ՀԵՏԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԵ՞Ն ԽԼԻ Հարցազրույց մասնավոր խուզարկու, «Իրավապահների միություն» բարեգործական հ/կ-ի նախագահ Ջիվան Հակոբյանի հետ: – Ովքե՞ր են Հայաստանում մասնավոր խուզարկուները: – Մասնավոր խուզարկու համարվում է այն քաղաքացին, որը անցել է մասնավոր խուզարկուի որակավորման հատուկ նախապատրաստություն, ստացել է մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնելու հատուկ լիցենզիա (թույլտվություն), իրականացնում է իր վստահորդների օրինական իրավունքների եւ անձնական շահերի պաշտպանության գործունեություն, ղեկավարվում է մասնավոր խուզարկուական եւ պահնորդական գործունեության մասին ՀՀ օրենքով: Մասնավոր խուզարկուները իրականացնելու են գործունեություն, որը գտնվելու է ոչ միայն իրավասու կառույցների մշտական հսկողության ներքո: Հետեւապես առանց լուրջ նախապատրաստության, որը հստակ նախատեսված է մեր՝ ԱԺ ներկայացրած օրենքի նախագծում, ոչ մի մասնավոր խուզարկու իրավախախտում թույլ տալ չի կարող։ Ներկայացված օրենքի նախագիծը խստորեն ներառում է նաեւ այն հանգամանքը, որ մասնավոր խուզարկուն այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի։ Այսինքն՝ յուրաքանչյուր մասնավոր խուզարկու, իր գործունեությունը սկսելուց առաջ ստիպված է լինելու ծանրակշիռ որոշում ընդունել եւ միշտ հաշվի առնել հակառակ կողմի իրավունքները։ – Մտավախություն չկա՞, որ ձեզ կօգտագործեն իբրեւ այլընտրանքային հետախուզական մարմին: – Նման մտավախություն լինել չի կարող, քանի որ մասնավոր խուզարկուն պաշտպանելու է իր վստահորդների օրինական իրավունքները եւ անձնական շահերը։ Օրենքի նախագիծը բացառում է հետաքննական մարմինների մենաշնորհին պատկանող գործառույթների իրականացումը կամ կատարումը: – Կենսագրական եւ անձը բնութագրող այլ տեղեկությունների պարզումը առանձին քաղաքացիների մասին չի՞ նշանակում ներխուժել քաղաքացու մասնավոր կյանք, որի գաղտնիությունն ու անձեռնմխելիությունը երաշխավորված է սահմանադրությամբ: – Օրենքի նախագծում որպես հիմք ընդունված է Սահմանադրությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքների յուրաքանչյուր խախտման դեպքում կա համապատասխան կետ, որը բացառում է ցանկացած իրավախախտում։ Մասնավորապես՝ քաղաքացու մասնավոր կյանք ներխուժելը հստակեցված է քաղաքացու գրավոր համաձայնությամբ եւ անձնական գաղտնիքը ապահովող երաշխիքներով։ Յուրաքանչյուր գործողություն իրականացվելու է համապատասխան պայմանագրով եւ գրավոր հաշվետվությամբ՝ կատարված գործողությունների մասին, որը ցանկացած դեպքում կարող է իբրեւ ապացույց քննության առնվել դատարանի կողմից՝ վստահորդի համաձայնության առկայությամբ։ – Դուք մտադիր եք նաեւ քրեական գործերով տեղեկություններ հավաքել: Ձեր կարգավիճակը դատարանում ինչպիսի՞ն է լինելու: – Մասնավոր խուզարկուն կարող է դատարանում հանդես գալ որպես պատասխանող, վկա, լիազորված անձ, ներկայացուցիչ, կողմ եւ ՀՀ օրենքներով սահմանված բոլոր կարգավիճակներով, ինչպիսիք կարող է ունենալ յուրաքանչյուր քաղաքացի։ Մասնավորապես՝ քրեական գործերով կարող են տեղեկություններ հավաքվել դատավարության համար պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ, որը դատավարական որեւէ կարգավիճակ չի կարող նշանակել։ Դատավարության համար պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ քրեական գործերով տեղեկությունների հավաքումը կիրարկվում է մասնավոր խուզարկուների կողմից ամբողջ աշխարհում եւ որեւէ կերպ չի հակասում ՀՀ գործող օրենսդրությանը։ Ավելին, նախատեսված է նաեւ սահմանափակում՝ քրեական գործերով տեղեկությունների հավաքման մասին վստահորդի հետ կնքած պայմանագրի առկայության դեպքում, մասնավոր խուզարկուն պարտավոր է այդ մասին տեղեկացնել գործը վարույթ վերցրած անձին եւ այդ պայմանագիրը թաքցնելու դեպքում կարող է ենթարկվել համապատասխան պատասխանատվության։ – Մասնավոր խուզարկուն իրավունք ունի հավաքել տեղեկություններ մարդկանց կրոնական համոզմունքների մասին էլ։ Իսկ քաղաքական համոզմունքների՞: – Ներկայացված օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ արգելվում է հավաքել տեղեկություններ անձանց մասին՝ կապված նրանց անձնական կյանքի, քաղաքական, կրոնական համոզմունքների հետ, առանց դրա համար անհրաժեշտ գրավոր համաձայնության։ Հետեւաբար, նման իրավունքներ մասնավոր խուզարկուին չի վերապահված եւ նման գործողության կատարումը կդիտարկվի որպես մեր ներկայացրած օրենքի կոպիտ խախտում։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ