Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլ 07,2006 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԵԼՈՒ ԵՆ ՌՈՒՍՆԵՐԸ Մոտավորապես այս է Սմբատ Այվազյանի գնահատականը երեկ ՀՀ կառավարության ու «Գազպրոմի» միջեւ ձեռք բերված համաձայնությանը: Երեկ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Հայաստանի ռազմավարական նշանակության էներգետիկ օբյեկտների՝ Հրազդանի ՋԷԿ-ի կիսակառույց 5-րդ էներգաբլոկի կառուցման, սեփականության եւ շահագործման իրավունքը ռուսական «Գազպրոմ»-ին փոխանցելու՝ 248,8 միլիոն դոլարով վաճառելու վերաբերյալ: Միաժամանակ համաձայնագրով նախատեսվում է, որ «ՀայՌուսգազարդը» ՀՀ կառավարությունից ձեռք է բերելու նաեւ ոչ միայն Իրան-Հայաստան գազամուղի կառուցման 40 կիլոմետրանոց հատվածը, այլեւ այդ գազատարի երկրորդ հատվածի՝ մոտ 197 կմ, շինարարության իրականացման իրավունքը: Ասել է թե՝ սույն համաձայնագրով Հայաստանի էներգետիկ ոլորտի լիակատար վերահսկողությունն անցնում է ՌԴ-ին: Այս թեմայի շուրջ զրուցեցինք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հետ: – Հայաստանի անկախության, ազգային անվտանգության եւ էներգետիկ անկախության իմաստով ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս գործարքը: – Ակնհայտ է, որ Ռուսաստանը հետեւողականորեն իր վերահսկողության տակ է վերցնում ՀՀ էներգետիկ ոլորտը ու փորձում է տարածաշրջանում իր քաղաքականությունն իրականացնել՝ հիմնվելով էներգետիկ համակարգերի վրա: Իսկ այս գործարքն ավելի է խորացնելու Հայաստանը ՌԴ-ի գուբերնիան դարձնելու պրոցեսը: Չեմ կարծում, թե այս գործարքը վերջին մեկ շաբաթների արդյունք էր: Հակված եմ մտածելու, որ դա եղել է հասարակության թիկունքում վաղուց կայացված որոշում: Ազգային անվտանգության հայեցակարգ է մշակվում, որտեղ հնարավոր է, որ որպես այլընտրանքային եղանակ քննարկման դրվեր նաեւ Իրան-Եվրոպա գազամուղի կառուցումը: Բայց այս համաձայնագրով այդ գազամուղն արդեն իսկ մերը չէ: Ես կարող եմ միանշանակ պնդել, որ այս համաձայնագիրը կնքվել կամ կնքվելու է Հայաստանի անվտանգության հաշվին եւ ավելի գլոբալ իմաստով ապագայում ձեռնտու չի լինելու Հայաստանին: Սա նշանակում է նաեւ, որ մենք մեր տարածքում որեւէ բան որոշել չենք կարող: Համոզված եմ, որ սրա շարունակությունը լինելու է այն, որ ՌԴ-ն հայտարարելու է, թե պատրաստ է ֆինանսավորել ապագայում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը: Այսօր արդեն ՀՀ էներգետիկ բոլոր լծակները Ռուսաստանի ձեռքում են: Ակնհայտ էր, որ էներգետիկ համակարգը մեր երկրի ողնաշարն է ու թելադրող է տնտեսությունում: Իսկ եթե մեր շուկային թելադրողը ոչ թե մենք, այլ ուրիշ երկիր է լինելու, հետեւաբար ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականություն թելադրողն էլ մենք չենք լինելու: – Ռ. Քոչարյանը երեկ հավաստիացրել էր, թե սա սակագնային քաղաքականությունը ավելի ճկուն կդարձնի, որ գազի սակագինն արդյունքում էլ ավելի կիջնի: Արդյոք զուտ տնտեսական իմաստով դա շահավե՞տ գործարք է: – Նման եւ ավելի հզոր ծրագրեր՝ 450 մլն դոլար, կային դեռեւս 99թ.-ից կամ ավելի վաղուցվանից՝ Իրան-Հայաստան համաձայնությունների շրջանակներում: Դրանով նախատեսվում էր շահագործել նաեւ Երեւանի ՋԷԿ-ը, որը պետք է արդիականացվեր, որի արտադրած էլեկտրաէներգիան ավելի էժան էր լինելու, քան այսօր արտադրվողը: Նույնը վերաբերելու էր նաեւ Հրազդանի ՋԷԿ-ին: Բայց այդ դեպքում Հայաստանն ավելի անկախ էր լինելու որոշումներ ընդունելու իմաստով: -Այդ դեպքում ինչո՞ւ իշխանություններն ընտրեցին ոչ թե այդ, այլ ՌԴ առաջարկած տարբերակը: – Ակնհայտ է, որ ռուսներին ձեռնտու է այս տարածաշրջանում թելադրող լինել, իսկ Հայաստանի իշխանությունները որեւէ բան չեն կարող անել ՌԴ-ին հակադրվելու համար, որովհետեւ դրածոներ են: Սա հակաժողովրդական ընտրությունների, իշխանության բռնազավթման արդյունքն է, երբ Քոչարյանը ՌԴ կողմից նշանակվեց ՀՀ տարածքում որպես ռուսական ներկայացուցիչ: – Իսկ ի՞նչն է ստիպել Քոչարյանին գնալ այս ակնհայտորեն ոչ ամենալավ լուծմանը: – Կարծում եմ՝ Քոչարյանը ՀՀ-ում իր իշխանությունը վերարտադրելու եւ որոշակի իմաստով նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հնարավոր լուծումը երկարաձգելու համար իր վաղեմի «պարտնյորին» այդ հարցում դարձյալ շահագրգռելու խնդիր է ունեցել: Կարծում եմ, մեր հասարակությունը միանշանակորեն կմերժի այս գործարքը եւ կպայքարի իր անկախության համար: Բացի այդ, հասարակության մոտ հարց է առաջանալու, չէ՞, որտե՞ղ է եւ ի՞նչ եղավ այն 150 մլն դոլարը, որը «ՀայՌուսգազարդը» փոխանցել էր Հայաստանին այդ ընկերությունը ստեղծելու ժամանակ, ո՞վ գրպանեց, ո՞վ գողացավ այդ գումարը, որը կարող էր ներդրվել նույն այդ էներգետիկ համակարգում: 97-98թթ.-ին էներգետիկ համակարգի գրավչությունը բարձրացնելու համար պետական բյուջեից բավականին գումարներ էին ներդրվել եւ լուրջ հարկային արտոնություններ էին տրվել այս համակարգին: Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ ԲԷՑ-երը վաճառվեցին 32 մլն դոլարով, երբ այն ժամանակ դրա գինը շատ ավելի մեծ էր: 98-ին արտասահմանյան ընկերությունները պատրաստ էին ԲԷՑ-երի համար վճարել անհամեմատ շատ՝ 100-200 մլն դոլար: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել