Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

Ապրիլ 08,2006 00:00

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ «Արտերկրի հայերին Հայաստանի
Հանրապետությունում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» ՀՀ օրենքի նախագծի
I. Օրենքի ընդունման հիմնավորումը 21-րդ դարում, երբ
որակական փոփոխություններ են նկատվում պետությունների փոխհարաբերություններում, երբ
վերարժեվորվում են տարածաշրջանային եւ համաշխարհային նշանակության շատ գործընթացներ,
հարցադրումներ են առաջանում նաեւ մարդու իրավունքների եւ դրա անքակտելի մաս հանդիսացող
քաղաքացիության իրավունքի ոլորտներում: Պետությունից պետություն միգրացիոն հոսքերի
արագացումը, աշխարհաքաղաքական նոր միավորների ստեղծումը մեծ խնդիրների առջեւ է կանգնեցնում
նաեւ այնպիսի իրավական ինստիտուտն, ինչպիսին է քաղաքացիությունը: Շատ մարդիկ իրենց
կյանքի եւ կեցության բերումով հարաբերվում են մեկից ավելի պետությունների հետ, ինչն
առաջ է բերում քաղաքացիական պարտականությունների եւ իրավունքների նորովի ձեւակերպման
անհրաժեշտությունը: Երկքաղաքացիության ինստիտուտի ամրագրումը տարբեր երկրների հիմնարար
օրենքներում 20-րդ դարի երկրորդ կեսին ունեցավ իր գիտական եւ իրավական շարունակական
զարգացումը, հանգեցնելով բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, երկկողմ եւ բազմակողմ
պայմանագրերի առաջացման: Այս առումով հատկապես մեծ նշանակություն է ստանում երկքաղաքացիության
ինստիտուտի կիրառման հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում: Հայ
ժողովրդի համար երկքաղաքացիությունը պայմանավորված է համազգային առանձնահատուկ իրավիճակով,
քանզի մենք ներկայացնում ենք մի ժողովուրդ, որն իր հայրենիքում կատարված Ցեղասպանության
հետեւանքով 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայտնվել է աշխարհասփյուռ իրավիճակում:
Հայկական սփյուռքը համաշխարհային պատմության յուրահատուկ երեւույթներից է եւ հայության
ներկայացուցիչները արտերկրում տասնամյակներ շարունակ կարողացել են պահպանել ազգային
մշակույթն ու ինքնագիտակցությունը հայրենիք վերադառնալու եւ անկախ պետականություն
ունենալու տեսլականով: Ազգային արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայ ցանկանում
է, որ Հայաստանն իրապես դառնա ողջ հայության հայրենիքը, որ մեր ժողովրդի ազգային
համահավաք ներուժը կենտրոնանա Հայաստանի Հանրապետությունում եւ ծառայեցվի ազգային-պետական
առաջնահերթությունների իրացման գործին: Ներկայումս անկախ հայրենիքում է ապրում հայերի
1/3-ից պակաս հատվածը: Նման իրավիճակն անխուսափելիորեն թելադրում է ազգային ինքնության
միասնական դաշտի ձեւավորման անհրաժեշտություն, որը կներառի սերտ գործակցությունն
էթնոմշակութային, լեզվական, հոգեւոր, սովորութային հարցերում, կձեւավորվի ազգային-պատմական
հիշողության վրա կառուցված միասնական պատասխանատվություն Հայրենիքի եւ հայության
ապագայի հանդեպ: «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային
դաշնագիրը (16.12.1966թ.) սահմանում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի
ազատորեն տնօրինելու իր քաղաքական կարգավիճակը եւ ապահովելու իր տնտեսական, սոցիալական
ու մշակութային զարգացումը: Դա կարող է իրականացվել թե ինքնորոշման շրջանակներում
եւ թե միջազգային լայն համագործակցության ճանապարհով: Ազգային ինքնության շրջանակներում
գործակցության ամրապնդումը եւ դրա համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն իրավաչափ
նպատակ է: Այն համահունչ է միջազգային իրավունքի նորմերին եւ բխում է Հայաստանի Անկախության
մասին հռչակագրում եւ ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված համազգային նպատակներից:
Երկքաղաքացիության ինստիտուտը Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի
պարտավորվածություն է՝ միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում Հայաստանը դարձնելու
բոլոր հայերի հոգեւոր հայրենիքը, ինչպես նաեւ մասնակիորեն հարթելու պատմության կնճիռները՝
նպաստելով հայրենադարձությանը: ՀՀ 1995թ.-ին ընդունված Սահմանադրությամբ արգելվում
էր երկքաղաքացիություն ստանալու հնարավորությունը: Երկքաղաքացիության ինստիտուտի
ներդրումը ՀՀ-ում ամրագրվեց 5.12.2005թ. ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ
կատարելու մասին իրավական ակտով: Սահմանադրական փոփոխությունների համատեքստում նմանատիպ
ինստիտուտի առկայությունը պահանջում է օրենսդրական դաշտի փոփոխություն եւ դրա գործնականում
իրացման իրավական առանձնահատկությունների կարգավորում: Այսպիսով, Հայաստանի
Հանրապետությունում երկքաղաքացիության օրենքի ընդունումը հիմնականում կարգավորելու
է արտերկրի հայերի երկքաղաքացիության կարգավիճակից բխող իրավահարաբերությունները:
Արտերկրի հայերին Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության կարգավիճակ տալը
կնպաստի մեկ այլ սահմանադրական նորմի իրացմանը՝ մեկ միասնական հայրենիքի ստեղծման
համար՝ միավորելով ողջ աշխարհով սփռված հայությանը՝ նպաստելով հայկական սփյուռքի
հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային
արժեքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը։ ԱՊՀ
ստեղծման մասին 1991թ. Բելովեժյան համաձայնագիրը հանդիսացավ այն եզրագիծը, որով սկիզբ
դրվեց նորանկախ պետությունների հռչակման եւ դրանց բաղկացուցիչ ինստիտուտի՝ քաղաքացիության
հաստատման եւ ամրագրման գործընթացին: ԱՊՀ ստեղծման վաղ շրջանում, մեկ միասնական իրավական
հարթություն պահպանելու փորձերից էր, ԱՊՀ կողմից խորհրդատվական բնույթի «Քաղաքացիության
կարգավորման համաձայնեցված սկզբունքների մասին» օրենսդրական ակտը, որով ճանաչվեցին
քաղաքացիություն ունենալու եւ քաղաքացիության հարցերում խտրականության բացառման եւ
այլ սկզբունքները: Այնուհետեւ, ԱՊՀ շրջանակներում երկքաղաքացիության իրավական կարգավորմանն
ուղղված երկկողմ համաձայնագրեր կնքվեցին եւ այդ ինստիտուտը օրենսդրորեն կարգավորելու
փորձեր կատարվեցին: Երկքաղաքացիությունը հղի է իրավաբանորեն դժվար լուծելի
հիմնախնդիրներով, քանզի խիստ դժվար է միաժամանակ իրացնել երկու պետությունների քաղաքացիությունից
բխող իրավունքներն ու պարտականությունները: «Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության
կարգավիճակ տալու մասին» ՀՀ օրենքը հնարավորություն կընձեռի մեր հայրենակիցներին
ստանալու ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով, հայկական ծագման (էթնոսի) ապացույցներ
ներկայացնելով: Վստահաբար դա ոչ միայն կարող է դառնալ հայության՝ Հայրենիքի շուրջ
համախմբելու հիմք, այլեւ համահայկական ներուժի ձեւավորման եւ ՀՀ տնտեսության զարգացման
խթան։ Հարկ է նշել, որ թեեւ երկքաղաքացիության ինստիտուտի սահմանադրական ամրագրման
հիմնապատճառը պայմանավորված է ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության կարեւոր ուղղություններից
մեկի՝ արտերկրի հայերի հետ հարաբերությունների ամրապնդման երաշխիքների ապահովմամբ,
այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիներն եւ օտարերկրացիներն եւս կարող են ստանալ երկքաղաքացիություն՝
օրենսդրական կարգավորման որոշակի առանձնահատկություններով (որի օրենսդրական կարգավորումն
էլ համապատասխանաբար կկատարվի «Քաղաքացիության մասին» եւ «Օտարերկրացիների իրավական
կարգավիճակի մասին» ՀՀ օրենքներով): II. Նախագծի կարգավորման առարկան եւ
հասկացությունները Նախագծի կարգավորման առարկան սփյուռքահայությանը Հայաստանի
Հանրապետությունում երկքաղաքացիության կարգավիճակ տալու գործընթացի կազմակերպման
եւ դրանից բխող իրավունքների իրացման ու պարտականությունների կատարման ժամանակ առաջացող
իրավահարաբերությունների կարգավորումն է: Անհրաժեշտ է օրենքում նախատեսել
հիմնական հասկացությունների ցանկ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքում գործածվելիք
բազմաթիվ հասկացությունները ՀՀ-ում սակավ կիրառելիություն ունեն կամ էլ առհասարակ
անհայտ են: Մասնավորապես, պետք է տրվի այնպիսի հիմնահասկացությունների բնորոշումը,
ինչպիսիք են՝ երկքաղաքացիությունը, երկքաղաքացու կարգավիճակը, նրանց ընտրական իրավունքները
ու զինապարտության միջազգային հիմքերը, երկքաղաքացիություն շնորհող իրավասու մարմինները
եւ այլն: Երկքաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ
միաժամանակ մարդու պատկանելությունը այլ պետությունների քաղաքացիությանը (կամ անձը,
որն օժտված է երկու կամ ավելի պետությունների քաղաքացիությամբ, կամ միեւնույն անձի
իրավական պատկանելությունը երկու (կամ ավելի) պետություններին): Երկքաղաքացու
կարգավիճակ՝ հնարավորություն է ընձեռում նման անձին իրավունքներ իրացնել եւ պարտականություններ
կրել ՀՀ քաղաքացիների հետ համահավասար: Արդյունավետ քաղաքացիություն՝ երկքաղաքացու
ամուր, սերտ կապը որեւէ պետության հետ, որի առջեւ նա իրացնում է իր իրավունքներն
ու կրում հիմնական պարտավորությունները: Երկքաղաքացու ընտրական իրավունքը՝
երկքաղաքացիները ունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք՝ որոշակի նորմերի պահպանման
դեպքում: Երկքաղաքացու զինվորական պարտավորությունը՝ երկքաղաքացին պարտավոր
է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
Երկքաղաքացիության հարցերը կարգավորող իրավասու մարմինները՝ ՀՀ Նախագահը,
ՀՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը, Կառավարությունը: III.
Նախագծի նպատակն ու խնդիրները եւ կարգավորման սկզբունքները Նախագծի նպատակը
երկքաղաքացիների, օրենքով սահմանված կարգով, նրանց իրավունքների իրացման եւ պարտականությունների
կատարման համար լիարժեք եւ ՀՀ քաղաքացիների հետ համահավասար հնարավորությունների
ստեղծումն է: Երկքաղաքացիության կարգավիճակ տալու սկզբունքներն են. –
արդարությունը, – իրավահավասարությունը, – խտրականության բացառումը,
– իրավաչափությունը: Երկքաղաքացիության կարգավիճակ տալու խնդիրներն
են. – սփյուռքահայությանն իր ինքնության արմատներին կապելու եւ յուրաքանչյուրի
ազգային ներուժի դրսեւորման հնարավորության բացահայտումն ու պաշտպանությունը, –
երկքաղաքացիների իրավունքների իրացման եւ պարտավորությունների կատարման իրավական
կարգավորումը, ինչպես նաեւ նշվածի համար պետական կառուցակարգի ապահովումը: IV.
Երկքաղաքացիների կարգավիճակի մասին իրավական ակտերը 1. ՀՀ Սահմանադրությունը
(30.1 հոդ.), 2. Քաղաքացիության մասին օրենքը (ենթակա է փոփոխությունների),
3. Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին օրենք
կամ Երկքաղաքացիության մասին օրենք, 4. Զինապարտության մասին օրենք (ենթակա
է փոփոխությունների), 5. Այլընտրանքային ծառայության մասին օրենք (ենթակա
է փոփոխությունների/, 6. Ընտրական օրենսգիրք (ենթակա է փոփոխությունների),
7. Ընտանեկան օրենսգիրք (ենթակա է փոփոխությունների), 8. Քաղաքացիական
օրենսգիրք (ենթակա է փոփոխությունների), 9. Քրեական օրենսգիրք (ենթակա է փոփոխությունների):
V. Երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները (ընտրական
իրավունքներն, զինապարտությունն ու հարկային պարտավորությունները) Հայաստանի
Հանրապետությունը անդամակցելով եվրոկառույցներին, ստանձնել է նաեւ մի շարք կոնվենցիոն
պարտավորություններ, որոնք կազմում են ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Այդ
առումով ՀՀ համար կարեւոր է հետեւել երկքաղաքացիության իրավական կարգավորման միջազգային
չափորոշիչներին, որը պահանջում է հետեւյալ սկզբունքների պահպանում ներպետական օրենսդրությամբ:
Նախ, նշենք այն, որ երկքաղաքացիները տվյալ պետության քաղաքացիների հետ համահավասար
ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են Ազգության մասին
եվրոպական կոնվենցիայում ամրագրված սկզբունքներից (17-րդ հոդվածի 1-ին կետ, ԵԽ),
համաձայն որի որեւէ պետության տարածքում բնակվող երկքաղաքացիները ունեն հավասար իրավունքներ
եւ պարտականություններ (inter alia, անձնական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային)
տվյալ պետության քաղաքացիների հետ եւ Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայից,
համաձայն որի, այլ պետության քաղաքացիություն ունեցող քաղաքացիները մյուս պետության
տարածքում, որտեղ բնակվում են, օժտված են նույն իրավունքներով եւ կրում են նույն
պարտականությունները, որը եւ տվյալ պետության քաղաքացիները: Սա նշանակում է, որ ՀՀ
ուղղակի պարտավորություն է ստանձնում կատարելու վերոհիշյալ դրույթների պահանջները,
սակայն այդ իրավունքներն ու պարտավորությունները կյանքի կկոչվեն ՀՀ-ում երկքաղաքացիների
համար՝ միայն բնակություն (առավելապես, թե մշտապես) հաստատելուց հետո, այլապես նրանց
կշնորհվի ուղղակի երկրորդ քաղաքացիություն (երկրորդ անձնագրի առկայությամբ եւ յուրաքանչյուր
պետության կողմից կդիտվի միայն որպես իր քաղաքացի): Ազգության մասին եվրոպական կոնվենցիայի
17-րդ հոդվածի 2-րդ կետում մատնանշվում են այն դեպքերը, երբ չի կիրառվում հավասարությունը:
Դրանք են անդամ պետության կողմից իր քաղաքացու նկատմամբ, որը միեւնույն ժամանակ
հանդիսանում է նաեւ այլ երկրի քաղաքացի, դիվանագիտական եւ հյուպատոսական պաշտպանության
մասին միջազգային իրավունքի դրույթների կիրառումը, ինչպես նաեւ միջազգային մասնավոր
իրավունքի դրույթների կիրառումը բազմաքաղաքացիության դեպքում: Երկքաղաքացիների
իրավունքների եւ պարտականությունների իրավական կարգավորումը ունի որոշակի առանձնահատկություններ.
նրանց իրավունքների եւ պարտականությունների համաձայնեցման եւ իրավական կարգավորման
վերաբերյալ պետությունները կարող են կնքել երկկողմ միջպետական համաձայնագրեր: Այնուամենայնիվ,
միջազգային բազմակողմ պայմանագրերից /այս մասին է վկայում 1930թ. Երկքաղաքացիության
որոշ դեպքերում զինվորական ծառայության մասին Արձանագրությունը, 1963թ. Բազմաքաղաքացիության
դեպքերի թվի եւ բազմաքաղաքացիության դեպքերում զինապարտության կրճատման մասին Կոնվենցիան,
1997թ. Քաղաքացիության մասին եվրոպական Կոնվենցիան եւ այլ միջազգային իրավական ակտեր/
բխող հիմնական սկզբունքները, օրինակ երկքաղաքացիների զինապարտության հետ կապված հիմնահարցերի
կարգավորման դեպքում անհրաժեշտ է ամրագրել ՀՀ օրենսդրության մեջ։ Ըստ այդ, կարելի
է կատարել հետեւյալ հաստատումները. – երկքաղաքացիները զինապարտությունը պետք
է կրեն մշտական բնակության պետությունում: Այնուամենայնիվ, նրանք մինչեւ 19 տարին
լրանալը կարող են մյուս քաղաքացիության պետությունում որպես կամավորական զինապարտություն
կրել այն ժամկետին համարժեք, որը հավասար է իրենց մշտական բնակության պետությունում
սահմանված ծառայության ժամկետին: Փաստորեն, պետությունները համաձայնվում են, որ երկքաղաքացին
զորակոչվի այն երկրում, որտեղ նա մինչ զորակոչի տարիքը մշտապես բնակվում է, որը նրան
ազատում է զինապարտությունից այլ երկրում, որի քաղաքացին նա նույնպես հանդիսանում
է: Որոշ դեպքերում նման երկքաղաքացի-զորակոչիկին ընտրության հնարավորություն է տրվում.
– անձինք, ովքեր մշտապես բնակվում են միջպետական պայմանագրի մասնակից պետության
տարածքում, եւ չեն հանդիսանում նրա քաղաքացիները, կամ այն պետության տարածքում, որը
չի հանդիսանում նշված պայմանագրի մասնակից պետություն, կարող են զինապարտությունը
իրենց կամահայտնությամբ կրել ցանկացած մասնակից պետության տարածքում, որի քաղաքացիները
իրենք հանդիսանում են. – վերջին դեպքում նշված կանոնների համաձայն, զինապարտությունը
կատարած անձինք համարվում են իրենց զինապարտությունը կատարած՝ պայմանագրի ցանկացած
մասնակից պետության նկատմամբ. – անձինք, ովքեր մինչեւ քաղաքացիության հարցերով
միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելը կրել են զինապարտություն, համարվում են
մյուս պետության նկատմամբ զինապարտությունը կատարած. – եթե մշտական բնակության
վայրում (որի քաղաքացիները այդ անձինք հանդիսանում են) երկքաղաքացիները կատարել են
զինապարտությունը եւ այնուհետեւ մշտական բնակություն են հաստատել իրենց քաղաքացիության
այլ պետությունում, ենթակա են զինվորական ծառայության մշտական բնակություն հաստատած
վերջին պետությունում՝ միայն որպես պահեստային զինծառայող. – երկու պետություններից
մեկում զորահավաք հայտարարելիս այդ պետությունները ազատվում են թվարկված դրույթների
կատարումից: Պատերազմական գործողությունների մեջ գտնվող պետությունների երկքաղաքացիներին
երկու պետությունների հանդեպ թշնամի չդարձնելու նպատակահարմարությունից ելնելով,
երկքաղաքացին պետք է զորակոչվի այն պետության զինված ուժերի շարքում, որտեղ մշտապես
բնակվում է: Չնայած այս դրույթներին, պետք է նշել, որ միջազգային պրակտիկան այս հարցի
առնչությամբ գրեթե կարգավորված չէ, միայն կարելի է վկայակոչել 1949թ. Ժնեւի կոնվենցիաները
եւ դրանց լրացուցիչ արձանագրությունները, որոնք եւս մասամբ են լուծում առաջացած հիմնախնդիրները:
Ամփոփելով, նշենք, որ այն երկքաղաքացիները, որոնք իրենց զինվորական պարտականությունը
կրել են որեւէ պետությունում, չպետք է կրկնակի զինապարտություն կրեն ՀՀ-ում, այսինքն,
բացի մեկ պետությունից, երկրորդ պետությունում երկքաղաքացին չպետք է զինվորական պարտականություն
կրի: Ընդ որում, այն անձանց համար ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ եւ դիմում
են այլ երկրի քաղաքացիություն ստանալու՝ զինվորական ծառայությունը ՀՀ-ում պարտադիր
է։ Ինչ վերաբերում է ընտրական իրավունքի իրացմանը, ապա հարկ է նշել, որ այդ
իրավունքից երկքաղաքացիները կօգտվեն ՀՀ-ում առավելապես եւ անընդմեջ բնակություն հաստատելուց
հետո: Ինչպես վկայում է այս հարցի շուրջ իրավական կարգավորման միջազգային պրակտիկան,
ապա պետք է նշել, որ ոչ միայն երկքաղաքացիներին, այլեւ օտարերկրացիներին թույլատրվում
է օգտվել իրենց քաղաքական իրավունքներից՝ որոշակի սահմանափակումներով, որն իրավաչափ
է դիտվում միջազգային հանրության կողմից: Օրինակ, մասնակցել միայն տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրությանը, այն էլ երկքաղաքացիություն տրամադրող պետությունում որոշակի
ժամանակ բնակություն հաստատելուց հետո։ Այն դեպքում, երբ երկքաղաքացիները
հրաժարվում են բնակության երկրի նկատմամբ իրենց չեզոքությունից, ապա այդ դեպքում
ընտրական իրավունքներից զրկելը հանդիսանում է յուրաքանչյուր պետության պաշտպանության
բնական միջոց: Որոշ պետություններում երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ
գործում են որոշակի սահմանափակումներ ոչ միայն ընտրովի, այլեւ նշանակովի պաշտոններ
զբաղեցնելու հարցում: ՀՀ վերափոխված Սահմանադրության համաձայն որեւէ արգելք
չի գործում ընտրելու իրավունքի հետ կապված, ուստի եւ ՀՀ-ում երկքաղաքացիություն ստացած
անձինք չեն կարող չիրացնել իրենց ընտրելու իրավունքի հնարավորությունը: Տարբերակներից
մեկն է նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում համապետական ընտրությունները միայն ՀՀ տարածքում
անցկացնելու մասին դրույթի ամրագրումը։ Երկքաղաքացիների հարկային պարտավորությունների
հետ կապված հարցերը ենթակա են կարգավորման միջազգային պայմանագրերով: Այստեղ առանցքայինն
այն է, որպեսզի երկքաղաքացիների կրկնակի հարկումը բացառվի՝ երկկողմ միջպետական համաձայնագրերի
միջոցով (կրկնակի հարկումից խուսափելու եւ եկամտահարկի հարկումից խուսափելու կանխման
մասին) եւ կիրառվի արդյունավետ քաղաքացիությունը, այսինքն հարկերի, տուրքերի եւ այլ
վճարումների կատարումը իրականացվի այն պետությունում, որտեղ այդ անձինք առավելապես
եւ անընդմեջ կամ մշտապես բնակվում են, կամ որտեղ ակտիվորեն ծավալում են իրենց գործունեությունը,
կամ որտեղ գտնվում է նրանց եկամտի աղբյուրների վայրը: Պետությունների միջեւ
կրկնակի հարկման հետ կապված համաձայնագրերի բացակայության դեպքում գործում է այն
սկզբունքը, համաձայն որի երկքաղաքացին հարկվում է այն վայրում, որտեղ գտնվում է նրա
սեփականության գերակշիռ մասը: VI. Երկքաղաքացիություն ունենալու իրավունքը
եւ դրա սահմանափակման հնարավորությունը Երկու կամ ավելի պետությունների
քաղաքացիություն ունենալու իրավունքը հանդիսանում է բնականորեն ծագող իրավունք, որը,
ինչպես եւ ցանկացած իրավունք, կարող է օգտագործվել նրա իրացնողի կողմից ինչպես ի
բարօրություն, այնպես էլ ի վնաս պետության եւ հասարակության՝ կախված տարբեր հանգամանքներից:
Երկու կամ ավելի պետությունների քաղաքացիություն ունենալու իրավունքը բխում է նաեւ
երկքաղաքացիության կարգավորմանն ուղղված միջազգային բազմակողմ պայմանագրերի դրույթներից:
Երկու կամ ավելի պետությունների քաղաքացիություն ունենալու իրավունքը, ինչպես
եւ այլ իրավունքները, կարող են սահմանափակվել ժողովրդավարական հասարակությունում՝
այդ իրավունքի չարաշահման (շահագործման) կամ ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքերում:
VII. Երկքաղաքացիություն ձեռք բերելու հիմքերը Այլ
պետության քաղաքացիությունից բացի, հայազգի անձը ՀՀ քաղաքացիություն ձեռք է բերում
հայ ծագումը հավաստող ապացուցողական նշանակության փաստերի հիման վրա, օրենքով սահմանված
ընթացակարգով։ VIII. Երկքաղաքացիների ամուսնությունն ու ամուսնալուծությունը
ՀՀ Ընտանեկան օրենսգրքում անհրաժեշտ է կատարել պատշաճեցումներ,
որոնք ուղղված կլինեն երկքաղաքացիների ամուսնաընտանեկան հարաբերություններից ծագող
հարցերի կարգավորմանը: Կրկին անգամ փաստենք հետեւյալ երկու կարեւոր հիմնադրույթները.
– Այն դեպքում, երբ անձը ամուսնական հարաբերությունների մեջ կմտնի ՀՀ քաղաքացու(ցուհու)
հետ, ապա պետք է ՀՀ քաղաքացիություն ստանա պարզեցված կարգով: – Երկքաղաքացիների
ամուսնալուծության հետ կապված հարցերը ենթակա են լուծման այն պետության օրենսդրության
համաձայն, որտեղ ամուսինները մշտապես բնակվել են վերջին /– – տարիների ընթացքում/:
IX. Երկքաղաքացիներից ծնված երեխաների քաղաքացիության հարցը
Երկքաղաքացիների երեխաների քաղաքացիության հարցերը որոշվում են 1977
թ. ԵԽ շրջանակներում ընդունված բանաձեւերով (տարբեր քաղաքացիություններ ունեցող ամուսինների
քաղաքացիության եւ նման ամուսնություններից ծնված երեխաների քաղաքացիության վերաբերյալ
բանաձեւեր): Երկքաղաքացիներից ծնված երեխաների քաղաքացիության հարցը կարգավորվում
է ծնողների համաձայնությամբ: Վերջիններիս միջեւ համաձայնության բացակայության դեպքում
երեխայի քաղաքացիության հարցը կարգավորվում է նրա կամահայտնությամբ՝ չափահաս դառնալու
պահից: X. Երկքաղաքացիների դիվանագիտական պաշտպանությունը
Երկքաղաքացիների դիվանագիտական պաշտպանության հարցերը ենթակա են կարգավորման
բազմակողմ կամ երկկողմ համաձայնագրերով: Այնուամենայնիվ, օրենքում անհրաժեշտ է ամրագրել
այնպիսի դրույթ, համաձայն որի երկքաղաքացին պետք է գտնվի մեկ պետության դիվանագիտական
պաշտպանության ներքո: Երկքաղաքացին, որը գտնվում է երրորդ պետության տարածքում
եւ անհրաժեշտ է այդ երկքաղաքացուն ցուցաբերել դիվանագիտական պաշտպանություն, ապա
երրորդ պետությունը հաշվի է առնում երկքաղաքացու այն պետության կողմից դիվանագիտական
պաշտպանության հնարավորությունը, որի հետ երկքաղաքացին առավել ամուր փաստական կապեր
ունի: Այստեղ գործում է արդյունավետ քաղաքացիության սկզբունքը: XI. Երկքաղաքացիների
դատական պաշտպանության իրավունքը Երկքաղաքացիների դատական պաշտպանության
իրավունքի իրացման առնչությամբ կարելի է վկայակոչել միջազգային դատական մարմինների
կամ արբիտրաժների կողմից երկքաղաքացիության հարցերի քննարկման փորձը, սակայն դրանք
վերաբերում են առանձին դեպքերի, իսկ ընդհանուր իրավական եւ օրենսդրական սկզբունքներ
չեն մշակվել: Այս համատեքստում ներպետական օրենսդրության առումով նույնպես
ողջամիտ է կիրառել արդյունավետ քաղաքացիության սկզբունքը, որը ենթադրում է բնակության
ցենզի առկայությունը: XII. Երկու պետությունների քաղաքացիություններից
մեկից հրաժարվելը Երկքաղաքացին կարող է իր կամքի ազատ արտահայտմամբ հրաժարվել
իր երկու քաղաքացիություններից մեկից, եթե նպատակահարմար է գտնում կոնկրետ պետության
հետ պահպանել իր կայուն իրավական կապը: Այն դեպքում, երբ որեւէ պետություն
չի ճանաչում երկքաղաքացիության ինստիտուտը, ապա այդ պետության քաղաքացուն հնարավորություն
է տրվում որոշել, թե որ պետության քաղաքացիությունն է նա ցանկանում պահպանել կամ
ձեռք բերել նոր քաղաքացիություն: XIII. Երկքաղաքացիության ընդունման բացառումը
օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության
կարգավիճակ տալու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիությունից
հրաժարվելու եւ այլ պետության քաղաքացիություն ձեռքբերելուց հետո արգելվում է երկքաղաքացիության
ձեռքբերումը ՀՀ-ում: Նման բովանդակությամբ դրույթի նախատեսումը կհանդիսանա ՀՀ քաղաքացիների
համար այն զսպող գործոնը, որով նրանք կխուսափեն, երկքաղաքացիության ձեռքբերման անհնարինության
դեպքում, դիմել երկքաղաքացիության ձեռքբերմանը հետեւյալ ընթացակարգով. իրենց ազգային
քաղաքացիությունից հրաժարվելով, նրանք կընդունեն այլ պետության քաղաքացիություն,
այնուհետեւ կդիմեն ՀՀ իրավասու մարմիններին երկքաղաքացիություն ձեռքբերելու համար:
XIV. Ապօրինի հիմքերովերկքաղաքացիության ձեռքբերումը Ապօրինի
հիմքերով երկքաղաքացիության ձեռքբերումը ենթակա է քրեական պատասխանատվության: Քրեական
պատասխանատվությունը նման երկքաղաքացիների նկատմամբ կիրառվում է քրեական օրենսգրքի
համապատասխան դրույթների համաձայն: XV. Երկքաղաքացիության ինստիտուտի հեռանկարները
Քաղաքացիության ինստիտուտի զարգացումները հանգեցնում են նրան, որ գլոբալիզացիայի
պայմաններում բոլոր պետությունները ձգտում են «աշխարհի քաղաքացի» հասկացության ներդրմանը
ու շրջանառմանը: Այս առումով ուշագրավ է նաեւ Եվրոպական Միության քաղաքացիության
ինստիտուտը, որը նախատեսված է Մաաստրիխտի պայմանագրով, ինչպես նաեւ Եվրոպական Միության
չընդունված Սահմանադրությամբ եւ այլն: ԵՄ քաղաքացիությունը հնարավորություն կընձեռի
Եվրոպայի քաղաքացիներին ավելի լայն իրացնել իրենց իրավունքներն ու հիմնական ազատությունները:
«Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» ՀՀ օրենքում
անհրաժեշտ է նաեւ դրույթ նախատեսել երկքաղաքացիության եւ ԵՄ քաղաքացիության հարաբերակցության
մասին: Նախագիծը պատրաստել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել