Լրահոս
Օրվա լրահոսը

65-ով բարիշեցինք

Ապրիլ 07,2006 00:00

65-ով բարիշեցինք Ռուսաստանին հանձնվեց եւս երկու ռազմավարական օբյեկը Բնակչության համար գազի նոր սակագինը սահմանվեց 65 դրամ՝ 1 խ/մ գազի դիմաց, որը կգործի ապրիլի 10-ից մինչեւ 2008թ. ավարտը: Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջերս սահմանած սակագինը 90 դրամ էր: Այսինքն, 25 դրամը կառավարության՝ թանկացումը մեղմելու գումարն է: Իսկ խոշոր սպառողների համար նախատեսված 1000 խ/մ-ի դիմաց 146,51 դոլարն իջավ 52,01 դոլարին համարժեք դրամ: «Գազպրոմի» հետ բանակցությունները վարող էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երեկ նաեւ տեղեկացրեց, որ մեղմումը Հայաստանին արժեցել է Հրազդանի ՋԷԿ-ի վաճառքը «Գազպրոմին»՝ 248,8 մլն դոլարով, որից 188 մլն-ը կուղղվի «մեղմելուն», այսինքն՝ «ՀայՌուսգազարդին», իսկ 60 մլն-ը՝ պետբյուջե: Նաեւ խոստացվեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն գազի այս սակագնի պայմաններում չի լինի: Իրան-Հայաստան գազամուղին «Գազպրոմին» բաժնետեր դարձնելու մասին մեր հարցին Ա. Մովսիսյանը պատասխանեց. «Գազամուղը դեռ չի գործում, որպես տնտեսվարող սուբյեկտ հանդես գալ չէր կարող, հետեւաբար բաժնետոմսեր էլ չուներ, որ վաճառեինք»: Մինչդեռ երեկ «Գազպրոմի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ գազատարի 40 կմ հատվածը ՀՀ կառավարությունը հանձնել է ռուսներին, եւ առք ու վաճառքի նախնական պայմանագիրը նախատեսվում է կնքել մինչեւ ապրիլի 14-ը, իսկ սեփականության իրավունքի վերջնական հանձնումը պետք է իրականացվի մինչեւ 2007 թ. հունվարի 1-ը: Թերեւս գազամուղի մի հատվածը նրա կարծիքով բաժին չէ, իսկ դրա տերն էլ, հետեւաբար՝ բաժնետեր չէ: Ավելին, ըստ համաձայնագրի, Հայաստանը պարտավորվում է նաեւ «ՀայՌուսգազարդին» տրամադրել Իրան-Հայաստան գազամուղի շուրջ 197 կմ երկարությամբ երկրորդ տեղամասի շինարարության պատվիրատուի գործառույթները: Մի քանի ամիս առաջ պարոն Մովսիսյանը հայտնել էր, որ Հայաստանն էլ ծախելու ոչինչ չունի, բայց պարզվեց՝ ունի. «Հանգամանքները փոխվեցին»,- պատասխանեց նա: Թեպետ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով ռուսներին հանձնված օբյեկտներն առայսօր անգործ վիճակում են, նախարարն այս մի գույքի համար վստահ է, որ «այնտեղ ներդրումներ են արվելու, հզորություններն են մեծացվելու» եւ այլն: Երկրի էներգետիկ անկախության վրա էլ, պարզվում է, աշխատող խոշոր էներգաբլոկից զրկվելը ազդեցություն չի ունենա, նաեւ՝ «էներգիայի այլ աղբյուրներ էլ ունենք, իսկ գազի աղբյուրն այժմ մեկն է»: Հարցին, թե ինչո՞ւ խուսափեցին էներգաբլոկի՝ բաց մրցույթով վաճառքից, նախարարն ասաց, թե 2 տարի առաջ փորձել են վաճառել, բայց ավելի ցածր գին են առաջարկել: Ինչքա՞ն՝ նախարարը չուզեց բարձրաձայնել, պատճառաբանելով, թե այս բանակցությունների վրա ստվեր կընկնի: Այսինքն հասկանանք, որ էներգաբլոկը մերոնք ռուսներին «տուլի՞տ» են արել: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել