ՀՈՒՄ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ «Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» օրենքի նախագծի հայեցակարգն այսպես է գնահատում իրավագետ Վարդան Պողոսյանը: Ուսումնասիրելով հայեցակարգի այն տեքստը, որ տպագրվել էր երեկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ տեղադրվել yerkir.am կայքում՝ Վարդան Պողոսյանը հայտնաբերել է հակասություններ: Եվ դրանցից ամենակարեւորը երկքաղաքացիություն ձեռք բերելու հիմքերի վերաբերյալ տարբերվող ձեւակերպումներն են: Ըստ «Երկիրի»՝ «Այլ պետության քաղաքացիությունից բացի, հայազգի անձը ՀՀ քաղաքացիություն ձեռք է բերում հայ ծագումը հավաստող ապացուցողական նշանակության փաստերի հիման վրա, օրենքով սահմանված ընթացակարգով»: Մինչդեռ «ՀՀ»-ում հրապարակված հայեցակարգում երկքաղաքացիություն ձեռք բերելու համար շարադրվում են մի քանի պայմաններ: Մեջբերենք. «Այլ պետության քաղաքացիությունից բացի, հայազգի անձը ՀՀ քաղաքացիություն ձեռք է բերում հետեւյալ դեպքերում. 8211 ՀՀ-ում բնակություն հաստատելուց անմիջապես հետո, -հայ ծագումը հավաստող ապացուցողական նշանակության փաստաթղթերի հիման վրա, – մինչեւ վերջնական բնակություն հաստատելը, անձը պետք է վերջին 3 տարվա իր եկամտի (որտեղ էլ գոյացած լինի) որոշակի տոկոսը վճարած լինի ՀՀ հարկային ծառայությանը որպես ազգային տուրք»: Ըստ Վարդան Պողոսյանի՝ «Հենց միայն այս երկու նախագծերի բաղդատումը ցույց է տալիս, որ հայեցակարգի հեղինակներն, այնուամենայնիվ, վերջնական ու ճշգրիտ պատկերացում չունեն, թե իրենք ինչպե՞ս են ուզում կարգավորել սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցը եւ ի՞նչ հիմքեր են իրենք նախատեսում դրա համար»: Սակայն պնդեց, որ հրապարակված երկու փաստաթղթերն էլ «բավական հում են, լի իրարամերժ դրույթներով եւ, ըստ էության, չեն կարգավորում այն հիմնական խնդիրը, որը ծագել էր սահմանադրական փոփոխություններից, այսինքն՝ երկքաղաքացիության արգելքի վերացումից հետո»: Վարդան Պողոսյանը մատնանշեց հայեցակարգի իրարամերժ դրույթների մի քանի օրինակներ. «Մի կողմից նշվում է, թե տվյալ օրենքի կարգավորման առարկան արտերկրի հայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելն է, մյուս կողմից՝ նրանց պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհելը, եւ բացի այս ամենից՝ նույն փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք վերաբերում են ընդհանրապես երկքաղաքացիությանը: Մասնավորապես՝ կարգավորվում է այն հարցը, թե ՀՀ քաղաքացին ինչպես չի կարող ձեռք բերել կրկնակի քաղաքացիություն՝ եթե սկզբում հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից, հետո ընդունի այլ պետության քաղաքացիություն»: Մեր զրուցակիցը հիշատակեց, թե հայեցակարգի նախագծում ընդգծված է, որ այնուամենայնիվ անհրաժեշտ է ընդունել «Երկքաղաքացիության մասին» օրենք կամ «Քաղաքացիության մասին» օրենքում նախատեսել համապատասխան դրույթներ. «Բայց ինքը՝ փաստաթուղթը, որոշակի կարգավորումներ է կատարում նաեւ այս հարցում: Ես սխալ եմ համարում նման մոտեցումները, քանի որ երկքաղաքացիության արգելքի վերացումից հետո առաջացած իրավական վիճակը պահանջում է միասնակա՛ն կարգավորում: Այլապես, եթե մենք կարգավորում ենք միայն արտերկրի հայերին երկքաղաքացիություն շնորհելու կարգը, ու մյուս կողմից էլ ասում, թե առանց երկկողմանի պայմանագրերի, ըստ էության, ոչինչ չի կարող ստացվել՝ հարց է առաջանում, թե ի՞նչ է տեղի ունենալու այն դեպքում, եթե Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին ցանկանա ձեռք բերել մեկ այլ պայմանագրի մասնակից պետության քաղաքացիություն: Եվ եթե մենք այդ հարցը միասնական չենք կարգավորում՝ ստացվում է, որ սփյուռքահայը ստանում է մի կարգավիճակ, երբ ձեռք է բերում նաեւ ՀՀ քաղաքացիություն, իսկ ՀՀ քաղաքացին, երբ ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն՝ ստանում է մեկ այլ կարգավիճակ: Նման կարգավորումները կլինեն իսկապես այնքան իրարամերժ, որ անհնարին կլինի կիրառել»: Սակայն որպես հայեցակարգի ամենակարեւոր թերություն Վարդան Պողոսյանը մատնանշեց. «Նախատեսվում է օրենքի միջոցով կարգավորել այնպիսի դրույթներ, որոնք, ըստ էության, հնարավոր չէ կարգավորել օրենքով: Մասնավորապես՝ խոսքը զինվորական ծառայության եւ հարկային պարտավորությունների մասին է: Սրանք այնպիսի դրույթներ են, որոնք չեն կարող չկարգավորվել միջազգային երկկողմանի պայմանագրերով: Եթե մենք նույնիսկ մեր օրենքում ամրագրենք նման դրույթներ, ապա միեւնույն է՝ դրանք չեն գործելու հակառակ պետության նկատմամբ: Եվ եթե այնուամենայնիվ կնքվի միջազգային պայմանագիր, ապա դրա դրույթները կարող են տարբերվել ՀՀ օրենքից, ու այդ դեպքում, ըստ մեր Սահմանադրության՝ միեւնույն է, գործելու են միջազգային պայմանագրի դրույթները: Այսինքն՝ հայեցակարգն այս հարցում, ցավոք, չի մտցրել որեւէ հստակություն»: Ըստ իրավագետի, հայեցակարգն անհստակ է թողել նաեւ ամենաառանցքային խնդրի՝ ընտրական իրավունքի խնդրի լուծումը. «Կարծում եմ, եթե հայեցակարգի հեղինակներին հարցեր տաք, թե օրինակ՝ երկքաղաքացին կարո՞ղ է դառնալ ՀՀ նախագահ կամ ԱԺ պատգամավոր, ապա նրանք տալու են իրարամերժ պատասխաններ, քանի որ հայեցակարգից որեւէ բան դեռեւս չի երեւում այս կապակցությամբ»: Հիշեցրինք, թե այս հարցն ասուլիսում տրվել է ՀՅԴ ղեկավարներին, եւ նրանցից մեկն ասաց, որ երկքաղաքացին կարող է դառնալ ՀՀ նախագահ ու պատգամավոր, իսկ մյուսը, թե կառավարության կարգով եւ օրենքով կարելի է սահմանել այն պաշտոնների ցանկը, որոնք իրավունք ունի զբաղեցնել միայն ՀՀ քաղաքացին: «Մեկը մի բան է ասել, մյուսը՝ տրամաբանորեն հակառակը, բայց դա չի կարեւորը: Կարեւորն այն է, որ կառավարությունը որեւէ կարգով չի կարող կարգավորել նման խնդիր,- նկատեց Վարդան Պողոսյանը:- Եվ բացի ընտրական իրավունքի հարցի չկարգավորված լինելուց՝ կարգավորված չէ նաեւ հանրային ծառայության կամ պետական կարեւորագույն պաշտոնների անցնելու հետ կապված հիմնախնդիրը: Այն պետք է լուծվի բացառապե՛ս օրենքի մակարդակով, քանի որ եթե երկքաղաքացիների վրա տարածվում են հանրային ծառայության կամ պետական պաշտոնի անցնելու մասին դրույթները, ապա դրանց սահմանափակումների համար Սահմանադրությունը նախատեսում է միայն օրենքի մակարդակ: Կառավարությունը երբե՛ք չի կարող որոշել, թե երկքաղաքացին կարո՞ղ է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոն կամ լինել ԱԱ ծառայության ղեկավար, թե՞ չի կարող: Այս խնդիրները պետք է կարգավորվեն օրենքով եւ հայեցակարգի հեղինակները պետք է պատասխաններ տային այս հարցերին՝ անիմաստ էր այստեղ վկայակոչել կառավարության սահմանելիք կարգը: Մարդու իրավունքների խախտում կլինի, եթե օրենքով չկարգավորվի այս հարցը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ