Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մերոնց հերթական արկածները Ստրասբուրգում

Ապրիլ 11,2006 00:00

Մերոնց հերթական արկածները Ստրասբուրգում Երեկ սկսվեց ԵԽԽՎ առաջին լիագումար նիստը Ստրասբուրգում սկսված Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանին Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներից մեկնել են հինգը՝ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, «Արդարության» առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Պատվիրակության մյուս անդամները հավանաբար կորցրել են հետաքրքրությունը Ստրասբուրգի եւ եվրոպականի հանդեպ եւ այլեւս չեն մեկնում Ստրասբուրգ՝ հարցերը եվրոպական մակարդակով լուծելու համար: Նրանց, հավանաբար, մեր տեղական նշանակության հարցերն ավելի են հուզում: Երեկ սկսված առաջին լիագումար նիստի ժամանակ կոռուպցիայի խնդիրներին նվիրված հարցի քննարկումներին լիբերալ-դեմոկրատների խմբակցության անունից ելույթ է ունեցել «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, որը մասնավորապես ասել է, որ կոռուպցիայի դեմ ի զորու է պայքարել միայն լեգիտիմ իշխանությունը (ելույթի մասին ամբողջությամբ՝ առաջիկայում)։ Ի դեպ, Ստեփան Դեմիրճյանի ելույթը երեկվա նիստում տվյալ հարցի քննարկման շուրջ առաջինն էր։ Կոռուպցիայի մասին երեկ ելույթ է ունեցել նաեւ Արմեն Ռուստամյանը: Այսօրվա նիստում կքննարկվի Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը, որի ժամանակ էլ ելույթ կունենա «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը. «Ելույթում ես փորձելու եմ կապ գտնել այդ հիմնախնդրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածության միջեւ»,- «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը: Վերջինիս ներկայացմամբ, Իսրայել պետության ստեղծումից՝ 1948 թվականից ի վեր, այնտեղ չի մարում կրակը, եւ հիմա նույնը կբռնկվի Լեռնային Ղարաբաղում, որը 16 տարի առաջ փաստացի անկախացել է, սակայն միջազգային ճանաչում չի ստացել: Նստաշրջանի վերջին օրը՝ ապրիլի 13-ին, Եվրախորհրդում լսվելու է «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում տեղահանված անձինք եւ փախստականներ» զեկույցը, որը պատրաստել է Լատվիայի պատգամավոր Բորիս Չիլեւիչը: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել