Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրողներից ոմանք դեմ են

Ապրիլ 06,2006 00:00

ՀԳՄ
շենքի վաճառքի կամ «բարեփոխման» հարցն առայժմ առկախ է Երեկ Գրողների միության
շենքի հնարավոր վաճառքի վերաբերյալ իր վրդովմունքը «Առավոտին» հայտնեց բանաստեղծուհի
Սիլվա Կապուտիկյանը: «Ամո՛թ մեզ, ես ամոթից գետինն եմ մտնում անգամ նրա համար, որ
նման հարց է առաջ քաշվել: Ամո՛թ, որ մեր գաղափարական առաջնորդ ու մեզ արդարության
մղող ամենաուժեղ կազմակերպությունը՝ Հայաստանի գրողների միությունը, այսօր հնարավոր
է համարում նման քայլը: Ամաչում եմ, որ նման հարց է քննարկվել ՀԳՄ վարչության նիստում»,-
ասաց բանաստեղծուհին: ՀԳՄ անդամ Հրաչյա Մաթեւոսյանն էլ իր տարակուսանքն էր
հայտնում այն առիթով, որ հենց ստեղծագործական միություններին պատկանող շենքերն են
ոմանց ախորժակը գրգռում. «Մի քանի օր առաջ, երբ Գրողների միությունում այդ հարցն
էին քննարկում, շատերը կողմ արտահայտվեցին, մի մասն էլ շիշ ու քյաբաբ էին դարձել՝
էնպես էին խոսում, որ վատամարդ դուրս չգան: Կային մարդիկ էլ, որ զգացմունքային-հուզական
երանգ էին տալիս խնդրին, ասում էին՝ շենքին չպետք է ձեռք տալ, որովհետեւ Ավետիք Իսահակյանն
այստեղ է աշխատել: Քննարկմանը մասնակցում էր Արմեն անունով մեկը, որը ճարտարապետ
ու Նկարիչների միության անդամ ներկայացավ: Նա ասաց, որ հնարավոր է Գրողների միության
շենքը լրիվ քանդվի, տեղը հայկական ճարտարապետությամբ գեղեցիկ շենք կկառուցվի, մեզ
էլ խոստացավ ժամանակավորապես տեղավորել, որ իբր 2 տարի հետո նորակառույց շենքի ցանկացած
հարկում բնակարաններ ու տարածք տրամադրի: Ես ասացի, որ կտրականապես դեմ եմ էդ տեսակ
ավազակություններին ու թալանչիությանը, առաջարկեցի, որ իր «հայեցի» նախագիծն ու փասափուսան
հավաքի-գնա… Ախր ի՞նչ երաշխիք, որ 2 տարուց հետո դրանք մեզ լրիվ դուրս չեն անի
մեր տնից ու Բաղրամյան 3-ում հերթական բարձրահարկը վեր չի խոյանա: Հիմա ՀԳՄ պատվիրակությունը
մեկնում է Լիբանան՝ Գրողների համահայկական համագումարին մասնակցելու, իսկ ապրիլի
13-ին, երբ վերադառնանք, հարցը կդրվի գրողների քննարկմանը: Ես տեղյակ եմ, որ մեր
միությունը նամակներ է ուղարկել Հայ բարեգործական ընդհանուր միությանը, կառավարությանը,
մի շարք կազմակերպությունների՝ այն մասին, որ Գրողների միության շենքը մեծ վերանորոգման
կարիք ունի: Գուցե խելամիտ կլիներ սպասել նամակների պատասխաններին, հետո՞ հարցը վճռել»:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել