Ըստ
կուսակցության, 5-րդ էներգաբլոկի վաճառքը ՌԴ-ին սոցիալական եւ տնտեսական առումով
լավ է, իսկ քաղաքական տեսակետից՝ ոչ այնքան: Շաբաթ օրը «Առավոտ» օրաթերթը
գրել էր, որ ես նշել եմ, թե Հրազդանի ՊՇԵԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասնավորեցումը ՌԴ-ին
համապատասխանում է ՀՀ շահերին, ինչը չի արտացոլում իրական դիրքորոշումը: Խնդրի
կարեւորությունից ելնելով՝ դրան անդրադարձել է նաեւ ԱԺ եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Ըստ ՕԵԿ-ի դիրքորոշման, տնտեսական տեսանկյունից առաջիկա տարիների ընթացքում կարեւոր
է, որ Հայաստանում կկատարվի ավելի քան 600 միլիոն դոլարի ուղղակի ներդրում էներգետիկայի
բնագավառում, որի արդյունքում մենք կկարողանանք առավել չափով դառնալ էլեկտրաէներգիա
արտահանող երկիր: Սոցիալական տեսանկյունից գործարքի արդյունքում հնարավորություն
կստեղծվի, որ մինչեւ 2009 թվականը Հայաստանում գազի գնի բարձրացումը լինի շատ չնչին,
էլեկտրաէներգիայի գնի բարձրացում տեղի չի ունենա: Սա մեր ժողովրդի եւ արդյունաբերական
ձեռնարկությունների համար ունի շատ կարեւոր նշանակություն: Ձեռնարկությունները պահպանելով
արտադրանքի ցածր գները՝ կկարողանան ապահովել արտահանում, աշխատատեղեր պահպանելով:
Սոցիալական առումով հասարակության մեջ կար լուրջ անհանգստություն՝ գազի գների բարձրացման
եւ դրա հետեւանքով ընդհանուր գների թանկացման: Քաղաքական առումով պետությունը
պետք է ունենա կարգավորիչ, վերահսկիչ բավարար գործառույթներ, պետական վերահսկողությունը
պետք է լինի պատշաճ մակարդակի վրա եւ վերահսկի, էներգետիկ համակարգը, հատկապես ստրատեգիական
բնույթի սուբյեկտների գործունեությունը: Մենք բազմիցս արտահայտվել ենք, որ ազգային
անվտանգության եւ էներգետիկ անկախության տեսակետից պետությունը պետք է ունենա վերահսկողության
եւ կառավարման որոշիչ լծակներ: Մենք պետք է շարունակենք էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման
քաղաքականությունը ԵՄ-ի, միջազգային այլ կառույցների եւ արեւմտյան աշխարհի հետ, խրախուսենք
Հայաստանում այլընտրանքային էներգետիկ հզորությունների զարգացումը՝ փոքր ՀԷԿ-եր,
հողմային էներգետիկա եւ այլն: ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ ԱԺ Պաշտպանության,
ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Նշենք,
որ վերոհիշյալ լուրը «Առավոտը» վերցրել է «Նոյյան տապանի» ուրբաթ օրվա լրահոսից: