Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր

Ապրիլ 06,2006 00:00

Նոր ծառաջարդ՝ սանիտարական էտում անվան տակ Բյուրականի աստղադիտարանի այգում մատների վրա հաշված ծառեր են մնացել Ապրիլի 1-2-ից սկսած, Բյուրականի աստղադիտարանի ղեկավարությունը Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի հարեւանությամբ գտնվող աստղադիտարանի այգում ծառահատում է իրականացրել՝ երբեմնի փարթամ այգին վերածելով վառելանյութի: Աստղադիտարանի տնօրինությունը այգու սանիտարական էտումը հանձնարարել է տեղի գյուղացիներին՝ խոսք տալով ավելորդ փայտակտորները տալ «էտողներին»՝ որպես վառելափայտ: Գյուղացիներն էլ այնպես են ջարդուխուրդ արել ծառերը, որ հաջորդ տարվա ձմռան ճարն արդեն տեսել են: Աստղադիտարանի աշխատակիցների պատմելով՝ այգում 40-50-ամյա հաստաբուն կաղնիներ եւ այնպիսի օրիգինալ ծառատեսակներ կային, որ դրանք կարելի էր գտնել միայն բուսաբանական այգում: Բայց «էտման» արդյունքում այդ ծառերից շատերն այնպես են վնասվել, որ այլեւս փրկել չի լինի: Անգամ ոչ մասնագետ լինելով էլ կարելի է նկատել, որ ծառերի չորացած ճյուղերը հեռացնելու փոխարեն գյուղացիները ծառի բներից լայնակի կտրվածք են տվել: Նախօրեին աշխատակիցներից մի քանիսը հաշվել են այգու ծառերը: Ըստ այդ հաշվարկի, 23 կաղնի ոչնչացվել է: Երբ այս առնչությամբ աստղադիտարանի որոշ աշխատողներ տնօրեն Հայկ Հարությունյանին բողոքել են, վերջինս ասել է, թե արդեն փոշմանել է, որ գյուղացիներին է այդ պատասխանատու գործը վստահել, նույնիսկ սիրտը բռնել, վատացել է, բայց տնօրենի շարժուձեւին քաջածանոթ աստղադիտարանի աշխատակիցների կարծիքով՝ «դա ընդամենը թատրոն էր, իրականում ամեն ինչ նրա համաձայնությամբ է եղել»: Մեր տեղեկություններով, երբ աշխատակիցներն արդեն շատ են աղմուկ բարձրացրել, երկուշաբթի օրը տնօրենը գիտխորհրդի նիստ է արել ու հայտարարել, որ ինքը մասնագետների խումբ է հրավիրել Արագածոտնի մարզից, վերջիններս ուսումնասիրել են ու, աշխատակիցների պատմելով, եկել այն եզրակացության, որ ճիշտ է, որոշ խախտումներ եղել են, բայց դրանից ծառերն այնքան էլ չեն վնասվել, ընդամենը 1-2 սալորենի կարող է հետագայում չաճի: Տնօրենն այս արձանագրությունը նույնիսկ փակցրել է աստղադիտարանի տարածքում: Ծառահատման առնչությամբ մեզ չհաջողվեց պարոն Հարությունյանից պարզաբանում ստանալ, քանի որ նա երեկ հեռախոսազանգերին չէր պատասխանում, բջջային հեռախոսն էլ անջատել էր: Աստղադիտարանի աշխատողները մեզ տեղեկացրին, որ բնապահպանության նախարարությունից տեսուչներ են այցելել այգի, ուսումնասիրել են ու ակտ կազմել, որի բովանդակությանը ծանոթանալու համար դիմեցինք նախարարության լրատվական ծառայություն: Ծառայության պետ Արծրուն Պեպանյանի տեղեկատվությամբ՝ «այնտեղ պարզապես մաքրման աշխատանքներ են կատարվել, ձեր ասած «էտումը» չի եղել»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել