Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՆ «ԻԲՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ»

Ապրիլ 07,2006 00:00

ՔՎԵԱՐԿԵԼՈՒ
ԵՆ «ԻԲՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ» Շուտով Հայաստանում անցկացվելու են արտահերթ
պայմանական ընտրություններ, քվեարկության պայմանական գործընթացով: Այս ամենը ենթադրվում
է այն պայմանավորվածություններով, որոնք կայացվել են ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի
մասնակցությամբ ընթացած կոալիցիայի քաղաքական խորհրդի վերջին նիստում:
Քննարկվել են «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները, որոնցից մեկի համաձայն՝ «Քվեարկության
ընթացքում քվեարկության խցերից 3 մետր հեռավորության վրա, իսկ բացառիկ դեպքերում,
դրա անհնարինության դեպքում՝ 2 մետր հեռավորության վրա, սահմանվում է համապատասխան
գոտի՝ արգելափակիչ ժապավենով, որն ունի մեկ մուտք եւ մեկ ելք: Այդ գոտում քվեարկության
խցերի քանակից ավելի թվով քվեարկողների գտնվելն արգելվում է»: ԱԺ փոխնախագահ Տիգրան
Թորոսյանն ասաց, թե պայմանավորվել են «նայել՝ եղած տեղամասերում դա հնարավո՞ր է իրականացնել,
թե՞ ոչ: Միգուցե ոչ թե 3 մետր պետք է լինի, այլ 2: Նույնը վերաբերում է նաեւ տեղամասերում
քվեարկության գործընթացին՝ ծրարներ, բազմագույն քվեաթերթիկներ եւ այլն: Պետք է փորձել,
թե գործնականում այս ամենն ի վերջո ի՞նչ է, ինչի՞ է հանգեցնելու»: Հարցին, թե ինչպե՞ս
են փորձելու՝ պրն Թորոսյանը պատասխանեց. «Կնստեն մարդիկ, որոնք իբր ընտրական հանձնաժողովի
անդամ են, կլինեն իբր ընտրողներ: Եվ կփորձեն՝ տեսնեն, թե ի՞նչ է ստացվում, ինչքա՞ն
ժամանակում է հնարավոր իրականացնել քվեարկության այս փոփոխություններով նախատեսվող
ընթացակարգը: Նախագծի մոտեցումները տեսականորեն միգուցե իսկապես օգտակար կարող էին
լինել, բայց գործնականում կարող են վնասել գործընթացին: Եթե այս մտավախությունը հաստատվի՝
մինչեւ օրենքի ընդունումը հարկ է շտկումներ անել նախագծում: Այսինքն, խնդիրը մեկն
է՝ հանկարծ նախագծում չմնան դրույթներ, որոնք այսօր թվում է, թե բարելավման են տանում,
բայց վաղը կարող են ուղղակի տեխնիկական պատճառ դառնալ ընտրություններում թերություններ
առաջացնելու համար»: Ա. Ի.Հ. Գ. «Ընտրական օրենսգրքի» մասին ԱԺ նախագահի տեսակետը՝
վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել