Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՜ՆՉ

Ապրիլ 11,2006 00:00

Ի՜ՆՉ ԱՍԵՍ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ «ԷՍ ԵՐԿՐՈՒՄ» Էներգետիկայի եւ մասնավորեցման հարցերը երեկ առաջնային էին ԱԺ-ի համար, որն օրինագծերի քննարկմանն անցավ միայն երեկոյան: Գազի խնդիր Մինչ ժամը 15:30-ը խորհրդարանը դեռ փորձում էր հաստատել իր օրակարգը՝ երեք անգամ ընդմիջելով աշխատանքները, փորձելով լուծել մշտական դարձած քվորումի խնդիրը: Նույն պատճառով չհաջողվեց օրակարգում նոր հարցեր ներառել, եւ դուրս մնաց ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Իսկ ընդդիմադիրները շատ էին կարեւորում, որ այն ընդունվի հենց այս քառօրյայում: Առաջինն ընդմիջում խնդրեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, որն առաջարկեց ստեղծել «ԱԺ ժամանակավոր հանձնաժողով գազի սակագների բարձրացման հարցի եւ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի օտարման հետ կապված իրադարձությունների մասին ԱԺ-ին տեղեկանք ներկայացնելու համար»: 1 ամսվա ընթացքում այն պիտի ուսումնասիրի գազի սակագների բարձրացման մակարդակների հիմնավորվածությունը, Հրազդանի ՊՇԷԿ-ի օտարման պայմանների օրենսդրությանը համապատասխանությունը եւ այլն: Թերեւս ենթադրվում էր, թե 20 րոպեանոց ընդմիջման ընթացքում կհաջողվի հավաքել անհրաժեշտ ստորագրությունները: Սակայն երեկ այն ստորագրեցին ընդամենը 19 հոգի՝ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցություններից եւ անկախ պատգամավորներ Հմայակ Հովհաննիսյանը, Էմմա Խուդաբաշյանը եւ Մանուկ Գասպարյանը: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը մեր հարցին, թե միանալո՞ւ են այս նախաձեռնությանը՝ պատասխանեց. «Առայժմ կարդում ենք կառավարության որոշումը, տեսնենք՝ գործընթացը մեզ համար հասկանալի՞ է, թե՞ ոչ: Կմիանանք ստորագրահավաքին, եթե մեզ համար լինեն մութ կետեր»: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը չեն միանալու այս նախաձեռնությանը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Հանձնաժողով ստեղծելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Եթե կան խնդիրներ՝ կարելի է քննարկել խորհրդարանական լսումների եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հրավիրել էներգետիկայի նախարարին ԱԺ՝ իմանալու բոլոր մանրամասները: Մեզ համար ամեն ինչ պարզ է, հասկանալի: Էլ ի՞նչը քննարկենք»: Ատոմակայանի խնդիր Այս քառօրյայի օրակարգում է նաեւ «Էներգետիկայի մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունը, որով վերացվում է միջուկային էներգետիկայում պետական մենաշնորհը, եւ կառուցվելիք նոր ատոմակայանի բաժնետեր կարող են լինել նաեւ իրավաբանական անձինք: Սկզբնապես ՕԵԿ-ը դեմ էր արտահայտվում այս նախաձեռնությանը: Սակայն երեկ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե կառավարության փոփոխած նախագծում ներառվել են իրենց առաջարկները. «Նախորդ տեքստում բացակայում էր, իսկ հիմա նշված է, որ Մեծամորի ատոմակայանը ՀՀ պետական սեփականությունն է եւ մասնավորեցման ենթակա չէ»: Երկրորդ առաջարկն է, որ նոր կառուցվելիք ատոմակայանի վերաբերյալ անպայման պետք է ընդունվի հատուկ օրենք: «Ես սա համարում եմ քաղաքական լուրջ պայմանավորվածություն»,- ասաց ԱԺ նախագահը: «Արդարություն» խմբակցության պատգամավորներ Արամ Գ. Սարգսյանն ու Արշակ Սադոյանը նկատեցին, թե Մեծամորի ատոմակայանն առանց այդ էլ չէր սեփականաշնորհվելու՝ այն պետք է փակվի: Արթուր Բաղդասարյանն ի պատասխան նետեց, թե ինքը ուներ նման մտավախություն, քանի որ, ինչպես ասաց նա՝ «էս երկրում» սեփականաշնորհվել է ինչ ասես: Մասնավորեցման խնդիրներ ԱԺ նախագահը միանշանակ չի գնահատում Հրազդանի ՊՇԷԿ-ի մասնավորեցման գործարքը, որի վերաբերյալ լրագրողներին ասաց, թե այն պետք է դիտարկել քաղաքական, տնտեսական եւ սոցիալական, տեսանկյուններից. «Քաղաքական իմաստով, այո՛, մտահոգիչ է, որ մեր էներգետիկ հզորությունները կուտակվում են Ռուսաստանի ձեռքում: Սա նշանակում է, որ մենք պետք է մեծացնենք պետության կարգավորիչ գործառույթը: Մեր օրենքներն այդ հնարավորությունը տալիս են, որ պետությունն իրականացնի պատշաճ վերահսկողություն»: Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ տնտեսական իմաստով «ձեռնտու է, որ Հայաստանի տնտեսության մեջ 600 մլն դոլարի ուղղակի ներդրում է կատարվելու Ռուսաստանի կողմից: Գիտեք, որ Հայաստանն ունի 1 մլրդ դոլարի արտաքին պարտք: Եվս 150 մլն դոլարի պարտք վերցնելը՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վերագործարկելու համար, շքեղություն է երկրի համար: Եվ պակաս չափով չէր էլ քննադատվելու: Բացի դրանից՝ սոցիալական իմաստով էլ պակաս կարեւոր չէ, որ մինչեւ 2009-ը կունենանք գազի կանխատեսելի սակագներ եւ չի լինի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում»: Երեկ երեկոյան ԱԺ-ն վերջապես սկսեց քննարկել մի քանի անգամ նստաշրջանից-նստաշրջան տեղափոխված Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի կատարման հաշվետվությունը: Այն ներկայացնում էր Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը: Քննարկմանը ներկա էր հազիվ 20-25 պատգամավոր, որից 2-3-ը՝ ընդդիմադիր: Թերեւս սրա պատճառն այն էր, որ խորհրդարանական մեծամասնությունը բոյկոտելով քվեարկությունը՝ նախապես մերժել էր Վիկտոր Դալլաքյանի առաջարկները՝ ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի 2005-ի տարեկան զեկույցի, այնպես էլ Պետգույքի մասնավորեցման 2001-2003-ի ծրագրի կատարման հաշվետվության քննարկումները տեսագրելու եւ Հ1-ով ցուցադրելու վերաբերյալ: Կարինե Կիրակոսյանի 20 րոպե տեւած հաշվետվությունից հետո դահլիճում ներկա գրեթե բոլոր պատգամավորների մոտ հարցեր առաջացան, եւ 13-ը հերթագրվեցին հարցեր տալու համար: Ենթադրելի է, որ չնայած տեսախցիկների բացակայությանը՝ այսօր, այնուամենայնիվ, սեփականաշնորհման դեմ բուռն եւ կրքոտ ելույթներ կունենան ինչպես ընդդիմադիր, այնպես էլ ՕԵԿ պատգամավորները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել