Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ մի առումով արդարացված չէ

Ապրիլ 08,2006 00:00

Երեկ
ՀՀՇ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ Վարչախումբը գազի գնի մեղմացման
միջոցառումների անվան տակ կատարում է ժողովրդահաճ թվացող, իրականում ՀՀ ազգային անվտանգությունը
վտանգող եւ սեփական իշխանությունը պահպանելուն ու վերարտադրելուն ուղղված հերթական
քայլը: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը ռուսական պետական ընկերությանը օտարելը՝ դրա դիմաց
երեք տարի Հայաստանի սպառողներին իբր էժան գազ տրամադրելու համար, արդարացված չէ
ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական առումներով: Քաղաքական առումով.
երկրի ողջ էներգետիկան այլ պետության զիջելը այլ բան չէ, քան երկրի քաղաքական անկախության
կարեւորագույն հիմքերից մեկի կորուստ: Ինքը՝ Ռուսաստանը, օրենքով ապահովում է ռազմավարական
ոլորտներում, այդ թվում նաեւ էներգետիկայում պետական մասնաբաժնի գերակայությունը:
Հայաստանում արդեն իսկ էներգետիկ հզորությունների 80 տոկոսը Ռուսաստանի սեփականությունն
է: Այս գործարքով այդ տոկոսը գործնականում մոտենում է 100-ի: Տնտեսական առումով.
ինչպես «Գույք՝ պարտքի դիմաց» հայտնի գործարքով, այս դեպքում եւս պետության սեփականությունն
օտարվում է իր գնից անհամեմատ էժան եւ առանց հետագայում արդյունավետ աշխատելու որեւէ
երաշխիքի: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը շահագործման դեպքում ընդամենը 2-3 տարում կարող
է փակել այսօր դրա դիմաց տրված վճարը: Տնտեսական զարգացման երկնիշ թվերով պարծեցող
վարչախումբն իր անճարակության դիմաց օտարին է զիջում երկրի վերջին ռազմավարական կարեւորագույն
օբյեկտները՝ զուտ այսրոպեական սպառողական նպատակներով, ինչից ողջ ժողովրդի կրած իրական
վնասը բազմակի գերազանցելու է թվացյալ տնտեսական օգուտը: Սոցիալական առումով.
վարչախմբի մեկնաբանությունը՝ թե հիշյալ գործարքը իրականացվում է ելնելով Հայաստանի
ժողովրդի սոցիալական շահերից՝ իբր մեղմելու համար բնական գազի սակագինը, անամոթ խաբեություն
է. դրանով ոչ մի սոցիալական խնդիր չի լուծվում: Իրականում փոխհատուցվող գումարը հասնելու
է հիմնականում բնակչության ապահովված շերտերին եւ գազ սպառող արտադրության տեր, վարչախմբի
շուրջը գտնվող օլիգարխներին: Բնակչության առավել անապահով շերտերը եւ գազ չսպառող
մասը դրանից ոչ միայն ոչինչ չեն ստանալու, այլեւ դա արվում է հենց նրանց հաշվին:
Մինչդեռ գազի սակագինը կարելի էր նույն չափով մեղմել՝ այսօր դրա վաճառքից ստացվող
եւ գրպանվող գերշահույթի ու առկա այլ ռեսուրսների հաշվին: Ընդ
որում, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի գործարքից նախատեսվող 248,8 միլիոն դոլարը ամբողջությամբ
մտնում է պաշտպանության նախարարության ոչ մի կերպ չվերահսկվող հատուկ հաշիվ: Այսինքն՝
խայտառակ այս գործարքն իրականում մեկ նպատակ ունի. մի կողմից՝ մինչեւ առաջիկա ընտրությունները
մեղմել հնարավոր սոցիալական ընդվզումը, մյուս կողմից գոյացնել հսկայական եւ չվերահսկվող
ֆինանսական միջոցներ՝ ապահովելու համար վարչախմբի վերարտադրությունը այդ ընտրություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել