Ըստ
ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի՝ «ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ, բայցեւ՝ ավտորիտար
էլ չէ: Սա Լուկաշենկոյի կամ Նազարբաեւի երկիրը չի: Մենք ճողված վիճակում ենք: Բայց
սպասելիքներ դեռ կան»: Երեկ ՄԱԱ կազմակերպած հայ-ամերիկյան հարաբերություններին
նվիրված քննարկմանը մասնակցում էին այդ հարաբերությունները դրական գնահատողները:
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, չնայած սկզբում շեշտեց, որ «ՀՀ անկախացումից հետո
բոլոր աշխարհաքաղաքական միավորները իրենց վերահսկողությունը տարածաշրջանում պահելու
համար նախընտրեցին ՀՀ-ն պահել թերզարգացած», բայց բնական համարելով տարածաշրջանը
վերահսկելու ԱՄՆ ցանկությունը՝ ասաց. «ԱՄՆ ծրագրերի իրագործումը ՀՀ-ում ուղղված է
ժողովրդավարության հաստատմանը, առավել եւս՝ եթե համեմատենք ՌԴ ծրագրերի հետ»: Ըստ
բանախոսի, Արեւմուտքը ՀՀ հետ հարաբերություններում ավելի նուրբ է գործել եւ ի տարբերություն
ՌԴ-ի՝ «չի հարուցել ժողովրդի դժգոհությունը»: Հ. Խաչատրյանի համար որեւէ երկրի հետ
հարաբերությունները դրական գնահատելու պայմանը այդ երկրի կողմից ԼՂ-ի անկախության
ճանաչումն է: Այս հայտարարությունը հարուցեց ներկաների զարմանքը՝ «ախր դեռ Հայաստանը
դա չի ճանաչել»: Սակայն ՍԻՄ նախագահը անդրդվելիորեն շարունակեց. «Այդ առումով լավ
եմ գնահատում մեր հարաբերությունները եւ հույս ունեմ՝ ավելի լավ կլինի»: Կարծես
այս միտքը շարունակելով՝ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի
ղեկավար Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ «ԱՄՆ միակ երկիրն է, որ ԼՂ-ին (չեմ ասում ԼՂՀ-ին)
ուղիղ օժանդակություն է ցույց տվել», եւ շտապեց հայ-ամերիկյան հարաբերությունները
գնահատել «լավ եւ լավանալու հնարավորություններ ունեցող»: Հաշվի առնելով, որ «ԱՄՆ
համար կարեւոր է տարածաշրջանում նվազեցնել ՌԴ ազդեցությունը եւ թույլ չտալ Իրանի
ազդեցության զարգացումը», նա նկատեց, որ եթե այդ երկու երկրների հետ ԱՄՆ հարաբերությունները
սրվեն՝ մեզ համար վատ կլինի: Դրան անդրադարձավ նաեւ Շավարշ Քոչարյանը՝ ասելով, թե
ԱՄՆ-Իրան հարաբերություններում կարող է լինել քաղաքակրթությունների բախում կամ երկխոսություն:
Իսկ երկխոսությունն ապահովելու համար՝ «ՀՀ-ն ուղղակի «գտած» երկիր է»: Երբ պարոն
Մանոյանը հայտարարեց, թե «ԱՄՆ-ն ՀՀ-ն համարում է տարածաշրջանի ամենակայուն երկիրը»,
հնչեց ռեպլիկ՝ բա Ադրբեջա՞նը: Ի պատասխան հետեւեց. «Ադրբեջանի կայունությունն իրենց
կողմից է պարտադրված, իսկ մեր կայունությունը ինքնաբուխ է: ՀՀ-ն կայուն մնաց 98-ից,
99-ից հետո, մինչեւ հիմա: ԱՄՆ-ը որեւէ երկրի ժողովրդավարացումն ուզում է տվյալ երկիրն
ավելի կանխատեսելի դարձնելու համար: Բայց նրանք համոզվեցին, որ սրանից ավելի կանխատեսելի
ՀՀ-ն չի լինի»: ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, հիշելով պատմությունը,
զգուշացրեց. «ՀՀ անվտանգությունից ելնելով շատ վտանգավոր է երկարաժամկետ կապվել որեւէ
պետության հետ, օրինակ՝ ՌԴ-ի: Եվ հայ-ամերիկյան հարաբերություններն էլ պետք է դիտվեն
մեր անվտանգության տեսակետից»: Ասենք, եթե ԱՄՆ-ը խնդրանքով դիմի Հայաստանին՝ թույլ
տվեք ձեր տարածքն օգտագործել Իրանի դեմ քայլեր ձեռնարկելու համար, մենք պետք է, ըստ
Խ. Հարությունյանի, պատասխանենք՝ «Ո՜չ, պարոն ԱՄՆ, շրջանցեք մեզ, խնդրեմ», ու բացատրենք
Իրանի հետ մեր հարաբերություններն ու մեր անվտանգությունից բխող շահերը: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ