Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեղծագործությունը ապրանք չէ

Ապրիլ 06,2006 00:00

Ստեղծագործությունը ապրանք չէ Հեղինակային իրավունքը նույնացվել է գույքային իրավունքի հետ Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում (նախագահող՝ Դ. Խաչատրյան) քննության էր դրվել Սուրեն Խորենյանի եւ Անուշ Հակոբյանի վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2005թ. դեկտեմբերի 5-ի վճռի: Դատարան չէր ներկայացել Աշտարակ քաղաքի նոտար Գ. Հակոբյանը, որի 2348 ժառանգության իրավունքի եւ 2349 սեփականության իրավունքի վկայագրերը Ս. Խորենյանն ու Ա. Հակոբյանը պահանջել էին անվավեր ճանաչել: Նկարիչների միջազգային միության անդամ, նկարիչ Սուրեն Խորենյանը ճանաչված նկարիչ Վահան Խորենյանի որդին է: Վ. Խորենյանը մահացել է 75 տարեկանում, թողել 727 գեղանկար, 13 էսքիզ, 315 գծանկար: Սակայն Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը այդ ստեղծագործությունները համարել է Խորենյանի երկրորդ կնոջ՝ Անահիտի «համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք», գործը քննել գույքային վեճի շրջանակներում: Պատասխանող Անահիտ Խորենյանի ներկայացուցիչը՝ փաստաբանների պալատի անդամ Արթուր Դավթյանը դատարանին հայտնեց, որ «նկարները ստեղծելու համար Անահիտ Խորենյանը Վահանի հետ միասին ձեռք են բերել ներկեր, վրձիններ, կտավներ եւ համատեղ կյանքի ընթացքում կինը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի լիարժեք զբաղվի իր գործով: Նկարների ստեղծման ժամանակ եղել է ամուսնու կողքին եւ նրանց միակ եկամուտը եղել է նկարների վաճառքը»: Նկարչի որդին՝ Սուրեն Խորենյանը, իբրեւ մասնագետ ասաց, որ այն պահից, երբ նյութը, առարկան դառնում են ստեղծագործություն, դադարում են ապրանք լինելուց: Նրա կարծիքով, խոսքը մտավոր սեփականության մասին է, եւ որ մասնագետը կարող էր խնամել կտավը, ձգել այն: Նա հայտնեց դատարանին, որ 14 տարեկանից ինքն օգնել է հորը եւ ինքն ու քույրը իրավունք ունեն ունենալու իրենց հոր ստեղծագործությունները: «Ի՞նչն է ավելի գեղեցիկ, քան հավասարությունը»,- ամփոփելով խոսքը՝ ասաց նա: Ս. Խորենյանի ներկայացուցիչ, փաստաբան Էդիկ Չինարյանը անհասկանալի համարեց առաջին ատյանի դատարանի մոտեցումը. «Դատարանը միտումնավոր խեղաթյուրել է հայցադիմումի պահանջը՝ մտավոր գործունեության արդյունքների վերաբերյալ վեճը վերածելով զուտ գույքային վեճի, իսկ Աշտարակի նոտարը, ժառանգության իրավունքի վկայագիր տալով նշել է, թե այդ իրավունքը տարածվում է միայն ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ, չնշելով ոչ այդ գույքի ծագումը, ոչ բացառիկությունը, անհատական հատկանիշները եւ տեսակները: Եթե դատարանը այդ հատկանիշները թվարկեր, ապա ժառանգներին պետք է ճանաչեր մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ»: Դատարանում պարզ դարձավ, որ նկարչի երկրորդ կինը «որ վրձինը, կտավը, ներկը համարել է գույք, դրանց նկատմամբ իր իրավունքները չի գրանցել»: Երեկվա դրությամբ արգելանքի տակ են մնում նկարչի ստեղծագործությունները, իսկ դատարանը խորհրդակցական սենյակ մտնելով, վճռի փոխարեն կայացրեց որոշում, այն է՝ վճիռ չկայացնել, գործը վերսկսել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել