Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՅՔ ՄԻՇՏ ՏՈՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Ապրիլ 08,2006 00:00

Երեկ
ավարտվեց կառավարության հռչակած կանանց հերթական միամսյակը Այս առիթով «Առավոտը»
մշակույթի ոլորտում եւ հասարակական կյանքում ճանաչված կանանցից հետաքրքրվեց, թե ինչո՞վ
են տարբերվում կամ տարբերվեցին միամսյակի օրերը տարվա մյուս օրերից: Ներկայացնում
ենք կանանց ինքնատիպ պատասխանները: Գոհար Գասպարյան.- Հաճելի միամսյակ է:
Ճիշտ է, տղամարդիկ ու ուսանողներս ինձ տարբեր առիթներով ուշադրության են արժանացնում,
բայց այս օրերին ավելի ակտիվ էին: Ես էլ ինձ պարտավորված էի զգում համեղ ուտեստներ
պատրաստել ու այդպես հայտնել գոհունակությունս: Ստացածս առատ ծաղկեփնջերի մասին ավելորդ
եմ համարում նշել. դրանք ինձ միշտ ուղեկցում են: Ալվարդ Պետրոսյան.- Տոնը
մարդու հոգում պետք է լինի: Ծրագրած օրերի հետ կապված նվերներ չեմ ստացել եւ չեմ
էլ ուզում ստանալ: Բնականաբար, ընտանիքիս ու հարազատ տղամարդկանցից ստացել եմ եւ
նվերներ, եւ ծաղկեփնջեր, ինչը, օրինակ, չստացա դաշնակցական ընկերներիցս՝ բացառությամբ
Լեւոն Մկրտչյանից: Հիասքանչ ծաղկեբույլ եմ ստացել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանից:
Արաքսի Սարյան.- Այս մեկ ամսվա ընթացքում, երբ տեսնում ես երիտասարդությանը
ծաղիկներով ողողված, մի անբացատրելի հրճվանք ես ապրում: Իմ դեպքում առանձնապես տարբերություն
չի լինում միամսյակի եւ մյուս օրերի միջեւ: Ճիշտն ասած, մոռացել էի ապրիլի 7-ի մասին:
Երբ առավոտյան եկա կոնսերվատորիա ու տեսա, թե ինչպես գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ
ուսանողներին ու դասախոսներին ծաղիկներով էին դիմավորում, հաճելիորեն հուզվեցի: Արմինե
Հովհաննիսյան.- Այս մեկ ամսվա ընթացքում տղամարդիկ ավելի առատաձեռն գտնվեցին, ավելի
շատ էին ծաղիկներն ու ժպիտները, ինչը հաճելի էր: Կարծում եմ, հենց միամսյակի ընթացքում
է, որ կանայք իրենց զգում են իրական թագուհիներ տղամարդկանց շրջապատում: Իսկ ամուսինս՝
Րաֆֆին, ամուսնական կյանքի ընթացքում առաջին անգամ ինձ ասաց՝ դու իմ պահապան հրեշտակն
ես: Վարդուհի Վարդերեսյան.- Ես ոգեւորված չեմ նման տոներով: Գաղտնիք չէ՝ հայ
կանանց մեծ մասը այսօր էլ տառապում է: Տոներով հարցեր չի լուծվում: Ի՞նչ է նշանակում
միամսյակ. լուրջ հարցերը թողած, ընկել ենք տոներով: Կանանց ուրիշ տեսակ պետք է նայել
ու գուրգուրել: Համոզված եմ, որ տղամարդիկ գիտեն այդ ամենը: Հրանուշ Հակոբյան.-
Հպարտ եմ, որ կանանց միամսյակի գաղափարի կրողն եմ: Այս օրերին տղամարդիկ ավելի շատ
հաճելի խոսքեր, ինչու չէ՝ խոստումներ շռայլեցին, աշխատեցին չնեղացնել կանանց: Ինչ
խոսք, ամենուր ծաղիկներ էին ու ժպիտներ: Շատ կցանկանայի, որ այսպես լիներ տարին 12
ամիս: Վստահ եմ, որ ցանկության դեպքում դա հնարավոր է: Անձամբ ինձ նվիրեցին հիանալի
փնջեր, չասեմ՝ գեղեցիկ, որովհետեւ ծաղիկն ինքնին գեղեցկություն է: Կարինե
Խոդիկյան.- Իմ սովորական աշխատանքային ռիթմի մեջ ոչինչ ոչ ավելացավ, ոչ էլ պակասեց՝
թե տանը, թե աշխատավայրում: Ինչ վերաբերում է էմոցիոնալ ֆոնին՝ իմ սիրելի տղամարդու
կողմից ուշադրությանը, ջերմությանը, դրանք ստանում եմ տարին 12 ամիս, ինչի վկան ընտանիքիս
ջերմ մթնոլորտն է: Ճիշտ է, ստացածս ծաղիկների քանակն ավելին էր, քան տարվա մնացած
օրերին, բայց երեւի տոնի զգացողությունը մարդու մեջ ինքնաբերաբար պետք է լինի: Կուզենայի
նման սեր ու ուշադրություն լիներ ողջ տարվա ընթացքում, նաեւ կանայք իրենց սիրելի
տղամարդկանց նկատմամբ լինեն ջերմ ու ուշադիր: Սոֆի Դեւոյան.- Միամսյակի ընթացքում
կայացավ իմ բենեֆիսը, որը բեմական կյանքիս 38 տարիների յուրովի հանրագումարն էր:
Պատկերացրեք, ոչ մի տղամարդ ինձ չօգնեց այս հարցում: Միայն գտնվեց «Մայգրիգ» ընկերությունը:
Ծաղիկներ ստանալն ինձ համար հաճելի է եւ սովորական՝ ողջ տարվա ընթացքում: Ընդ որում,
ծաղիկներ ինձ նվիրում են թե տղամարդիկ, թե կանայք: Ընտանիքիս տղամարդկանց կողմից
ստացա մեծ անակնկալ՝ նվիրեցին ավտոմեքենա: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել