Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պանրի» գինը

Ապրիլ 08,2006 00:00

«Պանրի»
գինը «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանական լայն լիազորությունները
գտնվում են հնազանդ խորհրդարանի վերահսկողությունից դուրս, արդարադատության համակարգը
ենթարկվում է քաղաքական ճնշման եւ խոցելի է կոռուպցիայի տեսակետից: Այս ամենի հետ
մեկտեղ երկրի ընդդիմությունը թույլ է եւ մասնատված»: Սա հատված է ոչ թե «նախկին
հանցավորների» կամ «ռեւանշիստ վրիժառուների» ինչ-որ ընդհատակյա նիստի արձանագրությունից,
այլ վերջին շրջանում նույն Քոչարյանի ռեժիմի հետ տարօրինակության աստիճանի մերձեցած
պաշտոնական Վաշինգթոնի առանցքային ստորաբաժանումներից մեկի՝ Պետդեպի հրապարակած զեկույցից:
Եվ սա դեռ բոլորը չէ. «Ազատություն» ռ/կ-ից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը
բավական կծու ձեւակերպումներով անդրադարձել է նաեւ ՀՀ իշխանությունների քիմքին խիստ
տհաճ այնպիսի մի թեմայի, ինչպիսին ընտրությունների կեղծումն է: Մասնավորապես, Պետդեպը
կրկին հիշեցնում է լուրջ օրինախախտումներով անցած նախագահական եւ խորհրդարանական
ընտրությունների մասին՝ նշելով, որ 2005-ի նոյեմբերին նույն պատկերն էր սահմանադրական
հանրաքվեի ժամանակ: «Այս ամենի հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը չի շտապում
իրականացնել Եվրախորհրդին անդամակցելու համար առաջադրված նախապայմանները»,- ասված
է զեկույցում: Անշուշտ, առաջին տպավորությունն այն է, որ այստեղ թյուրիմացություն
կա: Տառացիորեն մի քանի օր առաջ նույն ԱՄՆ-ն նույն Պետդեպի ղեկավար Քոնդոլիզա Ռայսի
«թամադայությամբ» բարեկամության եւ համագործակցության ծնծղաների զվարթ հնչյունների
ներքո Հայաստանին մեծ գումարներ էր նվիրաբերում՝ ցուցադրաբար ընդգծելով ՀՀ գործող
ռեժիմի նկատմամբ իր բարեհաճությունը: Եվ հանկարծ այսպիսի հարված: Եվ այն էլ՝ գոտկատեղից
ներքեւ: Ի՞նչ է, Վարդան Խաչատրյանին փող տալուց Վաշինգթոնում չգիտեի՞ն, թե այստեղ
ինչպիսի հանրաքվե է եղել, կամ թե ինչ կոռումպացված համակարգի ձեռքն է ընկնում այդ
փողը: Քիչ ավելի ուշ տարակույսներն ավելի են թանձրանում, երբ հայտնի է դառնում, որ
պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնում Իլհամ Ալիեւը: Հանգամանք, որ իրավամբ կարող է դիտվել,
իբրեւ, այսպես կոչված, պարիտետի ցցուն խախտում՝ հօգուտ Ադրբեջանի: Ավելին՝ Պետդեպի
ներկայացուցիչ Ադամ Էրելին հինգշաբթի օրը հայտարարում է, որ Բուշի վարչակազմը ծրագրում
է մեծացնել Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնության ծավալները: Մինչդեռ,
բոլոր տարակույսները միանգամից հօդս են ցնդում, երբ մտաբերում ենք վերջին շրջանում
վաշինգթոնյան զանազան բարձրաստիճանների կողմից հետեւողականորեն արտահայտվող «համոզմունքները»՝
ԼՂ հակամարտությունը 2006թ. ընթացքում լուծելու հնարավորության մասին: Իսկ ահա թե
ինչ է ասում ադրբեջանաամերիկյան քննարկումների մասնակից, վերջերս ԱՄՆ-ից վերադարձած
փոխարտգործնախարար Արազ Ազիմովը. «Ռամբույեում ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցություններից
հետո ԱՄՆ-ն ավելացրել է դրան նպատակաուղղված ջանքերը»: Սա, փաստորեն, «անվճար պանրի»
գինն է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել