Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՉԿԱՆ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐՆԵՐ

Ապրիլ 07,2006 00:00

Պարզաբանում
են մասնագետները «Էքսկուրսավարը պիտի լինի տեղեկացված, լավ իմանա իր երկրի
պատմությունը եւ մշակույթը, քանզի զբոսաշրջիկներին ամենից շատ հետաքրքրում են ազգային
առանձնահատկություններին վերաբերող հարցեր»,- սա գործող էքսկուրսավար Քրիստինե Հայրապետյանի
կարծիքն է։ Հաճախ կարելի է լսել, թե Հայաստանում զարգանում է զբոսաշրջությունը։
Սակայն ոլորտի որոշ մասնագետներ կարծում են, որ զբոսաշրջիկների թվի ավելացմանը զուգահեռ՝
նոսրանում են տուրիզմի ոլորտում աշխատող բարձրակարգ մասնագետների շարքերը։ Արդյունքում՝
տուրիստական կազմակերպությունները ստիպված են կազմակերպել դասընթացներ՝ իրենց համար
էքսկուրսավարներ պատրաստելու համար։ «Մեր բուհերում ոչ ոք լուրջ չի զբաղվում այս
հարցով։ Բուհերի մագիստրոսներին, ավարտական կուրսի ուսանողներին, ովքեր օտար լեզու
գիտեն, որոշ չափով տեղյակ են հայոց պատմությանը, աշխարհագրությանը, հրավիրում ենք,
երեք ամիս վճարովի դասընթացների միջոցով աշխատում նրանց հետ»,- «Հյուր» սերվիսի տնօրեն
Արամ Հակոբյանը միշտ այսպես է ընտրում իր կազմակերպությունում աշխատող էքսկուրսավարներին։
«Մեր բուհերը մի՞թե չեն կարող պատրաստել հայոց պատմություն, աշխարհագրություն
իմացող, ընդհանուր գիտելիքներ ունեցող կադրեր։ Չէ՞ որ Հայաստանում գործում է Սլավոնական
համալսարան, որն ունի տուրիզմի ֆակուլտետ, կա Տուրիզմի հայկական ինստիտուտ»,- զարմանում
է պրն Հակոբյանը։ «Ինստիտուտի խնդիրը բոլորովին էլ գիդ պատրաստելը չէ։ Այն պատրաստում
է տուրիստական շուկայի համար մասնագետներ, մենեջերներ՝ Ռուսաստանի կրթական ծրագրերով։
Սակայն կազմակերպում ենք էքսկուրսավարների լրացուցիչ դասընթացներ»,- տեղեկացրեց Ռուսաստանի
տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր
Ռոբերտ Մինասյանը։ 2003-ին ԱԺ-ի ընդունած օրենքի համաձայն՝ էքսկուրսավարների
գործունեությունը լիցենզավորվում է։ Ենթադրվում է, որ որոշակի կրթություն ստացած
անձնավորությունը պետք է պատասխանի մշակված որոշ հարցերի։ Եթե բավարարեց պետության
սահմանած որոշակի չափանիշներին, կստանա լիցենզավորում։ Սակայն լիցենզավորումը եւս
դժգոհություններ է առաջացրել։ «Այդ հարցերով չի ստուգվում անձի լեզվական մակարդակը,
նա կարո՞ղ է էքսկուրսիա վարել, շփվել մարդկանց հետ։ Բացի այդ, լիցենզիան պիտի լինի
ժամկետով՝ գոնե երեք տարին մեկ էքսկուրսավարը պիտի հաստատի իր գիտելիքները։ Անհրաժեշտ
է, որ պետությունը հստակ չափորոշիչ հաստատի եւ սահմանի հսկողություն։ Ով չի իրականացնի
պետության ծրագիրը՝ նա դուրս կմա այդ գործընթացից»,- կարծում է Ռ. Մինասյանը։ «Էքսկուրսավարների
պատրաստման դասընթացները երեքամսյա են: Մինչդեռ երեք ամիսը բավարար չէ էքսկուրսավար
դառնալու համար, ինչպես չորս տարին բավարար չէ մաթեմատիկոս կամ բանասեր դառնալու
համար։ Նաեւ չեմ կարող երաշխավորել, որ մեր դասընթացներին մասնակցած յուրաքանչյուր
ոք կարող է ստանալ լիցենզիա»,- պարզաբանեց «Հյուր» սերվիսի տնօրեն Արամ Հակոբյանը։
Վերջինս պատմեց նաեւ, որ էքսկուրսավարի աշխատանք ստանալու համար իրենց սերվիս
դիմած մի անձնավորության երբ հարցրել են, թե Գառնիում որտե՞ղ են մոմ վառում, ստացել
են՝ «աջ կողմի վրա» պատասխանը։ Կամ մեկ այլ հարցի՝ թե ի՞նչ հիշարժան բան է տեսել
Գառնիում, ապագա «էքսկուրսավարը» պատասխանել է՝ սուվենիրների խանութ։ «Այդքան խոսում
են տուրիզմի զարգացման ու զբոսաշրջիկներ ներգրավելու մասին, բայց մոռանում են, որ
վերջիններիս նախ գրագետ սպասարկել է պետք»,- մտահոգված է «Հյուրի» տնօրենը։ ՏԱԹԵՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել