Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պանրի»

Ապրիլ 08,2006 00:00

«Պանրի» գինը «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանական լայն լիազորությունները գտնվում են հնազանդ խորհրդարանի վերահսկողությունից դուրս, արդարադատության համակարգը ենթարկվում է քաղաքական ճնշման եւ խոցելի է կոռուպցիայի տեսակետից: Այս ամենի հետ մեկտեղ երկրի ընդդիմությունը թույլ է եւ մասնատված»: Սա հատված է ոչ թե «նախկին հանցավորների» կամ «ռեւանշիստ վրիժառուների» ինչ-որ ընդհատակյա նիստի արձանագրությունից, այլ վերջին շրջանում նույն Քոչարյանի ռեժիմի հետ տարօրինակության աստիճանի մերձեցած պաշտոնական Վաշինգթոնի առանցքային ստորաբաժանումներից մեկի՝ Պետդեպի հրապարակած զեկույցից: Եվ սա դեռ բոլորը չէ. «Ազատություն» ռ/կ-ից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը բավական կծու ձեւակերպումներով անդրադարձել է նաեւ ՀՀ իշխանությունների քիմքին խիստ տհաճ այնպիսի մի թեմայի, ինչպիսին ընտրությունների կեղծումն է: Մասնավորապես, Պետդեպը կրկին հիշեցնում է լուրջ օրինախախտումներով անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին՝ նշելով, որ 2005-ի նոյեմբերին նույն պատկերն էր սահմանադրական հանրաքվեի ժամանակ: «Այս ամենի հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը չի շտապում իրականացնել Եվրախորհրդին անդամակցելու համար առաջադրված նախապայմանները»,- ասված է զեկույցում: Անշուշտ, առաջին տպավորությունն այն է, որ այստեղ թյուրիմացություն կա: Տառացիորեն մի քանի օր առաջ նույն ԱՄՆ-ն նույն Պետդեպի ղեկավար Քոնդոլիզա Ռայսի «թամադայությամբ» բարեկամության եւ համագործակցության ծնծղաների զվարթ հնչյունների ներքո Հայաստանին մեծ գումարներ էր նվիրաբերում՝ ցուցադրաբար ընդգծելով ՀՀ գործող ռեժիմի նկատմամբ իր բարեհաճությունը: Եվ հանկարծ այսպիսի հարված: Եվ այն էլ՝ գոտկատեղից ներքեւ: Ի՞նչ է, Վարդան Խաչատրյանին փող տալուց Վաշինգթոնում չգիտեի՞ն, թե այստեղ ինչպիսի հանրաքվե է եղել, կամ թե ինչ կոռումպացված համակարգի ձեռքն է ընկնում այդ փողը: Քիչ ավելի ուշ տարակույսներն ավելի են թանձրանում, երբ հայտնի է դառնում, որ պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնում Իլհամ Ալիեւը: Հանգամանք, որ իրավամբ կարող է դիտվել, իբրեւ, այսպես կոչված, պարիտետի ցցուն խախտում՝ հօգուտ Ադրբեջանի: Ավելին՝ Պետդեպի ներկայացուցիչ Ադամ Էրելին հինգշաբթի օրը հայտարարում է, որ Բուշի վարչակազմը ծրագրում է մեծացնել Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնության ծավալները: Մինչդեռ, բոլոր տարակույսները միանգամից հօդս են ցնդում, երբ մտաբերում ենք վերջին շրջանում վաշինգթոնյան զանազան բարձրաստիճանների կողմից հետեւողականորեն արտահայտվող «համոզմունքները»՝ ԼՂ հակամարտությունը 2006թ. ընթացքում լուծելու հնարավորության մասին: Իսկ ահա թե ինչ է ասում ադրբեջանաամերիկյան քննարկումների մասնակից, վերջերս ԱՄՆ-ից վերադարձած փոխարտգործնախարար Արազ Ազիմովը. «Ռամբույեում ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցություններից հետո ԱՄՆ-ն ավելացրել է դրան նպատակաուղղված ջանքերը»: Սա, փաստորեն, «անվճար պանրի» գինն է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել