Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՆԵՆԱՆՔ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՔԱԿԱ՞Ն

Ապրիլ 07,2006 00:00

Ազատ
եւ հունահռոմեական ըմբշամարտերի Հայաստանի ազգային հավաքականներն այս օրերին ուսումնամարզական
վերջին հավաքներն են անցկացնում ապրիլի վերջին Մոսկվայում մեկնարկող Եվրոպայի առաջնություններից
առաջ: Եվրոպայի առաջնության նախապատրաստությունների ընթացքին, ստուգատեսից
մեր հավաքականների գլխավոր մարզիչների ակնկալիքներին անդրադարձել ենք նախորդ համարներում:
Սակայն այն ժամանակ դեռեւս անհայտ էր, թե ովքե՞ր են պաշտպանելու Հայաստանի մարզական
դրոշի պատիվը: Բանն այն է, որ լուրեր էին պտտվում, թե ռուսաստանցի մի քանի բարձրակարգ
ըմբիշներ առաջիկա տարիներին համալրելու են Հայաստանի ընտրանիների կազմերը: Եվ ՀԱՕԿ-ի
նախագահն էլ վերջերս մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ
հաստատեց այդ լուրերը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ովքե՞ր են այդ լեգեոներականները
եւ արդյո՞ք նրանք Եվրոպայի այս առաջնություններում ներկայացնելու են մեր հանրապետությունը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, սահմանված կարգի համաձայն, նախնական հայտ
է ներկայացրել կազմկոմիտե, որում նշված են հավանական այն ըմբիշների անունները, ում
գլխավոր մարզիչները կընտրեն վերջնականապես: Եվ այսպես, ազատ ոճում հայտացուցակում
ընդգրկված են. 55 կգ՝ Վահան Սիմոնյան, Էդուարդ Աթայան 60 կգ՝ Արմեն
Կարապետյան, Սեւակ Բաղդյան 66 կգ՝ Սուրեն Մարկոսյան, Արշակ Հայրապետյան, Ժիրայր
Հովհաննիսյան 74 կգ՝ Հարություն Ենոքյան, Ռուսլան Կոկաեւ 84 կգ՝ Հաբեթնակ
Կուրղինյան, Վադիմ Լալիեւ 96 կգ՝ Շամիլ Գիտինով 120 կգ՝ Ռուսլան Բասիեւ:
Հունահռոմեական ոճ. 55 կգ՝ Ռոման Ամոյան, Աշոտ Խաչատրյան 60
կգ՝ Կարեն Մնացականյան, Վահան Ջուհարյան 66 կգ՝ Վահրամ Հունանյան, Արտակ Հարությունյան
74 կգ՝ Մխիթար Հունանյան, Մովսես Կարապետյան, Էդգար Բաբայան 84 կգ՝
Տիգրան Սահակյան, Արման Գեղամյան 96 կգ՝ Ռոբերտ Պետրոսյան 120 կգ՝
Յուրի Պատրիկեեւ: Խոսակցություններ են գնում նաեւ 84 կգ քաշային կարգում Օլեգ
Ֆորովին հայտավորելու մասին, սակայն նրա հարցում դեռ քննարկումներ են ընթանում: Վերը
նշված գրեթե բոլոր ըմբիշներն էլ ներկայացնում են Հարավային Օսեթիան եւ Ռուսաստանի
հարավային շրջանները ու տարբեր տարիքային խմբերում աշխարհի, Եվրոպայի առաջնությունների,
միջազգային խոշոր մրցաշարերի հաղթողներ եւ մրցանակակիրներ են: Մենք տեղեկացանք նաեւ,
որ օրերս Ռուսաստանի սիրողական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Մամուկա Մամիաշվիլին
Հայաստանի իր գործընկերներին պաշտոնական նամակով իրազեկել է, որ դեմ չէ, որպեսզի
ազատ ոճային ըմբիշներ Վադիմ Լալիեւը, Ռուսլան Կոկաեւը, Շամիլ Գիտինովը եւ Ռուսլան
Բասիեւը հանդես գան Հայաստանի հավաքականի կազմում: Իսկ ո՞ւր են մեր աղջիկները
Մոսկվայում կայանալու է նաեւ կանանց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ
Հայաստանը ներկայացնելու է Կիսլովոդսկից հրավիրված մեր հայրենակցուհին՝ 72 կգ քաշային
Կարինե Շադոյանը: Չնայած ըստ նախնական տեղեկությունների նա արդեն 29 տարեկան է, սակայն
գտնվում է լավ մարզավիճակում: Կարինեն Իվան Յարիգինի այս տարվա միջազգային հեղինակավոր
մրցաշարի հաղթողն է: Իսկ ի՞նչ եղավ Հայաստանում կանանց ըմբշամարտը, որը 90-ականների
վերջից բավականին առաջընթաց էր ապրել: 2000-2003 թվականներին արդեն հանրապետության
աղջիկների առաջնություններ էին անցկացվում, որոնց մասնակցում էր շուրջ 20-25 հոգի:
Ավելին, մեր աղջիկները, մասնավորապես՝ Լիլիթ Պողոսյանը, Մերի Կարապետյանը, Տաթեւիկ
Բադալյանը, նույնիսկ միջազգային մրցագորգ էին դուրս եկել: Իսկ երբ ուշադրությունը
կանանց ըմբշամարտի նկատմամբ վերջին երկու-երեք տարում նվազեց, մեր մարզուհիներից
շատերը «փոխեցին մասնագիտությունը» ու էլի գերազանց են հանդես գալիս: Օրինակ, Լիլիթը
անցած տարի սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում բարձրացավ պատվո պատվանդանի
3-րդ աստիճանին: Մեր ունեցած տեղեկություններով՝ գորգի մեր աղջիկ վարպետները
մեծ ցանկություն ունեն վերադառնալ ըմբշամարտ: Սակայն դրա համար հարկավոր է նրանց
էլ համապատասխան վերաբերմունքի արժանացնել, ինչպես տղաներին: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել