Մոտավորապես
այս է Սմբատ Այվազյանի գնահատականը երեկ ՀՀ կառավարության ու «Գազպրոմի» միջեւ ձեռք
բերված համաձայնությանը: Երեկ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնության են
եկել Հայաստանի ռազմավարական նշանակության էներգետիկ օբյեկտների՝ Հրազդանի ՋԷԿ-ի
կիսակառույց 5-րդ էներգաբլոկի կառուցման, սեփականության եւ շահագործման իրավունքը
ռուսական «Գազպրոմ»-ին փոխանցելու՝ 248,8 միլիոն դոլարով վաճառելու վերաբերյալ: Միաժամանակ
համաձայնագրով նախատեսվում է, որ «ՀայՌուսգազարդը» ՀՀ կառավարությունից ձեռք է բերելու
նաեւ ոչ միայն Իրան-Հայաստան գազամուղի կառուցման 40 կիլոմետրանոց հատվածը, այլեւ
այդ գազատարի երկրորդ հատվածի՝ մոտ 197 կմ, շինարարության իրականացման իրավունքը:
Ասել է թե՝ սույն համաձայնագրով Հայաստանի էներգետիկ ոլորտի լիակատար վերահսկողությունն
անցնում է ՌԴ-ին: Այս թեմայի շուրջ զրուցեցինք «Հանրապետություն» կուսակցության
քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հետ: – Հայաստանի անկախության, ազգային
անվտանգության եւ էներգետիկ անկախության իմաստով ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ
այս գործարքը: – Ակնհայտ է, որ Ռուսաստանը հետեւողականորեն իր վերահսկողության
տակ է վերցնում ՀՀ էներգետիկ ոլորտը ու փորձում է տարածաշրջանում իր քաղաքականությունն
իրականացնել՝ հիմնվելով էներգետիկ համակարգերի վրա: Իսկ այս գործարքն ավելի է խորացնելու
Հայաստանը ՌԴ-ի գուբերնիան դարձնելու պրոցեսը: Չեմ կարծում, թե այս գործարքը վերջին
մեկ շաբաթների արդյունք էր: Հակված եմ մտածելու, որ դա եղել է հասարակության թիկունքում
վաղուց կայացված որոշում: Ազգային անվտանգության հայեցակարգ է մշակվում, որտեղ հնարավոր
է, որ որպես այլընտրանքային եղանակ քննարկման դրվեր նաեւ Իրան-Եվրոպա գազամուղի կառուցումը:
Բայց այս համաձայնագրով այդ գազամուղն արդեն իսկ մերը չէ: Ես կարող եմ միանշանակ
պնդել, որ այս համաձայնագիրը կնքվել կամ կնքվելու է Հայաստանի անվտանգության հաշվին
եւ ավելի գլոբալ իմաստով ապագայում ձեռնտու չի լինելու Հայաստանին: Սա նշանակում
է նաեւ, որ մենք մեր տարածքում որեւէ բան որոշել չենք կարող: Համոզված եմ, որ սրա
շարունակությունը լինելու է այն, որ ՌԴ-ն հայտարարելու է, թե պատրաստ է ֆինանսավորել
ապագայում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը: Այսօր արդեն ՀՀ էներգետիկ բոլոր
լծակները Ռուսաստանի ձեռքում են: Ակնհայտ էր, որ էներգետիկ համակարգը մեր երկրի ողնաշարն
է ու թելադրող է տնտեսությունում: Իսկ եթե մեր շուկային թելադրողը ոչ թե մենք, այլ
ուրիշ երկիր է լինելու, հետեւաբար ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականություն թելադրողն
էլ մենք չենք լինելու: – Ռ. Քոչարյանը երեկ հավաստիացրել էր, թե սա սակագնային
քաղաքականությունը ավելի ճկուն կդարձնի, որ գազի սակագինն արդյունքում էլ ավելի կիջնի:
Արդյոք զուտ տնտեսական իմաստով դա շահավե՞տ գործարք է: – Նման եւ ավելի հզոր
ծրագրեր՝ 450 մլն դոլար, կային դեռեւս 99թ.-ից կամ ավելի վաղուցվանից՝ Իրան-Հայաստան
համաձայնությունների շրջանակներում: Դրանով նախատեսվում էր շահագործել նաեւ Երեւանի
ՋԷԿ-ը, որը պետք է արդիականացվեր, որի արտադրած էլեկտրաէներգիան ավելի էժան էր լինելու,
քան այսօր արտադրվողը: Նույնը վերաբերելու էր նաեւ Հրազդանի ՋԷԿ-ին: Բայց այդ դեպքում
Հայաստանն ավելի անկախ էր լինելու որոշումներ ընդունելու իմաստով: -Այդ դեպքում
ինչո՞ւ իշխանություններն ընտրեցին ոչ թե այդ, այլ ՌԴ առաջարկած տարբերակը: –
Ակնհայտ է, որ ռուսներին ձեռնտու է այս տարածաշրջանում թելադրող լինել, իսկ Հայաստանի
իշխանությունները որեւէ բան չեն կարող անել ՌԴ-ին հակադրվելու համար, որովհետեւ դրածոներ
են: Սա հակաժողովրդական ընտրությունների, իշխանության բռնազավթման արդյունքն է, երբ
Քոչարյանը ՌԴ կողմից նշանակվեց ՀՀ տարածքում որպես ռուսական ներկայացուցիչ: –
Իսկ ի՞նչն է ստիպել Քոչարյանին գնալ այս ակնհայտորեն ոչ ամենալավ լուծմանը: –
Կարծում եմ՝ Քոչարյանը ՀՀ-ում իր իշխանությունը վերարտադրելու եւ որոշակի իմաստով
նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հնարավոր լուծումը երկարաձգելու համար
իր վաղեմի «պարտնյորին» այդ հարցում դարձյալ շահագրգռելու խնդիր է ունեցել: Կարծում
եմ, մեր հասարակությունը միանշանակորեն կմերժի այս գործարքը եւ կպայքարի իր անկախության
համար: Բացի այդ, հասարակության մոտ հարց է առաջանալու, չէ՞, որտե՞ղ է եւ ի՞նչ եղավ
այն 150 մլն դոլարը, որը «ՀայՌուսգազարդը» փոխանցել էր Հայաստանին այդ ընկերությունը
ստեղծելու ժամանակ, ո՞վ գրպանեց, ո՞վ գողացավ այդ գումարը, որը կարող էր ներդրվել
նույն այդ էներգետիկ համակարգում: 97-98թթ.-ին էներգետիկ համակարգի գրավչությունը
բարձրացնելու համար պետական բյուջեից բավականին գումարներ էին ներդրվել եւ լուրջ
հարկային արտոնություններ էին տրվել այս համակարգին: Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ
ԲԷՑ-երը վաճառվեցին 32 մլն դոլարով, երբ այն ժամանակ դրա գինը շատ ավելի մեծ էր:
98-ին արտասահմանյան ընկերությունները պատրաստ էին ԲԷՑ-երի համար վճարել անհամեմատ
շատ՝ 100-200 մլն դոլար: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ