Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թատրոնն օգնում է մարդկանց

Ապրիլ 08,2006 00:00

Թատրոնն օգնում է մարդկանց «Օվասիս» խուլերի մնջախաղի թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի մարզերում, Ռուսաստանում եւ Վրաստանում: Թատրոնի դերասանների համար այն նախեւառաջ ինքնահաստատման եւ կայացման միջոց է: Մարինե Հարությունյանը թատրոնում է առաջին օրվանից: «Թատրոնն իմ կյանքում ամեն ինչ փոխեց: Ես հասկացա, որ տանը մնալու փոխարեն անհրաժեշտ է պայքարել երազանքներիս համար: Թատրոնի հետ հյուրախաղերով հանդես եկա շրջաններում ու շատ մարդկանց հետ ծանոթացա»,- ժեստերի միջոցով ասում է Մարինեն: «Օվասիս» խուլերի մնջախաղի թատրոնի դերասանները վերջերս բեմադրել են «Ինտեմեդիա» ներկայացումը: Արամ Ղազարյանը սուրդոթարգմանչի օգնությամբ ասում է. «Թատրոնն ինձ համար ինքնահաստատման միջոց դարձավ»: Նրա երազանքն է դառնալ ռեժիսոր եւ ունենալ սեփական թատրոնը: «Կամք եւ կորով» հասարակական կազմակերպության «Օվասիս» թատրոնը եւ պարային համույթը տասնյակ խուլ եւ թույլ լսող երիտասարդների համար դարձել են երկրորդ տուն եւ սեփական ուժերի հանդեպ վստահություն ձեռք բերելու հնարավորություն են ընձեռում: «Պաշտոնական տվյալների համաձայն, ներկայումս Հայաստանում ապրում է 3500 խուլ եւ թույլ լսող մարդ: Մեր նպատակն է աշխատանքի եւ կրթության հավասար պայմաններ ապահովել նրանց համար, բարձրացնել հասարակության իրազեկությունը խուլ երիտասարդների կարողությունների եւ ընդհանրապես լսողական խանգարումներ ունեցող մարդկանց հիմնախնդիրների վերաբերյալ»,- նշում է «Կամք եւ կորով» կազմակերպության նախագահ Մարի Պահուտյանը: Նրա հավաստմամբ, ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար դեռեւս մշակված չէ ուսուցման հատուկ մեթոդաբանություն եւ հաճախ նրանք դպրոցն ավարտում են ցածր գիտելիքներով: Իսկ այս հ/կ-ն բրիտանական «Օքսֆամ» կազմակերպության աջակցությամբ 2004-2005 ուսումնական տարում սկսել է Հայաստանում լսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսուցման մեթոդաբանության մշակումը: Ավելի քան 40 երիտասարդ իրենց կրթությունը լրացնում է կազմակերպությունում անցկացվող դասընթացների շնորհիվ, իսկ 10-ը նաեւ աշխատում է «Կամք եւ կորով»-ում: Արթուր Դաշյանը կազմակերպություն էր եկել 1996-ին, երբ 22 տարեկան էր: Այսօր նա կազմակերպության փոխնախագահն է եւ իրենց խնդիրների մասին խոսում է կոնֆերանսների եւ սեմինարների ժամանակ: «Մեր թիվ մեկ հիմնահարցն աշխատանքի բացակայությունն է: Շատ քչերին է հաջողվում աշխատանք գտնել: Ստանում ենք ընդամենը 3000 դրամ թոշակ, որը պարզապես ծիծաղելի գումար է»,- սուրդոթարգմանչի օգնությամբ ասում է Արթուրը: Նրա մայրը՝ Հասմիկ Շահնազարյանը պատմում է, որ մինչեւ կազմակերպություն գալը Արթուրը ինքնամփոփ էր եւ ցանկանում էր հեռանալ Հայաստանից. «Սակայն այստեղ նա ոչ միայն աշխատանքի հնարավորություն է ստացել, այլեւ հանդիպել ապագա կնոջը՝ Մարիաննային»: «Մենք երկուսս էլ խաղում էինք «Օվասիս» թատրոնում: Մեզ հանձնարարված էր սիրահարների դերը, սակայն հետագայում մենք հասկացանք, որ այդ դերը պետք է խաղանք նաեւ կյանքում»,- պատմում է Արթուրը: «Նրանք բոլորը արվեստագետի հոգի ունեն: Հրաշալի դերասաններ են եւ նկարիչներ, ասում է «Օվասիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր Ռոբերտ Ծատուրյանը, նրանց պակասում է միայն ինքնավստահությունը եւ մեր բոլորի աջակցությունը»: ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել