Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Ապրիլ 06,2006 00:00

«ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ԳՆՈՒՄ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ» Այս կարծիքին է ԱԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում խորհրդարանը ակտիվացել է եւ, ըստ ամենայնի, սպասվում է, որ հիմնական բեռն այս հարցում ինչ-որ պահից կընկնի հենց օրենսդիր մարմնի վրա: Պատասխանատվությունը հաստատ ծանր բեռ է, եւ իշխող ուժերը փորձելու են այդ պատասխանատվությունը կիսել իրար մեջ: Թե ինչ կստացվի դրանից՝ առայժմ դժվար է ասել, բայց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախաձեռնությունը՝ լրացուցիչ ստանալ ԱԺ խումբ-խմբակցությունների տեսակետը հարցի կարգավորման վերաբերյալ, որով կլրացվեն ԱԺ կողմից ընդունված ուղենիշները, կազմված դեռեւս անցած տարվա անցկացրած ղարաբաղյան հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումների արդյունքում, հիմք է տալիս վերը նշված ենթադրությունների: Առաջինը ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի առաջարկին արձագանքել է ԱԺԿ-ն՝ Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ: Իրենց դիրքորոշումը Շավարշ Քոչարյանը բացատրեց այսպես. «Այսօր խորհրդարանի կողմից ղարաբաղյան խնդրի վերաբերյալ կա միայն մեկ հայտարարություն՝ 2001-ինը, որի էությունն այն է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի համար պետք է ընդունելի լինի հարցի այնպիսի լուծում, որով Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սակայն այսօր նման վերաբերմունքն ու դիրքորոշումը բավարար չեն կարող լինել, որովհետեւ դրանցում չկա հայեցակարգ: Իսկ հարցի կարգավորման համար հարկավոր է ունենալ հստակ ձեւակերպված հայեցակարգ, որը մեզ պետք կգա ե՛ւ դրսի, ե՛ւ ներսի համար, որպեսզի քաղաքական ուժերի կողմից չլինեն տարաբնույթ, նույնիսկ իրարամերժ մոտեցումներ: Իսկ նման բաներ ակնհայտ է, որ կան: Սա չափազանց կարեւոր է առաջին հերթին քարոզչության եւ մեր դիրքերի ամրության համար, այդ թվում նաեւ միջազգային կառույցներում: Մեր կողմից շատ ողջունելի էին ե՛ւ անցած տարի կազմակերպված Ղարաբաղի հարցով լսումները, ե՛ւ այսօր հանձնաժողովի կողմից քաղաքական ուժերին արված առաջարկը՝ խնդրի կարգավորման վերաբերյալ ներկայացնել կոնկրետ մոտեցումներ: Ասեմ, որ հանձնաժողովի կողմից կազմած ուղեցույցը, որի կազմմանը մենք եւս ակտիվ մասնակցություն ենք ունեցել, համապատասխանում է մեր կուսակցության ծրագրային դրույթներին, եւ քաղաքական ուժերի կողմից այդպիսի փաստաթղթի ընդունումը խիստ կարեւոր ենք համարում»: Շավարշ Քոչարյանը խորհրդարանի ակտիվացումն այս հարցում բացատրեց հետեւյալ կերպ. «Կարծում եմ, այս գործընթացը իրականում ուշացած է, որովհետեւ խորհրդարանի դիրքորոշումը վաղուց պետք է հստակեցված լիներ: Իսկ 2001-ին ընդունված հայտարարությունը որեւէ նոր բան չէր ասում, քան այն, ինչ ասվել էր 92-ին ընդունված որոշման մեջ: Այս ամենի մեջ, կրկնում եմ, բացակայում է հայեցակարգային մոտեցումը: Եվ այն պաշտոնյաները, ովքեր այսօր խոսում են Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս լինելու մասին, իրականում ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին, որովհետեւ ադրբեջանցիների նպատակը հենց դա էր՝ հարցի էությունը փոխել այնպես, որ այն ընկալվի որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ: Եվ շատ վարպետորեն իրենք օգտվեցին այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները իրենք էլ գնացին հենց այդ ճանապարհով»: Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ վաղուց էր պետք ունենալ հայեցակարգային մոտեցում, որից հետո կարելի կլինի շատ ավելի արդյունավետ օգտագործել ե՛ւ սփյուռքի հնարավորությունները, ե՛ւ նորմալ լոբբիստական աշխատանք իրականացնել, ու այդ դեպքում քաղաքական ուժերը այլեւս չեն կարող խելքներին փչած բաները խոսել ղարաբաղյան թեմաներով, քանի որ կլինի կոնկրետ հայեցակարգ, որի սահմաններից դուրս գալ հնարավոր չի լինի: Վերջերս ակտիվացած խոսակցություններն այն մասին, որ 2006-ը հարցի կարգավորման լավագույն շրջանն է, Շավարշ Քոչարյանն ամենեւին իրատեսական չի համարում. «Ես վաղուց եմ ասել այդ մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ համանախագահողները շատ լավատեսական էին խոսում հարցի կարգավորման մասին, ես այդ ժամկետը ռեալ չեմ համարել՝ մի շատ պարզ պատճառով: Իրականում իրավիճակը շատ դիպուկ է արտահայտել ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանը՝ քանի դեռ Ադրբեջանը խուսափում է բանակցել Ղարաբաղի հետ, հարցը չի կարող լուծվել: Եվ հաջորդը, միջազգային կառույցների կողմից կա ակնհայտ ցանկություն՝ տարածաշրջանը ձերբազատված տեսնել իրենց խանգարող հանգամանքներից, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրից: Եվ սրա հետ կապված միջնորդներն անընդհատ նորանոր առաջարկություններ են անում, եւ այս առումով էլ Պրահյան գործընթացը որակապես տարբերվում էր մինչ այժմ եղածներից եւ տարբերվում էր առաջին հերթին այն առումով, որ առաջին անգամ փորձ արվեց հիշատակել եւ տարածքային ամբողջականության մոդելը, եւ ինքնորոշման մոդելը: Եվ միջնորդների լավատեսությունը ժամանակին հենց սրա վրա էր կառուցված»: Սակայն այսօր, ըստ մեր զրուցակցի, իրավիճակն այլ է: ԱԺԿ նախագահի կարծիքով, բանակցությունների ընթացքը ոչ մի լավ բանի չհանգեցրեց, ի դեպ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը եւս բանակցային գործընթացի մասին նման կարծիք էր արտահայտել մեր թերթում: Շավարշ Քոչարյանն ավելի մանրամասնեց. «Այս ամբողջ գործընթացից պարզ է դառնում, որ խնդիրը չի գնում դեպի կարգավորում, այսինքն՝ այն ուղղությամբ, որը ձեռնտու է եւ Ղարաբաղին, եւ Հայաստանին: Եվ եթե այս պատկերը մինչեւ վերջերս ակնհայտ էր միայն քաղաքական դաշտի մի շերտի՝ ընդդիմության համար, այսօր արդեն պարզ է դարձել նաեւ իշխանական դաշտի ուժերի համար, առավել եւս, երբ դրա մասին հրապարակավ խոսեց նաեւ Ղարաբաղի նախագահը: Շատ կարեւոր բան պետք է այս հարցում փոխվի, քանի որ այսպես շարունակել այլեւս չի կարելի»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել