Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԷԹՆՈՍԻ

Ապրիլ 06,2006 00:00

«ԷԹՆՈՍԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ» ԵՐԿՔԱՂԱՔԱՑՈՒՑ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ ասուլիսում ներկայացրին «Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» օրենքի նախագծի հայեցակարգի աշխատանքային նախագիծը: Հայեցակարգը մշակել է խմբակցությունը՝ իրավաբանների աջակցությամբ: Լեւոն Մկրտչյանը նշեց, որ նախագծում արտացոլված են նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դեռ 1990172ականների կեսերից ձեւավորված մոտեցումները։ Խմբակցությունն արդեն իսկ դիմել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ խնդրելով առաջիկայում կազմակերպել լսումներ «Երկքաղաքացու ինստիտուտը միջազգային իրավունքի տեսակետից» թեմայով: Ակնկալվում է, որ բուն օրինագիծը մինչեւ սեպտեմբեր ԱԺ-ում կդրվի պաշտոնական շրջանառության մեջ: Հայեցակարգն ամբողջապես հրապարակվելու է նաեւ մեր թերթում: Իսկ մինչ այդ՝ նշենք, թե ինչպես են մտադիր լուծել երկքաղաքացիությանն առնչվող առավել վիճահարույց հարցերը: Նախագծում նշված է, թե «Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» ՀՀ օրենքը «հնարավորություն կընձեռի մեր հայրենակիցներին ստանալու ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով, հայկական ծագման (էթնոսի) ապացույցներ ներկայացնելով»։ Որտե՞ղ է զինծառայություն անցնելու երկքաղաքացին: Նախատեսվում է, որ երկքաղաքացիները զինապարտությունը պետք է կրեն մշտական բնակության պետությունում: Այն երկքաղաքացիները, որոնք իրենց զինվորական պարտականությունը կրել են որեւէ պետությունում՝ չպետք է կրկնակի զինապարտություն կրեն ՀՀ-ում: Սակայն այն անձանց համար, ովքեր ՀՀ քաղաքացիներ են եւ դիմում են այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար՝ զինվորական ծառայությունը ՀՀ-ում պարտադիր է։ Ո՞ր պետությանն է հարկեր վճարելու երկքաղաքացին: Երկքաղաքացիների կրկնակի հարկումը կբացառվի երկկողմ միջպետական համաձայնագրերի միջոցով. «Հարկերի, տուրքերի եւ այլ վճարումների կատարումը կիրականացվի այն պետությունում, որտեղ այդ անձինք առավելապես եւ անընդմեջ կամ մշտապես բնակվում են, կամ որտեղ ակտիվորեն ծավալում են իրենց գործունեությունը, կամ որտեղ գտնվում է նրանց եկամտի աղբյուրների վայրը»: Ընտրելու եւ ընտրվելո՞ւ է երկքաղաքացին: Այդ իրավունքից երկքաղաքացիները կօգտվեն ՀՀ-ում «առավելապես եւ անընդմեջ բնակություն» հաստատելուց հետո: Հայեցակարգում այս կապակցությամբ վկայակոչված է այս խնդրի իրավական կարգավորման միջազգային պրակտիկան, ըստ որի՝ սահմանափակվում են երկքաղաքացիների քաղաքական իրավունքները։ Ասենք, թույլատրվում է մասնակցել միայն ՏԻՄ ընտրություններին՝ այն էլ երկքաղաքացիություն տրամադրող պետությունում որոշակի ժամանակ բնակություն հաստատելուց հետո. «Որոշ պետություններում երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ գործում են որոշակի սահմանափակումներ ոչ միայն ընտրովի, այլեւ նշանակովի պաշտոններ զբաղեցնելու հարցում»։ «Երկքաղաքացին 5 տարի ապրելով Հայաստանում՝ կարո՞ղ է առաջադրվել ԱԺ պատգամավորի թեկնածու, իսկ 10 տարի ապրելով՝ ՀՀ նախագահ»,- «ՀԺ»-ի այս հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ եթե նա «ամբողջ ծավալով» իրականացնի իր զինվորական, հարկային եւ քաղաքացիական այլ պարտավորությունները, ապա «անարդար կլինի նրան զրկել այդ իրավունքն իրականացնելու հնարավորությունից»: Իսկ Լեւոն Մկրտչյանը նշեց, թե Հայաստանն էլ կարող է օրենքով սահմանել պաշտոնների ցանկ, որոնք նախատեսում են միայն ՀՀ քաղաքացիություն: ՀՅԴ խմբակցության ղեկավարը չժխտեց, թե իրենց առաջարկած տարբերակներից մեկը, ըստ որի՝ համապետական ընտրությունները պետք է անցկացվեն միայն ՀՀ տարածքում՝ սահմանափակում է, սակայն վկայեց, որ Հունաստանում եւ Եվրամիության մի քանի երկրներում գործում է այս կարգը: Նշենք նաեւ, որ հայեցակարգով նախատեսվում է, թե «Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ «ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու եւ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելուց հետո արգելվում է երկքաղաքացիության ձեռք բերումը ՀՀ-ում»։ Նշված է, թե այս դրույթը զսպող գործոն կլինի ՀՀ քաղաքացիների համար, եւ նրանք կխուսափեն հրաժարվել քաղաքացիությունից, հետո ընդունել այլ պետության քաղաքացիություն, իսկ այնուհետեւ դիմել երկքաղաքացիություն ձեռք բերելու համար։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել