Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԻԱԿԻԶԱՐԱՆ

Ապրիլ 07,2006 00:00

ԴԻԱԿԻԶԱՐԱՆ ՉԷ՝ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆ Է Աղքատ երկրում բիզնես անելը դժվար է Հարավ-արեւմտյան թաղամասի Րաֆֆու 23 հասցեում վեր է խոյանում մի նոր շինություն, որն արտաքին ձեւավորմամբ եւ ճարտարապետական լուծումներով թաղամասի որոշ բնակիչների դժգոհությունն է հարուցել. «Պատերից ոնց որ արյուն կաթա, էս ի՞նչ վախենալու շենք են սարքում, մարդ չի հասկանում՝ դիակիզարա՞ն է, թե՞ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նոր մեթոդ»,- «Առավոտին» բողոքեցին բնակիչները: Նույն դժգոհությամբ նրանք դիմել են նաեւ տարածքի սեփականատիրոջը՝ Սեդրակ Խզրթյանին, հորդորելով, թե «գնացեք ուրիշ տեղ կառուցեք, մեր երեխեքը գիշերով տուն չեն կարողանում գալ, շենքին նայելով՝ լեղաճաք են լինում»: Այս բողոքները՝ մի կողմից, քաղաքապետարանի, հարկայինի եւ այլ ծառայությունների հետ կապված խնդիրները՝ մյուս կողմից, այնքան են հիասթափեցրել Ամերիկայի քաղաքացի, ծնունդով հայ Խզրթյանին, որ վերջինս, դեռ շենքի շինարարությունը չավարտած՝ որոշել է այն չբացել, համենայնդեպս, մեզ հետ զրույցում նա այդպես վստահեցրեց. «Էլ ներվեր չի մնում, մազերս սպիտակեցին, երբ Հայաստան եկա՝ սեւահեր տղա էի: Աղքատ երկրում բիզնես անելը շատ դժվար ա: Երբ մարդիկ տեսնում են՝ գրպանիդ պարունակությունն ավելի շատ ա, քան իրենցը, աչքը տնկում են քո գրպանի վրա»: Նրա ներկայացմամբ՝ ինքը 25 տարեկանից մեկնել է ԱՄՆ, հալալ քրտինքով փող է վաստակել, այնտեղ մեծ բիզնես է ունեցել, բայց տուն-տեղ, օբյեկտները թողել է, եկել է հայրենիք, որ այդ փողը ներդնի այստեղ, մինչդեռ ոտքը հայրենի օջախ չդրած՝ սկսել են պրոբլեմները: Պարոն Խզրթյանն այնքան դառնացած էր հայրենիքից ու հայի «չուզողությունից», որ վերջնականապես նրան Ամերիկա չուղարկելու համար բնակիչներից մեզ հասած բողոքների մի մասը նույնիսկ չհիշատակեցինք: Նրա կառուցած նոր շինության շուրջ խոսակցությունները թեժացել են հատկապես վերջին ամիսներին, երբ շինարարները հասել են շենքի արտաքին պատերի ձեւավորմանը: Բնակիչների ներկայացմամբ՝ «շենքը քանի գնում՝ նմանվում էր սատանայական ինչ-որ կառույցի»: Ուստի առաջին վարկածը, որ սկսվեց պտտվել, այն էր, թե նոր շինությունը նախատեսված է դիակիզման համար, մանավանդ, որ ԱԺ-ն նոր էր հաստատել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը: Շրջանառվող այլ կարծիքների համաձայն՝ երեխաների համար զվարճալիքների կենտրոն են կառուցում կամ տարածքը գնել է մի հրեա եւ իր համար առանձնատուն է սարքում: Բառացիորեն 2 օր առաջ շինարարները շենքի ճակատին փակցրել են «Մեր տունը» անունը՝ բնակիչներին ավելորդ տառապանքներից ու մտատանջություններից ազատելու համար, սակայն այս անվանումն էլ վերջիններիս ոչինչ չի հուշել: Մինչ օրս թաղամասի մեծերից ով բռնացնում է սեփականատիրոջը՝ «շաքարի բարձրացման» դեմ դեղամիջոց է պահանջում: Իրականում այդ խորհրդավոր շինությունը մայրաքաղաքի հերթական ռեստորանային համալիրներից է լինելու՝ լողավազանով, ջակուզիով եւ ժամանակակից այլ հարմարություններով: Նախկինում այդ տարածքում «99 cent» կոչվող հանրախանութ էր, որը նույնպես պատկանում էր պարոն Խզրթյանին, սակայն նրա խոսքերով՝ «էնքան հոգնացրեցին՝ ստիպված փակեցի»: Թե ինչու է որոշել հենց Հարավ-արեւմտյան թաղամասում նման թանկ օբյեկտ կառուցել, նա պատասխանեց. «Ես կասկադում էլ տարածքներ ունեմ, Աշտարակի ճամփին էլ, մայրաքաղաքում էնքան հող ունեմ, որ եթե ուզենայի՝ ցանկացած տեղ կարող էի կառուցել, բայց քանի որ ծնունդով Մալաթիայից եմ, ուզեցի հենց իմ խանութի տեղում սարքել, չնայած արդեն փոշմանել եմ: Ընդ որում, հաշվի առնելով, որ սա աղքատ թաղամաս ա, որոշել էի գներն այնքան մատչելի դնել, որ բոլոր բնակիչներն օգտվեին, բայց ընենց են անում, որ հիմա նույնիսկ կարող ա սենց սարքեմ, դռները փակեմ ու էթամ, սա էլ մնա՝ որպես թանգարանային շինություն: Ամերիկայում ես մի քանի հատ ըսենց օբյեկտներ, առեւտրի կենտրոններ եմ բացել, մի հատ պրոբլեմ իմ համար չեն ստեղծել: Իսկ Հայաստանում 2002-ից նամակներ եմ գրել քաղաքապետարանին, որ խանութին հարող ազատ տարածությունը տա՝ իմ միջոցներով բարեկարգեմ, կանաչապատեմ, դարձնեմ այգի՝ հա տանում-բերում են: Ես քաղաքի տեսքի համար էլ եմ մտածում, մանր-մունր բուտկաները ամբողջ համայնքը տեսքից գցում են: Դրա համար առաջարկել էի մոտակա ժեշտից բուտկա ունեցողներին, որ տարածքը թողնեն՝ կանաչապատեմ, փոխարենը նույն տերիտորիայում նորմալ, ավելի մեծ տարածքով սեփականաշնորհված խանութ տամ՝ չհամաձայնեցին: Ուղղակի հայի խասիաթ ա, մենք լավերին չենք սիրում: Էն, ինչ հիմա Անդրեի հետ են անում՝ սաղի հետ են նույն կերպ վարվում: Ես ոչ ձեր միջոցներով եմ հարստացել, ոչ էլ ձեր գրպանից ինձ մի կոպեկ եք տվել, ուրիշ երկրից եմ հավաքել, աշխատել, հլը մի բան էլ՝ ինչքան կարողացել եմ՝ էնտեղից օգնել եմ»: Ինչ վերաբերում է ռեստորանային համալիրի «վախենալու» տեսքին՝ Ս. Խզրթյանի մեկնաբանությամբ՝ «այն, ինչ ստանդարտներից դուրս է, սկզբում միշտ էլ չեն ընդունում, հայերի աչքը էս սովորական կուբիկներին է սովոր, հենց մի քիչ իմպրովիզացիա ես անում, մի քիչ հետաքրքրություն ես մտցնում, վայ-վույը դնում են»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել