Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Ապրիլ 08,2006 00:00

Նման
կոչով դիմեց երեկ իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության ակտիվի ժողովին Րաֆֆի
Հովհաննիսյանը, նկատելով, որ ստեղծված վիճակը կարելի է «շտկել», եթե աշխատենք «ամենադժվարին
պայմաններում, ճնշումների ներքո, ձեռքերը քշտած»: Մայիսին սպասվում է «Ժառանգության»
հերթական համագումարը, որին կուսակցությունը պատրաստվում է ամենայն լրջությամբ եւ
մանրամասնությամբ, իսկ առայժմ՝ երեկ կայացած ակտիվի ժողովի ընթացքում կրկին անգամ
ամենայն մանրամասնությամբ ներկայացվեց «վիճակը», որում գտնվում է «մեր նախնիներից
իբրեւ ժառանգություն մեզ թողնված Հայոց տունը»: Իսկ վիճակը, դատելով ինչպես պարոն
Հովհաննիսյանի, այնպես էլ մյուս բանախոսների ելույթներից, բավականին անմխիթար է:
«Ժառանգության» անդամների համար հատկապես ցավալի հարց էր նոյեմբերի 27-ին «կայացած»
հանրաքվեն, որն ըստ Ր. Հովհաննիսյանի՝ «շարունակությունն էր հոկտեմբերի 27-ի, երբ
հանցավոր ու բռնի կերպով փոխվեց երկրի ընթացքը»: Իսկ Անահիտ Բախշյանը նույնիսկ ասաց,
որ այսօր իր հուսահատությունն ավելի խորն է, քան հոկտեմբերի 27-ին էր: Պարոն Հովհաննիսյանը
փաստեց, որ նոյեմբերի 27-ին 1միլիոնից ավելի կեղծիքներով անցկացված հանրաքվեն ավելի
խորացրեց ժողովրդի եւ իշխանությունների միջեւ եղած վիհը, իսկ «իշխող վարչակազմն ապացուցեց,
որ իր իշխանության պահպանման համար պատրաստ է դիմել ցանկացած անիրավությունների,
ստորությունների եւ մեղսագործությունների»: Այն մարմինը, որը պիտի ժողովրդի կամարտահայտման
վայրը լիներ՝ խորհրդարանը, ըստ պարոն Հովհաննիսյանի, այսօր շատ քիչ բացառություններով
հիշեցնում է «պատահականների հավաքատեղի՝ այն անկյալների համար, ովքեր բարեհաճում
են խորհրդարանում երեւալ միմիայն իրենց արտախորհրդարանական իշխանությունը պահպանելու
համար»: Պարոն Հովհաննիսյանի քննադատության թիրախ դարձան ոչ միայն «անկյալ պատգամավորները»:
Նա ոչ բարի խոսքերով հիշեց ինչպես քաղաքային իշխանություններին՝ ձյունառատ ձմեռվա
ընթացքում մայրաքաղաքի երթեւեկությունը կաթվածահար թողնելու, մարդկանց իրենց տներից
բնավեր անելու եւ փոխարենը բազմահարկ էլիտար շենքեր կառուցելու եւ այլ մեղքերի համար,
այնպես էլ՝ «գլխավոր դիվանագետին»՝ երկքաղաքացիությունը գովազդելու համար, իշխանական
բուրգի մյուս աստիճանների վրա գտնվողներին՝ «10-ամյա լռությունից հետո Սումգայիթը
հիշելու եւ Ջավախքի ժողովրդին անտեր թողնելու համար», եւ անգամ «ծախու գրչակներին»,
ովքեր «վերածվում են հանցախմբի շահերը սպասարկող օգտագործիքի», եւ փաստերը գլխիվայր
են շրջում եւ իրականությունը խեղաթյուրում: Սակայն բուրգի վերեւում, բնականաբար,
երկրի «փաստացի ղեկավարն է», ով ոչ միայն չի կատարել Սահմանադրությունը պաշտպանելու
մասին իր երկու խոստումները, այլեւ քանիցս ոտնահարել է երկրի Գլխավոր օրենքը: Նա
նախագահին մեղադրեց հանրաքվեի կեղծման, անկախ լրատվամիջոցների փակման, քաղաքացիական
հասարակության ոչնչացման եւ այլեւայլ «չարագործությունների» մեջ: Սակայն նորից
հիշեցնելով, որ «վիճակը շտկել կարելի է», պարոն Հովհաննիսյանը հիշեց մեծերից մեկի
խոսքը. «Չարիքը ծաղկացնողը մեկն է՝ լավ մարդկանց անգործությունը», եւ կոչ արեց աշխատել
ու «արմատախիլ անել չարիքը»: Իսկ աշխատանքի մեջ բոլորը պիտի հավասար լինեն՝ «նույնքան
տեր, որքան՝ ծառա», հետեւաբար տեղին համարեց հիշել նաեւ Նժդեհին, ով մարգարեացել
է՝ «ժողովուրդը, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջեւ, հաղթական հայրենիք
չի ունենա»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ.
Չմոռանանք նշել, որ «Ժառանգությունը» չէր մոռացել, որ երեկ օրը տոնական էր, եւ բոլոր
կանանց ծաղիկներ նվիրեց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւյալ խոսքը տոնի պսակն էր՝
«ուրախ եմ, որ այսօր մեզ է միանում իմ կյանքի ընկեր եւ վերին իշխանություն Արմենուհին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել