Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր ծառաջարդ՝ սանիտարական էտում անվան տակ

Ապրիլ 06,2006 00:00

Բյուրականի
աստղադիտարանի այգում մատների վրա հաշված ծառեր են մնացել Ապրիլի 1-2-ից սկսած,
Բյուրականի աստղադիտարանի ղեկավարությունը Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի
հարեւանությամբ գտնվող աստղադիտարանի այգում ծառահատում է իրականացրել՝ երբեմնի փարթամ
այգին վերածելով վառելանյութի: Աստղադիտարանի տնօրինությունը այգու սանիտարական էտումը
հանձնարարել է տեղի գյուղացիներին՝ խոսք տալով ավելորդ փայտակտորները տալ «էտողներին»՝
որպես վառելափայտ: Գյուղացիներն էլ այնպես են ջարդուխուրդ արել ծառերը, որ հաջորդ
տարվա ձմռան ճարն արդեն տեսել են: Աստղադիտարանի աշխատակիցների պատմելով՝ այգում
40-50-ամյա հաստաբուն կաղնիներ եւ այնպիսի օրիգինալ ծառատեսակներ կային, որ դրանք
կարելի էր գտնել միայն բուսաբանական այգում: Բայց «էտման» արդյունքում այդ ծառերից
շատերն այնպես են վնասվել, որ այլեւս փրկել չի լինի: Անգամ ոչ մասնագետ լինելով էլ
կարելի է նկատել, որ ծառերի չորացած ճյուղերը հեռացնելու փոխարեն գյուղացիները ծառի
բներից լայնակի կտրվածք են տվել: Նախօրեին աշխատակիցներից մի քանիսը հաշվել են այգու
ծառերը: Ըստ այդ հաշվարկի, 23 կաղնի ոչնչացվել է: Երբ այս առնչությամբ աստղադիտարանի
որոշ աշխատողներ տնօրեն Հայկ Հարությունյանին բողոքել են, վերջինս ասել է, թե արդեն
փոշմանել է, որ գյուղացիներին է այդ պատասխանատու գործը վստահել, նույնիսկ սիրտը
բռնել, վատացել է, բայց տնօրենի շարժուձեւին քաջածանոթ աստղադիտարանի աշխատակիցների
կարծիքով՝ «դա ընդամենը թատրոն էր, իրականում ամեն ինչ նրա համաձայնությամբ է եղել»:
Մեր տեղեկություններով, երբ աշխատակիցներն արդեն շատ են աղմուկ բարձրացրել,
երկուշաբթի օրը տնօրենը գիտխորհրդի նիստ է արել ու հայտարարել, որ ինքը մասնագետների
խումբ է հրավիրել Արագածոտնի մարզից, վերջիններս ուսումնասիրել են ու, աշխատակիցների
պատմելով, եկել այն եզրակացության, որ ճիշտ է, որոշ խախտումներ եղել են, բայց դրանից
ծառերն այնքան էլ չեն վնասվել, ընդամենը 1-2 սալորենի կարող է հետագայում չաճի: Տնօրենն
այս արձանագրությունը նույնիսկ փակցրել է աստղադիտարանի տարածքում: Ծառահատման առնչությամբ
մեզ չհաջողվեց պարոն Հարությունյանից պարզաբանում ստանալ, քանի որ նա երեկ հեռախոսազանգերին
չէր պատասխանում, բջջային հեռախոսն էլ անջատել էր: Աստղադիտարանի աշխատողները
մեզ տեղեկացրին, որ բնապահպանության նախարարությունից տեսուչներ են այցելել այգի,
ուսումնասիրել են ու ակտ կազմել, որի բովանդակությանը ծանոթանալու համար դիմեցինք
նախարարության լրատվական ծառայություն: Ծառայության պետ Արծրուն Պեպանյանի տեղեկատվությամբ՝
«այնտեղ պարզապես մաքրման աշխատանքներ են կատարվել, ձեր ասած «էտումը» չի եղել»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել