Վստահ է պատգամավոր Թաթուլ Մանասերյանը
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանը հայտարարեց. «Մաքսային կոմիտեն դարձել է մի կառույց, որը պարբերաբար խախտում է օրենքը: Իսկ օրենքը խախտելը, բոլորս գիտենք, որ հանցագործություն է: Այսինքն՝ մաքսային կոմիտեի պետը տվյալ պարագայում հանցագործ է»: Պատգամավորը հայտարարեց նաեւ, որ Հայաստան ներկրվող մի շարք ապրանքատեսակների որոշ ներկրողներ մաքսային կոմիտեի պետի համար ունեն արտոնյալ կարգավիճակ: «Որոշներից մաքսային արժեքի կեսն է գանձվում, ոմանցից ընդհանրապես ոչինչ չի գանձվում»,- վստահեցրեց Թաթուլ Մանասերյանը: Թաթուլ Մանասերյանը ժամանակին մաքսային կոմիտեին հարցապնդում է արել՝ խնդրելով տվյալներ ներկայացնել Հայաստան ներկրվող մի քանի ապրանքատեսակների մաքսային արժեքի գանձման վերաբերյալ:
Երեկ ժամկետը լրացել էր, իսկ պատասխան չկար: «Միայն սուրճի ներկրման պարագայում պետական բյուջեն մաքսայինի կամայականության եւ անօրինականության պատճառով կրում է տարեկան 10 միլիոն դոլարի վնաս: Որպես օրինակ ներկայացնեմ. «Ռոյալ Արմենիա» ընկերությունից գանձում են 1 դոլար 80 ցենտ, իսկ նույն որակի, նույն քանակի, նույն ծագման սուրճի համար ներկրող այլ 9 ընկերությունից գանձում են գրեթե կրկնակի էժան վճար: Ես չեմ ասում, թե ինչու են «Ռոյալ Արմենիայից» թանկ գանձում, ես ասում եմ՝ ինչու են մյուսներից այդքան էժան գանձում»,- հստակեցնում է Թաթուլ Մանասերյանը: Նա նաեւ վստահ է, որ «Ռոյալ Արմենիայի» հանդեպ մաքսայինը վրեժ է լուծում կաշառք չստանալու պատճառով. «Ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանից կաշառք են պահանջել, իսկ նա հրաժարվել է մաքսայինին կաշառք տալ: Դրա համար էլ մաքսայինի պետ Արմեն Ավետիսյանը այժմ վրեժխնդիր է լինում»,- նշում է պատգամավորը: Իսկ այդ վրեժխնդրությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը, ինչի հետեւանքով «Ռոյալ Արմենիայի» նախագահ Գագիկ Հակոբյանն ու տնօրեն Արամ Ղազարյանը արդեն 6 ամիս պահվում են նախնական կալանքի տակ:
Սուրճից բացի, խոսվեց նաեւ բենզինի մասին, եւ ասվեց, որ միայն բենզինի ներկրման ստվերայնության պատճառով Հայաստանի բյուջեն տարեկան կրում է 55 միլիոն դոլարի վնաս: Իսկ ընդհանրապես մաքսայինի համախառն մեքենայությունների հետեւանքով, ըստ Թաթուլ Մանասերյանի, պետությանը հասցվում է համախառն ներքին արդյունքի մոտ 1,5 տոկոսի չափ վնաս:
Մ. ԵՍԱՅԱՆ