Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տարվա ուշացումով

Ապրիլ 07,2006 00:00

«Ա. Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 8-ին,
երկու տարի ուշացումով կնշվի աշխարհում իր երկարակեցությամբ միակ՝ Կոմիտասի անվան
լարային քառյակի 80-ամյակը: Ինչպես ժամանակին տեղեկացրել էր «Առավոտը», քառյակն
իր հոբելյանական համերգաշարը սկսել է դեռեւս 2004թ. մարտի 11-ից: Մշակույթի նախարարությունից
փորձեցինք ճշտել՝ այս կոլեկտիվի դեպքո՞ւմ ինչն էր հոբելյանական երեկոյի ուշացման
պատճառը եւ կեսկատակ-կեսլուրջ հարցրինք. «Ինչպե՞ս է նախարարությունը պատրաստվում
փոխհատուցել իր հասցրած «վնասը»: Հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու
Գայանե Դուրգարյանը հավաստիացրեց, որ 2005-ին քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ
Թադեւոսյանը նամակ-խնդրանքով դիմել է նախարարություն՝ իրենց հոբելյանը 2006թ. գարնանը
նշելու կապակցությամբ. «Պատճառը կապված էր քառյակի նոր համերգային ծրագրի հետ»: Տիկին
Դուրգարյանի վերջին նախադասությունը կարելի է ընկալել պատասխան մեր կեսկատակ-կեսլուրջ
հարցի: Իրականում մարդկային պատկերացումներից դուրս է այն, որ նման համբավավոր կոլեկտիվին
նոր ծրագիր պատրաստելու համար մեկ տարի է անհրաժեշտ: Համոզված ենք, որ վերջին միտքը
կհաստատեն մասնագետները: Ժամանակին «Առավոտի» անդրադարձը քառյակի 80-ամյակին
ու նպատակային «հետաքննությունները»՝ աշխարհում իր երկարակեցությամբ միակ քառյակը
Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու հարցում, ցավոք, տվեցին գոնե մեզ համար ոչ տրամաբանական
պատասխանը. պարզվում է, ռեկորդների գրքում քառյակը կգրանցվեր այն դեպքում, եթե հիմնադիր
երաժիշտներից գոնե մեկը այսօր աշխատեր կոլեկտիվում: Խնդրեցինք երաժշտագետ, Կոմիտասի
անվան պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանին՝ հակիրճ ներկայացնել քառյակի
պատմությունը: «Կոմիտասի անվան քառյակը հիմնադրվել է 1924-ին՝ Մոսկվայի Չայկովսկու
անվան կոնսերվատորիայի սաներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լեւոն Օհանջանյանի
(2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) եւ Սարգիս Ասլամազյանի (թավջութակ) ջանքերով:
Հասկանալի պատճառով, տարիների ընթացքում քառյակի կազմը բազմիցս փոփոխության է ենթարկվել:
Մինչեւ 1976-ը այն գործում էր Մոսկվայում»,- պատմեց երաժշտագետը: «Այսօրվա կազմում
ընդգրկված երաժիշտները՝ կոնսերվատորիայի պրոֆեսոր, քառյակի առաջին ջութակահար Էդուարդ
Թադեւոսյանը 36 տարի է, ինչ հանդիսանում է քառյակի գեղարվեստական ղեկավարը: Երկրորդ
ջութակահար Սուրեն Հախնազարյանը նույնպես մեր կոնսերվատորիայի պրոֆեսորն է եւ քառյակում
աշխատում է 22 տարի: 16 տարի քառյակի երաժիշտներից է ալտահար, կոնսերվատորիայի պրոֆեսոր
Ալեքսանդր Կոսեմյանը: Թավջութակահար Արամ Թալալյանն էլ, որը կոնսերվատորիայի դոցենտ
է, քառյակում աշխատում է 6 տարի»,- տեղեկացրեց Նելլի Ավետիսյանը: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել