայնություններ կան՝ կապված նման միջոցների գործադրման նպատակահարմարության հետ: Հանդեսի տվյալներով, իրադարձությունների վերը նշված սցենարով զարգացման հեռանկարի ազդեցության տակ մի շարք սպաներ անգամ սպառնացել են թողնել զինվորական ծառայությունը: «New Yorker»-ը, հղում անելով Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրներին, տեղեկացնում է նաեւ, թե օդային հետախուզության հատուկ խմբերն արդեն իսկ ճշգրտում են Իրանում ոչնչացվելիք թիրախների ցանկը: «The Washington Post»-ը եւս հաղորդումներ է հրապարակել այն մասին, թե Պենտագոնում եւ Կենտրոնական հետախուզական վարչությունում «ուսումնասիրվում են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունները»: Ըստ հեղինակավոր պարբերականի, նման ռիսկի ամենից առաջ ենթակա են Իսպահանի եւ Նաթանցի վարչական տարածքներում տեղակայված օբյեկտները: Նույն հրապարակման մեջ հաղորդվում է նաեւ, թե ցամաքային գործողություններ նախատեսված չեն եւ առայժմ քննարկվում է միայն տակտիկական միջուկային հարվածների նպատակահարմարությունը: Այս համատեքստում թերեւս արժե անդրադառնալ միջազգային մամուլի այն հիշատակումներին, որոնցում հստակեցվում է ԱՄՆ-ի կողմից Իրանում գործադրվելիք կոնկրետ ռումբի տեսակը: Այն է՝ B61-11: Փոքրիկ տեղեկանք. 300 կիլոտոն հզորության այս պայթուցիկ սարքը նախատեսված է ստորգետնյա բունկերների ոչնչացման համար եւ ի զորու է հիմնահատակ ավերել մինչեւ 50 մ եւ ավելի խորության տակ կառուցված բետոնե շինությունները: Որպեսզի ընթերցողն ավելի առարկայական պատկերացում կազմի B61-11-ի հնարավորությունների մասին, բավական է նշել միայն, որ այդ սոսկալի ռումբն իր ավերիչ ուժով շուրջ 200 անգամ գերազանցում է Հիրոսիմայի վրա գցված ռումբին: Իրանի «կասկածյալ» օբյեկտների դեմ վերը նկարագրված սցենարով արշավ ծավալելու մտադրությունը քննադատել է անգամ ԱՄՆ զինուժի կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Էնթոնի Զիննին: «Դա չափազանց հանդուգն քայլ կլիներ»,- ասել է գեներալը CNN-ին տված հարցազրույցում՝ հորդորելով զգուշանալ պատրանքներից, թե այդպիսի հրթիռակոծումներից հետո բոլոր խնդիրներն արագ եւ բարեհաջող լուծում կունենան: Այսպես թե այնպես, ամերիկյան մամուլում խմորվող այս խոսակցությունները խիստ մտահոգիչ են, քանզի խոսքը՝ ոչ ավել, ոչ պակաս, Հայաստանի անմիջական հարեւանությամբ ծավալվելիք միջուկային գործողությունների մասին է: Պատրա՞ստ ենք արդյոք նման զարգացումների: Հարցը, թերեւս, հռետորական է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել