Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Ապրիլ 06,2006 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎՈՒՄ ԿԱՍԿԱԾՎՈՂՆԵՐԸ Հավանաբար կամ ոմանք շահագրգռված չեն դրանում, կամ, որ նույնն է՝ «վերեւից» համապատասխան հրահանգ կա Ապրիլի 1-ին ԵԿՄ Արմավիրի մարզի տարածքային կազմակերպության ղեկավար Ռուստամ Գասպարյանի դեմ օրը ցերեկով կատարված մահափորձի առիթով հարուցված քրգործով, որը վարում է հիշյալ մարզի դատախազությունը, երեկվա դրությամբ դեռեւս ձերբակալվածներ չկային: Նույն իրավիճակն է նաեւ Հրազդան քաղաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Սասուն Միքայելյանի դեմ նախապատրաստված, բայց այդպես էլ չիրականացված մահափորձի առիթով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրգործով: Հիշեցնենք, որ երկու դեպքում էլ հանցագործության կատարողներն ու հավանական պատվիրատուների անունները հայտնի են ոչ միայն այդ քրգործերով նախաքննությունն իրականացնող մարմիններին, այլեւ լրատվամիջոցներին ու ողջ Հրազդան եւ Արմավիր քաղաքների բնակիչներին: Ինչ վերաբերում է մասնավորապես Ս. Միքայելյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ կասկածվող ոմն Մանվել Բաղդասարյան-«Կոճեին», ապա մեր հավաստի տեղեկություններով, այս մարդը, որ ազատորեն շրջում է Հրազդանով ու թաղումների է մասնակցում, հույս ունի, որ շատ շուտով ինքն այդ քրգործի հետ այլեւս որեւէ առնչություն չի ունենա ու դուրս կգա նաեւ կասկածյալի կարգավիճակից: Դա, իհարկե, իրավապահների համար: Սա այն դեպքում, երբ այս մարդու դեմ փաստացի ու շատ կոնկրետ նյութեր կան, կա նաեւ նրա կողմից վարձված «քիլլերի» խոստովանությունը: Ընդ որում, Ս. Միքայելյանի դեպքում քրգործը հարուցվել է ՀՀ Քր.օր.-ի այն հոդվածներով՝ 38-34-104-րդ հոդվածի 1-ին մաս եւ 235-րդ հոդվածի 1-ին մաս, որոնցով նախատեսված է, որ կա սպանությանը հանցակից, օժանդակող, դրդիչ կամ ուղղակի՝ պատվիրատու անձ, որ նախապատրաստվել է դիտավորյալ սպանություն, որ կա հանցափորձ, կան մարդիկ, ովքեր այդ սպանությունը պատվիրելու կամ կատարելու համար ապօրինաբար զենք կամ զինամթերք են կրել, պահել եւ այլն, բայց մեղադրյալներ չկան, ոչ մի կերպ չեն գտնվում: Ռ. Գասպարյանի դեպքում քրգործը հարուցվել է մոտավորապես նույն հոդվածներով՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 253-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանության փորձ, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Ռ. Գասպարյանի պարագայում նրա դեմ կատարված մահափորձի հնարավոր մի քանի վարկածներով կասկածի տակ է առնված ԱԺ ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված Նահապետ Գեւորգյանը, որը մահափորձի պահին ու նաեւ այս օրերին հանրապետությունում չէ: Թե որքանով է դա կապված հնարավոր ալիբին ապահովելու համար՝ դժվար է ասել: Նրան ձերբակալելը, իհարկե, ի տարբերություն «Կոճեի», ավելի բարդ արարողություն կլիներ՝ նկատի ունենալով ԱԺ պատգամավոր լինելու ու անձեռնմխելիություն ունենալու հանգամանքը: Բայց տվյալ դեպքում փաստն այն է, որ նա այս պահին գոնե, անգամ քրգործի նախաքննության համար օգտակար լինել չի կարող, քանի դեռ Հայաստանում չէ: Փոխարենը հայտնի է, որ այն ավտոմեքենան՝ սպիտակ գույնի «ՎԱԶ 2174» 28ՕՍ785 պետհամարանիշով, որից կրակահերթ է արձակվել Ռ. Գասպարյանի վրա, պատկանում է վերջինիս հետ հակասություններ ունեցած ոմն Սամսոն Պողոսյանի: Ավելին, մեր ունեցած հավելյալ տեղեկություններով, դեպքի օրը սույն ավտոմեքենայի սրահի զննությամբ ի հայտ էր բերվել նաեւ Ս. Պողոսյանին պատկանող բջջային հեռախոսը, ինչի մասին մասնավորապես ոստիկանության եւ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություններում մատնանշված չէր: Բայց պարզվում է՝ այս հանգամանքը եւս Արմավիրի դատախազությունում բավարար հիմք չեն համարել պոտենցիալ հանցագործին, որի դեմ իրեղեն ապացույցներ կան, ի վերջո, որին, մեր տեղեկություններով, ճանաչել է հենց Ռ. Գասպարյանը, ձերբակալելու համար: Մենք փորձեցինք ճշտել, թե որո՞նք կարող են կոնկրետ այս դեպքերում իրավապահների կողմից հանցագործների կամ հանցագործության մեջ կասկածվող անձանց նկատմամբ խիստ հումանիստական վերաբերմունքի հնարավոր շարժառիթներ լինել: Ոստիկանության համակարգում երկար տարիներ ու բարձր պաշտոնում աշխատած մեկը մեր հարցադրմանն ի պատասխան նկատեց, որ նման պարագայում հանցագործներին կամ կասկածյալներին ազատության մեջ թողնում են նրանց հնարավոր շարժն ու հանցագործության մյուս հավանական մասնակիցներին եւս ի հայտ բերելու համար, կամ պարզապես չեն ուզում բռնել, որովհետեւ կարող է նյութական շահագրգռվածություն լինել, կամ զանգ՝ «վերեւից»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել