Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԼԱՎ

Ապրիլ 06,2006 00:00

«ԼԱՎ Է, ՈՐ ԿՐԿԵՍԸ ՄՆԱՑԵԼ Է ՄԵՐՈՆՑ ՁԵՌՔՈՒՄ» «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի (Երեւանի պետկրկեսը 2005թ. վերջերին սեփականաշնորհվելուց հետո այլեւս այսպես է կոչվում) գարնանային խաղաշրջանը նվիրվում է հայկական կրկեսային առաջին կոլեկտիվի ստեղծման 50-ամյակին: Մինչեւ մայիսի վերջ շարունակվող ներկայացումներում կրկեսային արվեստի սիրահարները հնարավորություն կունենան հանդիպել Երեւանի կրկեսում ժամանակին ելույթ ունեցած սիրված հայ արտիստներին: Հանդիպեցինք արտերկրում ճանաչված ծաղրածու Արկադի Մարգարյանին: 90-ականների սկզբներից արտիստն աշխատել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի եւ արտերկրի այլ կրկեսային կոլեկտիվներում: Նրա վերջին ելույթը Երեւանի կրկեսում կայացել է երեք տարի առաջ, ԱՊՀ երկրների ծաղրածուներից կազմված խմբով: «Առավոտի» հետ հանդիպման սկզբում արտիստը գոհունակությամբ նշեց. «Ինչ լավ է, որ մեր կրկեսը մնացել է մերոնց ձեռքում: Թե չէ հնարավոր էր, որ ուրիշները գնեին ու պալատ սարքեին: Ճիշտ է, շենքի վիճակն անմխիթար է, բայց ոչինչ. ուշ լինի՝ նուշ լինի: Հաստատ համոզված եմ, որ կրկեսի այսօրվա ղեկավարությունը, ասել է թե՝ սեփականատերերը, կգտնեն ֆինանսական ներդրումներ ու կարծում եմ, որ այս հարցում, բացի հայաստանցի գործարարներից, իրենց ավանդը կունենան նաեւ աշխարհով մեկ սփռված կրկեսի ինչպես հայ, այնպես էլ սփյուռքահայ արտիստները»: Նա տեղեկացրեց, որ հայ ծաղրածուները, սկսած դեռեւս 1956-ից, երբ հայտնի ակրոբատ Վաղարշակ Արզումանյանը ստեղծեց հայկական կրկեսային առաջին կոլեկտիվը, մեծ պահանջարկ են վայելում արտերկրում: «Դեռ խորհրդային տարիներին, հայկական կրկեսի ստեղծումից հետո միանգամից փայլեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանը, նրան հաջորդեց Էդուարդ Հակոբյանը: Վերջինս այսօր համարվում է աշխարհի լավագույն ծաղրածուներից մեկը: Ընդ որում, ես եւ Էդուարդը մեր առաջին քայլերն արել ենք Սոս Պետրոսյանի ղեկավարությամբ: Ունենք նաեւ սփյուռքահայ անվանի ծաղրածուներ՝ Վիլեն Մելիքջանյան (Կանադա), Արմեն Ասրյան (Ռուսաստան) եւ այլք»,- ասաց Ա. Մարգարյանը: Նա հպարտորեն նշեց, որ ի վերջո կարծես վերականգնվում է ազգային կրկեսային կոլեկտիվը. «60-70-ականներին կրկեսի հայ արտիստների անունը թնդում էր ողջ Խորհրդային Միությունով: Ճիշտ է, թվով քիչ էինք, բայց՝ բազմաժանր»: Ասածը մանրամասնելով, ծաղրածուն նշեց, որ կրկեսը տարբերվում է արվեստի մյուս ճյուղերից. «Կրկեսում չափանիշներ չկան, բարդ մեխանիզմ է, չկա գիր ու գրականություն: Յուրաքանչյուր անհատ պետք է անպայման ստեղծագործաբար մոտենա իր համարներին: Հաճախ լսում եմ, թե նույն բանն եմ անում: Կրկեսի արտիստը ամեն օր 8 ժամ պարապելուց հետո, պետք է նույն համարը անընդհատ կատարելագործի, ներմուծելով նոր տարրեր: Դրա համար էլ մեկ խաղաշրջան հանդես գալուց հետո, որը տեւում է 3-4 ամիս, այս կրկեսից գնում ենք մեկ այլ կրկես»: Ա. Մարգարյանը ուրախ է, որ այսօր Երեւանի կրկեսում կա 30 կենդանի. «Լավ է, որ, օրինակ, աճպարարուհի Նաիրա Պետրոսյանը նաեւ կենդանիներ է վարժեցնում: Տեղեկացա, որ անցյալ տարի Երեւանում հաջողությամբ են անցել չինական կրկեսի արտիստների հյուրախաղերը: Ընդ որում, նրանք չեն ունեցել կենդանավարժներ, ու հայերն են միացել նրանց՝ հանձին Նաիրա Բաղդասարյանի ու Ռոբերտ Կյուրեղյանի»: Մշակույթի նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է նախատեսված հայկական առաջին կրկեսային կոլեկտիվի ստեղծման 50-ամյա հոբելյանի առիթով: Հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Գայանե Դուրգարյանը հայտնեց. «Յուրաքանչյուր տարի հուլիս ամսին է նախարարությանը ներկայացվում մշակութային այս կամ այն կենտրոնի ծրագիրը: Սոս Պետրոսյանը այն ներկայացրել է միայն 2005թ. վերջին: Նախարարությունը ազատ գումարներ չունի: Իսկ ֆինանսավորման հետ կապված խնդիրները ուղարկում ենք կառավարության հաստատմանը: Ծրագրի ուշ ներկայացնելու պատճառով նախարարությունը ոչնչով չի կարող աջակցել կրկեսին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել