Միջուկային
տագնապ Ամերիկյան առաջատար մամուլի էջերում օրերս հայտնված
հաղորդումներն այն մասին, թե Իրանին հարվածելու հավանական միջոցների թվում Վաշինգթոնում
քննարկվում է նաեւ տակտիկական միջուկային ռումբերի կիրառման հնարավորությունը, զգաստացրել
են անգամ շատ բան տեսած բազմափորձ զինվորականներին: Մասնավորապես, «New Yorker»
հանդեսը փոխանցում է, թե ԱՄՆ զինուժի շտաբերի հրամանատարների միացյալ կոմիտեում լուրջ
տարաձայնություններ կան՝ կապված նման միջոցների գործադրման նպատակահարմարության հետ:
Հանդեսի տվյալներով, իրադարձությունների վերը նշված սցենարով զարգացման հեռանկարի
ազդեցության տակ մի շարք սպաներ անգամ սպառնացել են թողնել զինվորական ծառայությունը:
«New Yorker»-ը, հղում անելով Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրներին, տեղեկացնում
է նաեւ, թե օդային հետախուզության հատուկ խմբերն արդեն իսկ ճշգրտում են Իրանում ոչնչացվելիք
թիրախների ցանկը: «The Washington Post»-ը եւս հաղորդումներ է հրապարակել այն մասին,
թե Պենտագոնում եւ Կենտրոնական հետախուզական վարչությունում «ուսումնասիրվում են
Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունները»: Ըստ հեղինակավոր
պարբերականի, նման ռիսկի ամենից առաջ ենթակա են Իսպահանի եւ Նաթանցի վարչական տարածքներում
տեղակայված օբյեկտները: Նույն հրապարակման մեջ հաղորդվում է նաեւ, թե ցամաքային գործողություններ
նախատեսված չեն եւ առայժմ քննարկվում է միայն տակտիկական միջուկային հարվածների նպատակահարմարությունը:
Այս համատեքստում թերեւս արժե անդրադառնալ միջազգային մամուլի այն հիշատակումներին,
որոնցում հստակեցվում է ԱՄՆ-ի կողմից Իրանում գործադրվելիք կոնկրետ ռումբի տեսակը:
Այն է՝ B61-11: Փոքրիկ տեղեկանք. 300 կիլոտոն հզորության այս պայթուցիկ սարքը նախատեսված
է ստորգետնյա բունկերների ոչնչացման համար եւ ի զորու է հիմնահատակ ավերել մինչեւ
50 մ եւ ավելի խորության տակ կառուցված բետոնե շինությունները: Որպեսզի ընթերցողն
ավելի առարկայական պատկերացում կազմի B61-11-ի հնարավորությունների մասին, բավական
է նշել միայն, որ այդ սոսկալի ռումբն իր ավերիչ ուժով շուրջ 200 անգամ գերազանցում
է Հիրոսիմայի վրա գցված ռումբին: Իրանի «կասկածյալ» օբյեկտների դեմ վերը նկարագրված
սցենարով արշավ ծավալելու մտադրությունը քննադատել է անգամ ԱՄՆ զինուժի կենտրոնական
հրամանատարության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Էնթոնի Զիննին: «Դա չափազանց
հանդուգն քայլ կլիներ»,- ասել է գեներալը CNN-ին տված հարցազրույցում՝ հորդորելով
զգուշանալ պատրանքներից, թե այդպիսի հրթիռակոծումներից հետո բոլոր խնդիրներն արագ
եւ բարեհաջող լուծում կունենան: Այսպես թե այնպես, ամերիկյան մամուլում խմորվող
այս խոսակցությունները խիստ մտահոգիչ են, քանզի խոսքը՝ ոչ ավել, ոչ պակաս, Հայաստանի
անմիջական հարեւանությամբ ծավալվելիք միջուկային գործողությունների մասին է: Պատրա՞ստ
ենք արդյոք նման զարգացումների: Հարցը, թերեւս, հռետորական է: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ