Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԱՆՏԱԺԻ

Ապրիլ 08,2006 00:00

ՇԱՆՏԱԺԻ ՁԵՎ ԸՆՏՐՎԵՑ «ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ» Ոստիկանները գործարարից «Ջիփ» էին պահանջում Անցյալ տարվա այս օրը՝ ապրիլի 8-ին Մասիս քաղաքի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Արմեն Մանուկյանին կանչեցին Երեւան՝ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանության բաժին: Ոստիկանները Ա. Մանուկյանին պահեցին ողջ գիշեր: Օպերբաժնի պետի պաշտոնակատար Գրիգոր Կարապետյանից եւ թամաշային ականատես ոստիկաններից Ա. Մանուկյանը «տեղեկացավ», որ «առեւանգել, բռնաբարել» է իր խանութի աշխատակցուհուն՝ Հայկանուշ Հակոբյանին: «Ամենակեղտոտ, ցինիկ արտահայտություններն արվում էին իմ նկատմամբ»,- հետագայում կատարվածից ուշքի գալով պատմեց Ա. Մանուկյանը, որից ոստիկաններն ակնկալում էին «Ջիփ» ավտոմեքենա՝ գործը փակելու համար: Սակայն ժամը 5.30-ին՝ լուսադեմին, «իմ հավասարակշռված պահվածքից հիասթափված, իրենց հակաօրինական գործողությունների անպտուղ լինելուց եւ պատասխանատվության ենթարկվելու գիտակցումից դրդված, ինձ թողեցին տուն գնալ»,- «Առավոտին» տեղեկացնում է Ա. Մանուկյանը: Իսկ թե ինչու էին ընտրել մասիսցիները Էրեբունի-Նուբարաշենի ոստիկանության բաժինը՝ պարզվեց հետագայում. քննիչներից մեկը Հակոբյանի ազգականն էր: Ինչո՞ւ ընտրվեց շանտաժի այս ձեւը՝ նույնպես շուտով հայտնի դարձավ. Մանուկյանի խանութում աշխատող Հայկանուշ Հակոբյանը ու նրա մայրը՝ Աստղիկ Հակոբյանը, 712569 դրամի պակասորդ էին տվել: Ա. Մանուկյանը «բռնաբարությունից» 20 օր հետո դիմում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով: Դատարանի որոշումով Հակոբյանների բնակարանն արգելանքի տակ դրվեց, սակայն վերջիններս ամենեւին չընկճվեցին: «Բռնաբարվածը» զանգելով Մանուկյանների տուն, նրա 20-ամյա աղջկան (իրավաբանականի ուսանող) հայտնում է բառացիորեն հետեւյալը. «Բռնաբարության պատճառով հոգեկան խանգարում եմ ստացել, բուժվում եմ Երեւանի սթրես կենտրոնում, օրական վճարելով 8000 դրամ»: Հասկանալի է, թե փոքր քաղաքում նման խոսակցությունները ինչպիսի ծավալ ստացան: ԼՂ ազատամարտի մի խումբ վետերաններ (թվով 64) ութ էջից բաղկացած դիմում ուղարկեցին ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին՝ իրենց մարտական ընկերոջը՝ Ա. Մանուկյանին զորակցելու համար. «Մենք անհանգստացած ենք Մանուկյանի անձի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: Տեղյակ ենք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից կատարած անօրինական գործողություններին փաստերից բխող գնահատական չտրվեց: Անպատժելիությունը նպաստեց Ա. Մանուկյանին հեղինակազրկելու գործընթացին»: Դատախազից նրանք խնդրում էին ուշադրության կենտրոնում պահել Մանուկյանի գործը: «Առավոտի» տեղեկություններով, սակայն, հատուկ տեսչական բաժնի փոխարեն, գործը քննվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզական վարչությունում ձեւավորված հատուկ հանձնաժողովում, որն էլ Հակոբյանների ազգական, քննիչ Հ. Ավագյանին եւ քրեական հետախուզության օպերլիազոր Պ. Օրդյանին ընդամենը կարգապահական տույժի ենթարկեց, իսկ օպերբաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Պ. Կարապետյանին էլ վերահաստատեց իբրեւ պետ: «Էրեբունու դատախազությունը առեւանգելու եւ բռնաբարելու մեջ ինձ մեղադրելով, արհեստականորեն հակակշիռ գործ էր ստեղծում՝ փորձելով ինձ հարկադրել հրաժարվել Հակոբյանների հափշտակած գումարի պահանջից»,- ասում է Ա. Մանուկյանը: «Հեռակա բռնաբարությունից» 4 ամիս հետո մոր եւ աղջկա նկատմամբ հարուցվում է քրգործ՝ Քրօրի 179 հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով. Հ. եւ Ա. Հակոբյանները հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, 2005թ. հունվարից մինչեւ ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում իրենց վստահված ապրանքանյութական արժեքների վաճառքից առաջացած գումարներից կատարել են խոշոր չափերի՝ 712.569 դրամի հափշտակություն: Ա. Մանուկյանն այս գործով ճանաչվում է տուժող, իսկ Հ. Հակոբյանի (նաեւ մոր) նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, քանի որ սթրես կենտրոնը «ախտորոշել էր, թե առկա է զառանցանքային խանգարում, կարիք ունի հետագա բուժման եւ հսկողության՝ հոգեբույժի կողմից»: Նկատենք, որ Երեւան քաղաքի դատախազության քննիչ Վ. Միլիտոնյանը քրեական հետապնդում չիրականացնելու մասին իր որոշման մեջ երբեւէ չհարուցված բռնաբարության գործն էլ է խցկել եզրափակիչ մասում, որոշելով «Ա. Մանուկյանի կողմից Հ. Հակոբյանին բռնաբարելու փաստի առթիվ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»: Կասեցվել է նաեւ քաղգործը՝ հափշտակված գումարը ետ չի վերադարձվել: Եվ ամենագլխավորը. երկու երեխաների հորը վարկաբեկելը ոչ բարոյապես, ոչ նյութապես չի փոխհատուցվել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել