Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԿՄ-ում հաստատում են

Ապրիլ 08,2006 00:00

ԵԿՄ-ում հաստատում են Իսկ ՀՀ ոստիկանությունում՝ հերքում Երեկ «Առավոտը» տեղեկացրել էր նախօրեին ԵԿՄ կենտրոնական գրասենյակում ոստիկանություն-երկրապահներ տեղի ունեցած բախման մասին: Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ միջադեպի հետ կապված երեկ ԵԿՄ-ում տագնապ էր հայտարարված, եւ որ ԵԿՄ-ում կազմակերպության վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առանձնասենյակում միջադեպի շուրջ բանակցություններ էին ընթացել վերջինիս եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հայկ Միլիտոնյանի միջեւ: Երեկ ՀՀ ոստիկանությունը հերքել էր մեր այս տեղեկությունը, բայց միջադեպի կապակցությամբ մեզ հայտնի դարձած հավելյալ տեղեկություններով, Հ. Միլիտոնյանն, այնուամենայնիվ, եղել էր ԵԿՄ-ում: Ավելին, նրա հետ միասին ԵԿՄ էր մեկնել նաեւ ՀՀ ոստիկանության քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը: Բանակցությունների կեսից, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հ. Միլիտոնյանը լքել էր ԵԿՄ շենքը, իսկ բանակցությունները շարունակելու համար մինչեւ ուշ գիշեր գրասենյակում եղել էր Ն. Նազարյանը, ով, երկրապահների փոխանցմամբ, «իրեն տղամարդավարի էր պահել»: Հանուն արդարության պետք է ասել, սակայն, որ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանն ասել էր, թե ինքն անձամբ Միլիտոնյանին չի ճանաչում, գուցե նա այնտեղ եղել է, բայց որ երեկ իրենց շենքում է գտնվել Ներսես Նազարյանը՝ հստակ է: Ի դեպ, այդ օրը ԵԿՄ-ում էր եղել նաեւ այս կառույցը մեկ տարի առաջ լքած եւ «Ոգու փորձություն» հ/կ հիմնադիր անդամ Հակոբ Հակոբյանը: Ըստ երկրապահների, բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵԿՄ անդամներից մեկին, ով գտնվում է հետախուզման մեջ ու մեղադրվում է խուլիգանության՝ ոստիկանին շշով հարվածելու համար, փորձել էին ձերբակալել ԵԿՄ-ում: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանն ասել էր. «Կոնկրետ ո՞վ է այդ մարդը՝ չեմ կարող ասել: Կարող եմ ասել միայն, որ արցախյան ազատամարտի մասնակից է, որը, բնականաբար, դիմել է ԵԿՄ-ին իրավական աջակցություն ստանալու ակնկալիքով: Որից հետո ոստիկանությունը փորձել է ձերբակալել նրան, եւ դա փորձել է անել ԵԿՄ շենքում, որտեղ աշխատում են մեր բազմաթիվ զոհված ընկերների մայրերը, քույրերն ու կանայք: Մենք, բնականաբար, նրանց պարզապես դուրս ենք հրավիրել, որ այդ ամենն իրականացնեն ոչ ԵԿՄ շենքում»: Արդյունքում, ԵԿՄ շենքում ծեծկռտուք էր սկսվել երկրապահների ու շենք ներխուժած 7-8 ոստիկանների միջեւ: Հետախուզվողը փորձել էր թաքնվել համակարգչային սրահում, որտեղից նրան դուրս բերելու ժամանակ, ըստ աղբյուրի, ոստիկանները ջարդուփշուր էին արել սենյակի դուռը: Երկրապահները «Ազատություն» ռ/կ-ին ասել էին, թե՝ «որոշել են քշել իրենց տարածք մտած թշնամուն»: Հետախուզվողին ձերբակալել չէր հաջողվել, բայց փոխարենը ոստիկանները հասցրել էին ոստիկանություն տանել ու մեկ ժամից ավելի պահել ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանի վարորդին: Վերջինիս ազատել էին միայն այն ժամանակ, երբ երկրապահները գնացել էին նրա ետեւից: Ըստ ԵԿՄ վարչության անդամներից մեկի, հատկապես դրանից հետո էր, որ ԵԿՄ-ում տագնապ էր հայտարարվել: Ի վերջո, բանակցություններն ավարտվել էին նրանով, որ կողմերը համաձայնության էին եկել շենքից մարդ չձերբակալել: «Թո՛ղ տանեն՝ բայց ո՛չ ԵԿՄ շենքում»,- եղել էր ԵԿՄ-ի պատասխանը: Ըստ Ա. Կետիկյանի, կատարվածը «թյուրիմացություն էր եղել, միգուցե սկզբում շենք մտած ոստիկանների սխալի արդյունքում, բայց դա շուտով հարթվել է»: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, միջադեպը հարթվել էր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի միջամտությունից հետո: Զավեշտականն այն է, որ երեկ երեկոյան ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, թե տեղի ունեցած միջադեպի մասին թերթերում հրապարակված «լուրերը չեն համապատասխանում իրականությանը»: Մեծագույն ցանկության դեպքում անգամ մենք չենք կարող հավատալ այդ հաղորդագրությանը, որովհետեւ, բացի ԵԿՄ վարչության անդամների վկայություններից, գոնե անձամբ եղել ենք ԵԿՄ-ում այն ժամանակահատվածում, երբ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպաները բանակցում էին ԵԿՄ-ականների հետ, նաեւ տեղում զրուցել ենք հավաքված երկրապահների հետ: Այսքանից հետո արժե՞ հավատալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած որեւէ հաղորդագրության կամ Հ. Միլիտոնյանի՝ ԵԿՄ-ում լինել-չլինելու վերաբերյալ հերքումներին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել