Էներգետիկայի
եւ մասնավորեցման հարցերը երեկ առաջնային էին ԱԺ-ի համար, որն օրինագծերի քննարկմանն
անցավ միայն երեկոյան: Գազի խնդիր Մինչ ժամը 15:30-ը խորհրդարանը դեռ
փորձում էր հաստատել իր օրակարգը՝ երեք անգամ ընդմիջելով աշխատանքները, փորձելով
լուծել մշտական դարձած քվորումի խնդիրը: Նույն պատճառով չհաջողվեց օրակարգում նոր
հարցեր ներառել, եւ դուրս մնաց ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
Իսկ ընդդիմադիրները շատ էին կարեւորում, որ այն ընդունվի հենց այս քառօրյայում: Առաջինն
ընդմիջում խնդրեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, որն
առաջարկեց ստեղծել «ԱԺ ժամանակավոր հանձնաժողով գազի սակագների բարձրացման հարցի
եւ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի օտարման հետ կապված իրադարձությունների մասին
ԱԺ-ին տեղեկանք ներկայացնելու համար»: 1 ամսվա ընթացքում այն պիտի ուսումնասիրի գազի
սակագների բարձրացման մակարդակների հիմնավորվածությունը, Հրազդանի ՊՇԷԿ-ի օտարման
պայմանների օրենսդրությանը համապատասխանությունը եւ այլն: Թերեւս ենթադրվում
էր, թե 20 րոպեանոց ընդմիջման ընթացքում կհաջողվի հավաքել անհրաժեշտ ստորագրությունները:
Սակայն երեկ այն ստորագրեցին ընդամենը 19 հոգի՝ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն»
խմբակցություններից եւ անկախ պատգամավորներ Հմայակ Հովհաննիսյանը, Էմմա Խուդաբաշյանը
եւ Մանուկ Գասպարյանը: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը մեր հարցին, թե
միանալո՞ւ են այս նախաձեռնությանը՝ պատասխանեց. «Առայժմ կարդում ենք կառավարության
որոշումը, տեսնենք՝ գործընթացը մեզ համար հասկանալի՞ է, թե՞ ոչ: Կմիանանք ստորագրահավաքին,
եթե մեզ համար լինեն մութ կետեր»: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը չեն միանալու այս նախաձեռնությանը:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Հանձնաժողով ստեղծելու ոչ մի անհրաժեշտություն
չկա: Եթե կան խնդիրներ՝ կարելի է քննարկել խորհրդարանական լսումների եւ կառավարության
հետ հարցուպատասխանի ժամանակ, հրավիրել էներգետիկայի նախարարին ԱԺ՝ իմանալու բոլոր
մանրամասները: Մեզ համար ամեն ինչ պարզ է, հասկանալի: Էլ ի՞նչը քննարկենք»: Ատոմակայանի
խնդիր Այս քառօրյայի օրակարգում է նաեւ «Էներգետիկայի մասին» օրենքում կատարվելիք
փոփոխությունը, որով վերացվում է միջուկային էներգետիկայում պետական մենաշնորհը,
եւ կառուցվելիք նոր ատոմակայանի բաժնետեր կարող են լինել նաեւ իրավաբանական անձինք:
Սկզբնապես ՕԵԿ-ը դեմ էր արտահայտվում այս նախաձեռնությանը: Սակայն երեկ Արթուր Բաղդասարյանը
հայտարարեց, թե կառավարության փոփոխած նախագծում ներառվել են իրենց առաջարկները.
«Նախորդ տեքստում բացակայում էր, իսկ հիմա նշված է, որ Մեծամորի ատոմակայանը ՀՀ պետական
սեփականությունն է եւ մասնավորեցման ենթակա չէ»: Երկրորդ առաջարկն է, որ նոր կառուցվելիք
ատոմակայանի վերաբերյալ անպայման պետք է ընդունվի հատուկ օրենք: «Ես սա համարում
եմ քաղաքական լուրջ պայմանավորվածություն»,- ասաց ԱԺ նախագահը: «Արդարություն» խմբակցության
պատգամավորներ Արամ Գ. Սարգսյանն ու Արշակ Սադոյանը նկատեցին, թե Մեծամորի ատոմակայանն
առանց այդ էլ չէր սեփականաշնորհվելու՝ այն պետք է փակվի: Արթուր Բաղդասարյանն ի պատասխան
նետեց, թե ինքը ուներ նման մտավախություն, քանի որ, ինչպես ասաց նա՝ «էս երկրում»
սեփականաշնորհվել է ինչ ասես: Մասնավորեցման խնդիրներ ԱԺ նախագահը
միանշանակ չի գնահատում Հրազդանի ՊՇԷԿ-ի մասնավորեցման գործարքը, որի վերաբերյալ
լրագրողներին ասաց, թե այն պետք է դիտարկել քաղաքական, տնտեսական եւ սոցիալական,
տեսանկյուններից. «Քաղաքական իմաստով, այո՛, մտահոգիչ է, որ մեր էներգետիկ հզորությունները
կուտակվում են Ռուսաստանի ձեռքում: Սա նշանակում է, որ մենք պետք է մեծացնենք պետության
կարգավորիչ գործառույթը: Մեր օրենքներն այդ հնարավորությունը տալիս են, որ պետությունն
իրականացնի պատշաճ վերահսկողություն»: Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ տնտեսական իմաստով
«ձեռնտու է, որ Հայաստանի տնտեսության մեջ 600 մլն դոլարի ուղղակի ներդրում է կատարվելու
Ռուսաստանի կողմից: Գիտեք, որ Հայաստանն ունի 1 մլրդ դոլարի արտաքին պարտք: Եվս 150
մլն դոլարի պարտք վերցնելը՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վերագործարկելու համար, շքեղություն
է երկրի համար: Եվ պակաս չափով չէր էլ քննադատվելու: Բացի դրանից՝ սոցիալական իմաստով
էլ պակաս կարեւոր չէ, որ մինչեւ 2009-ը կունենանք գազի կանխատեսելի սակագներ եւ չի
լինի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում»: Երեկ երեկոյան ԱԺ-ն վերջապես
սկսեց քննարկել մի քանի անգամ նստաշրջանից-նստաշրջան տեղափոխված Պետական գույքի մասնավորեցման
2001-2003 թվականների ծրագրի կատարման հաշվետվությունը: Այն ներկայացնում էր Պետական
գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը: Քննարկմանը ներկա էր հազիվ
20-25 պատգամավոր, որից 2-3-ը՝ ընդդիմադիր: Թերեւս սրա պատճառն այն էր, որ խորհրդարանական
մեծամասնությունը բոյկոտելով քվեարկությունը՝ նախապես մերժել էր Վիկտոր Դալլաքյանի
առաջարկները՝ ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի 2005-ի տարեկան զեկույցի, այնպես
էլ Պետգույքի մասնավորեցման 2001-2003-ի ծրագրի կատարման հաշվետվության քննարկումները
տեսագրելու եւ Հ1-ով ցուցադրելու վերաբերյալ: Կարինե Կիրակոսյանի 20 րոպե
տեւած հաշվետվությունից հետո դահլիճում ներկա գրեթե բոլոր պատգամավորների մոտ հարցեր
առաջացան, եւ 13-ը հերթագրվեցին հարցեր տալու համար: Ենթադրելի է, որ չնայած տեսախցիկների
բացակայությանը՝ այսօր, այնուամենայնիվ, սեփականաշնորհման դեմ բուռն եւ կրքոտ ելույթներ
կունենան ինչպես ընդդիմադիր, այնպես էլ ՕԵԿ պատգամավորները: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ