Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԼՍԵՔ ՄԵԶ՝ ՃԱՆԱՉԵՔ ՁԵԶ»

Ապրիլ 08,2006 00:00

«ԼՍԵՔ ՄԵԶ՝ ՃԱՆԱՉԵՔ ՁԵԶ» Իր հանրահայտ հեռուստաեթերային կարգախոսը երկրորդ անգամ է փորձում վերափոխել «Ա1+»-ը՝ փորձելով ստանալ գոնե ռադիոեթեր: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը 2005-ի դեկտեմբերի 27-ին հայտարարել էր մրցույթներ երկու ռադիոհաճախականությունների համար: Եվ երկուսին էլ մասնակցության հայտ էր ներկայացրել «Ա1+»-ը, որի համար սրանք արդեն 11-րդ եւ 12-րդ փորձերն են՝ ստանալու հեռարձակման արտոնագիր: 90,3 ՄՀց հաճախության մրցույթում «Ա1+»-ի մրցակիցն է «Ուլիս Մեդիա» ընկերությունը, իսկ 90,7 ՄՀց հաճախության պարագայում՝ «Ռադիո ՊՌՈ» ՍՊԸ-ն: Համեմատենք մրցութային առաջարկները, որոնք ներկայացվեցին երեկ: «Ա1+»-ը խոստանում է, թե իր ռադիոեթերի հիմնական ուղղվածությունը լինելու է տեղեկատվական եւ երաժշտական. հաղորդումների 35-40%-ը լինելու է լրատվական: «Ուլիս Մեդիա» ՍՊԸ-ի գլխավոր պրոդյուսեր Նորայր Մխոյանը նշեց, թե գործելու են «ժամանակակից երաժշտական ռադիոկայան բոլորի համար» ձեւաչափում: Եվ լուրերն էլ վերաբերելու են միայն շոու բիզնեսին: «Ռադիո ՊՌՈ» ընկերությունն ըստ իր հիմնադիրներից մեկի՝ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի (նա տեղեկացրեց լրագրողներին, որ մասնագիտությամբ բժիշկ է, Հայաստանի բժիշկ ուսանողների ասոցիացիայի նախագահը, 1998-ից զբաղվում է բիզնեսով, որը բնորոշեց այսպես՝ «արտահանում եւ ներկրում», եւ 5 ՍՊԸ-ների նախագահ է) ստեղծվել է հատուկ այս մրցույթին մասնակցելու համար: Ընկերությունը պատրաստվում է հաղթելու դեպքում հեռարձակել «Ռադիո Երեւան»-ի ծրագիրը: Մրցութային առաջարկը ներկայացնելիս Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը չառանձնացրեց որեւէ հատուկ ուղղվածություն. ընդհանուր թվարկման մեջ մասնավորապես նշեց. «Հայրենասիրական ու ճանաչողական բնույթի ծրագրերի իրագործում»: «Ա1+»-ի եթերի 80%-ը կազմելու են հայրենական հաղորդումները, իսկ սեփական հաղորդումները կկազմեն հայրենականի 80%-ը: «Ուլիս Մեդիա» ՍՊԸ-ն եւ «Ռադիո ՊՌՈ»-ն մրցութային առաջարկներում ներկայացրել են, որ հայրենական արտադրության հաղորդումների ծավալը կազմելու է իրենց ընդհանուր եթերաժամանակի 80 %-ը, իսկ սեփական արտադրության հաղորդումները՝ 70%-ը: «Ա1+»-ն արդեն իսկ ունի 24 ժամյա եթեր կազմակերպելու, ուղիղ միացումներ ապահովելու համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները: Եվ եթե հրաշք պատահի, եւ ՀՌԱՀ-ն «Ա1+»-ին վերջապես թույլ տա դուրս գալ գոնե ռադիոեթեր՝ ընկերությունը պատրաստվում է ներդնել 22 մլն դրամ, որը կտրամադրվի միայն հաղորդիչ կայանի ու ռադիոռելեային գծի ձեռքբերմանը եւ ձայնամեկուսացման աշխատանքների կազմակերպմանը: «Ուլիս Մեդիա»-ն նախատեսում է 7 տարում ներդնել 35 մլն դրամ, որից 20 մլն դրամն առաջին տարում՝ տեխնիկա եւ սարքավորումներ ձեռք բերելու, մոնտաժման եւ նախապատրաստական այլ աշխատանքների համար: «Ռադիո ՊՌՈ»-ի հիմնադիրները նախատեսում են 1 տարում ներդնել շուրջ 27 մլն դրամ, որն ուղղվելու է տեխնիկական եւ ծրագրային ապահովմանը: «Ուլիս Մեդիա» ՍՊԸ-ի գլխավոր պրոդյուսերը խոստացավ, թե կիրառելու են «բացարձակապես նորագույն ռադիոտեխնոլոգիաներ եւ տեխնիկական միջոցներ», եւ ասաց, թե դրանց ձեռք բերման շուրջ ունեն նախնական պայմանավորվածություններ: Ժամանակակից սարքավորումներ խոստացավ նաեւ «Ռադիո ՊՌՈ»-ն: Սակայն հիշեցնենք, որ երկուսն էլ այդ ամենը դեռ նոր պիտի ձեռք բերեն: Մինչդեռ «Ա1+»-ի՝ արդեն իսկ առկա տեխնիկական միջոցները լիովին բավարար են, ասենք, ինտերակտիվություն ապահովելու համար: «Մեր ինտերնետային էջը վերջերս է թարմացվել, եւ այն ունի ժամանակակից ռադիոկայանին հարիր բոլոր տեխնիկական հնարավորությունները,- նշեց «Ա1+»-ի առաջարկը ներկայացնող Դիանա Մարկոսյանը:- Կայքի ծրագրային ապահովումն ու սերվերի հնարավորությունները լիովին պատրաստ են ուղիղ ռադիոհեռարձակման: Նոր ծրագրային ապահովումը կազմվել է ռադիոհեռարձակման հեռանկարով»: Կայքէջը ստեղծվել է BBC եւ B92 եվրոպական ամենահեղինակավոր ռադիոկայանների մասնագետների խորհրդատվությամբ: Մի կարեւոր չափորոշիչ էլ՝ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը: Ի տարբերություն «Ա1+»-ի՝ նրա մրցակիցները դեռեւս չունեն աշխատակազմ, նոր են հավաքելու կադրեր, ուղարկելու վերապատրաստման եւ այլն: «Ուլիս Մեդիա»-ի հաղորդաշարերը ներկայացրեց ընկերության ստեղծագործական մասի ղեկավար Գեւորգ Եղիազարյանը, որը ժամանակին «Ընտանեկան լոտո» էր վարում, եւ հեռուստադիտողին հայտնի է նաեւ իբրեւ «Օպերա ակումբի» շոումեններից մեկը: Մասնավորապես հայտնեց, թե նախատեսում են հեռարձակել «Առավոտյան զարթուցիչ» հաղորդումը, որի ընթացքում առաջին զանգահարած ռադիոլսողի հետ հաղորդավարները զրուցելու են նրան հուզող հարցերի շուրջ, իսկ հետո զանգահարելու են այդ ռադիոլսողի ընտրած ծանոթին, հետո էլ՝ նրա ծանոթին. «Եվ այսպես շարունակ»: Մեկ այլ որոշակի «դիվադադարային» ուղղվածություն ունեցող ծրագիր՝ «Գաղտնի միկրոֆոն», որի հաղորդավարը պիտի ուղիղ եթերում զանգահարի հայտնի մարդկանց: «Այդ հեռախոսազանգերը հաղորդման «զոհերին» պետք է վրդովեցնեն»,- ասաց Գեւորգ Եղիազարյանը: Ի դեպ, նման մի հաղորդում էլ կա «Ա1+»-ի պայմանական ռադիոցանցում՝ «Ով քնած չէ8230» անվանմամբ կեսգիշերային շոու-ծրագիր, որին պիտի զանգեն «անքնությամբ տառապող» ռադիոլսողները: «Ռադիո ՊՌՈ»-ի առաջարկում ուշագրավ էր «Երեւանի սիրուն աղջիկ» անվանումով ծրագիրը, որը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը բնորոշեց իբրեւ «երաժշտական-սիրային», իսկ «Երաժշտական վինեգրետ» հաղորդումը՝ իբրեւ «երաժշտական-գիշերային»: Նշենք, որ հանձնաժողովի անդամները երեկ որեւէ հարց չուղղեցին մրցույթի եւ ոչ մի մասնակցի: ՀՌԱՀ նախագահը մեր խնդրանքին՝ գնահատել մրցույթների մասնակիցների պատրաստվածության աստիճանը, ասաց. «Չեմ փորձի հայտնել մակերեսային, շտապողական որեւէ կարծիք: Ի տարբերություն ներկաների՝ հանձնաժողովը հնարավորություն ունի աշխատել փաստաթղթերի հետ: Կարծիք կձեւավորենք ավելի ուշ»: Հաղթողները պարզ կդառնան մայիսի 25-ին: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը, որը երեկ ներկա էր մրցութային առաջարկների քննարկմանը, ասաց. «Մեզ համար կարեւոր է, որ ընտրությունը կատարվի հայաստանյան օրենսդրությանը լիովին համապատասխան»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել