Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԴՈՒՔ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆՈ՞ՒՄ ԵՔ

Ապրիլ 08,2006 00:00

«Եթե կաշառք չուտեմ, ի՞նչ պիտի ուտեմ»,- իր նախկին շեֆի խոսքերը հիշեց պատգամավորներից մեկը

Խորհրդարանում երեկ շարունակվում էր հակակոռուպցիոն միջազգային գիտաժողովը, որի առաջին օրվա աշխատանքները լուսաբանել էի մեր թերթի նախորդ համարում: Հրապարակումից հետո ինձ զանգահարեց ընկերներիցս մեկը եւ նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն վայրն ամենեւին էլ Ազգային ժողովը չէ, որ դրա դեմ պայքարի այլ տեղեր կան:

Մենք էլ մեր հերթին երեկ փորձեցինք պատգամավորներին շատ կոնկրետ հարց ուղղել՝ իսկ իրենք երբեւէ կաշառք տվել կամ վերցրե՞լ են, կամ իրենց համարո՞ւմ են կոռումպացված: Ինչպես եւ սպասում էինք, նրանցից ոչ մեկը հանկարծակիի չեկավ եւ չվիրավորվեց հարցից, ընդհակառակը՝ ոմանք էլ փորձեցին պատասխաններն այնպես կառուցել, որ իբր հարցը հռետորական է եւ իրենք իրավունք ունեն դրան պատասխանել ոչ թե կոնկրետ իրենց մասով, այլ՝ ընդհանրապես, փիլիսոփայորեն: Մեկը նույնիսկ հիշեց իր նախկին «շեֆին», որին երբ հարցնում էին, թե ինչո՞ւ է այդքան կաշառք «ուտում», պատասխանում էր՝ «Բա որ կաշառք չուտեմ, ի՞նչ ուտեմ»:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախ նկատեց, որ «Կոռուպցիայի դեմ պայքարը վերաբերում է իշխանության բոլոր օղակներին, եւ այդ պայքարում ավելի շատ շահագրգիռ պիտի լինեն ժողովուրդը եւ հասարակական կազմակերպությունները: Համենայնդեպս, վերջին շրջանում տարածված է հետեւյալ իրողությունը՝ մարդը եթե սպորտասեր է, խոսում է սպորտից, եթե ընկերասեր է՝ խոսում է ընկերասիրությունից, իսկ եթե կաշառակեր է եւ կաշառք է սիրում, խոսում է կաշառքից: Այս միտումը կա Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք եւ այդ մասին չխոսենք: Կոռուպցիայի դեմ ամբողջ աշխարհն է պայքարում, եւ դրա դեմ պայքարի ամենակարեւոր միջոցը երկրի տնտեսական հզորացումն է, եւ որոշակի գործոն կարող է լինել նաեւ պատիժների իրականացումը»: Գալուստ Սահակյանը մեր ուղիղ հարցին՝ իսկ ինքը կաշառք վերցրե՞լ կամ տվե՞լ է, պատասխանեց շատ ավելի հստակ. «Այդպես կոնկրետ չպատասխանեմ, որովհետեւ աբսուրդ կլինի, եթե որեւէ մեկին հարցնես կաշառք վերցրե՞լ ես, ասի՝ հա: Եվ խնդիրն այն է, որ մեր իրականության մեջ գայթակղությունը մեծ է, մարդիկ ապրուստի խնդիր ունեն»:

Թերեւս ավելի անկեղծ պատասխան դժվար էր լսել: Նույն խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը մեր հարցին՝ ձեզ երբեւէ կաշառք առաջարկե՞լ են, կամ ինքներդ կաշառք տվե՞լ եք, պատասխանեց. «Չէ, ճիշտն ասած, երբեք այնպիսի «պոստերում» չեմ եղել, որ ինձ կաշառք առաջարկեին, իսկ տալ՝ ինքս չեմ կարող: Շատ նեղվում եմ դրանից, այդ շնորհքը չունեմ եւ դրա համար էլ գործերիս մի զգալի մասն առաջ չի գնում»:

«Ժողպատգամավոր» խմբի անդամ Լյովա Խաչատրյանը՝ հնարավո՞ր է կաշառակերության դեմ պայքարել խորհրդարանում հարցին ի պատասխան, որոշեց շատ կոնկրետ պատասխանել եւ ամենայն անկեղծությամբ ասաց. «Խորհրդարանում ի՞նչ կաշառք են տալիս, որ պայքարենք: Երեք տարի խորհրդարանում եմ, ոչ մեկն ինձ կաշառք չի առաջարկել: Մենք օրենսդիր իշխանություն ենք, ոչ մի գործադիր լծակ չունենք, մեզ մոտ ի՞նչ կաշառք»: Իսկ ինքը՝ պատգամավորը երբեք կաշառք չի՞ տվել: «Երբեք կաշառք չեմ տալիս, ինձ էլ չեն առաջարկում, որովհետեւ ես երբեք չինովնիկ չեմ եղել»,- պատասխանեց ապարանցի պատգամավորը: Նույնիսկ հիշեց նախընտրական իր հանդիպումները ապարանցիների հետ, երբ ինքը ուղիղ տեքստով հայտարարել է. «Ապարանցիներ, ես ձեզնից կաշառք չեմ վերցնելու այնքան ժամանակ, քանի դեռ ձեզանից յուրաքանչյուրի աշխատավարձը չի դառնա հազար դոլար: Հենց որ ամեն ամիս դուք այդքան աշխատավարձ կստանաք՝ կխոսենք»:

Պատգամավոր Արմեն Դանիելյանը որպես իրավաբան գնահատելով հարցը՝ նախ բացատրեց կոռուպցիայի եւ կաշառքի տարբերությունները, հետո էլ նկատեց, որ երբեք ոչ մեկի մտքով չի անցնի կաշառք առաջարկել պատգամավորներին, քանի որ պատգամավորը չինովնիկ չէ եւ գործադիր մարմնի լծակներ չունի, իսկ իր մասով էլ նկատեց. «Անկեղծ ասած, ես նման ստվերային գործարքներով չեմ զբաղվել եւ չեմ զբաղվելու, իհարկե, որոշ մարդիկ այլ կերպ կպատասխանեն, կասեն՝ կաշառքը հարյուր կիլոգրամանոց «շտանգա» (ծանրաձող- Մ. Ե.) չի, որ չվերցնենք: Դա իրենց գործն է, ուղղակի եթե ես ձգտեի կաշառքի, բնականաբար չէի հայտնվի օրենսդիր մարմնում եւ չէի ձգտի դեպի քաղաքական դաշտ»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել