Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ

Ապրիլ 05,2006 00:00

ԲԱՑՎԵՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՔՐ ԴԱՇՏԸ Երեկ մայրաքաղաքի Կենտրոն համայնքի Խորենացի 47 հասցեում շահագործման հանձնվեց ՈՒԵՖԱ-ի «Փոքր դաշտեր» ծրագրի շրջանակներում իրականացվող ֆուտբոլի՝ արհեստական ծածկով երկրորդ փոքր ունիվերսալ խաղադաշտը, որի հանդիսավոր բացումը կատարեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նրա հրավերով պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն Լարս Քրիստեր Օլսոնը եւ համայնքապետ Գագիկ Բեգլարյանը: Ուրախալի է, որ այս գործում շահագրգիռ ու խելամիտ ակտիվություն է դրսեւորում հատկապես Կենտրոն համայնքը, որը Երեւանի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկը լինելով, ազատ տարածքներ գրեթե չունի: Ու պատահական չէ, որ հիմա հերթի է կանգնած նաեւ Կուզնեցով փողոցում կառուցվող երրորդ դաշտը: Ասենք, որ ՈՒԵՖԱ-ի պարտադիր պահանջներից մեկն էլ նմանատիպ դաշտերը հենց խիտ բնակեցված թաղամասերում տեղադրելն է, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ ներգրավվեն ֆուտբոլի, ընդհանրապես սպորտի մեջ: Բացման արարողության ժամանակ ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը մեզ ասաց. «ՈՒԵՖԱ-ի հատկացրած եւս 20 խաղադաշտերը, որոնցից յուրաքանչյուրի արժեքը $20-25 հազար է եւ որոնք Ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին նվիրաբերում է համայնքներին, ներկրված են ու գտնվում են Երեւանում: Դրանց հողհատկացումն արդեն կատարված է: Օրերս քաղաքապետարանում հատուկ խորհրդակցություն անցկացվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Երեւանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվեցին իրավիճակը, անելիքների ծրագրերը: Բոլոր թաղապետերը անձամբ տեսել են բացվող այս խաղադաշտը: Հիմա շինարարների մրցույթներ պետք է հայտարարվեն ու տարվա ընթացքում դաշտերը հերթով տեղադրվեն: Թե որ համայնքում գործը որքա՞ն արագ առաջ կընթանա՝ կախված է լինելու նրանց պատրաստակամության աստիճանից: Համայնքների պարտավորությունների մեջ մտնում են հատկացված տարածքում դաշտի բետոնե ծածկույթի, 24-ժամյա արտաքին լուսավորման ապահովումը եւ հետագա շահագործումը: Տեղերում որքան արագ կատարեն պահանջվածը, այնքան շուտ կտեղադրվեն դաշտերը, որոնք, ի դեպ, միայն ֆուտբոլին չէ, որ պետք է ծառայեն: Այնտեղ երեխաները կարող են նաեւ թենիս, հանդբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ խաղալ: Իսկ եթե թերացողներ լինեն, մենք նրանցից կվերցնենք դաշտերը ու կտանք ավելի պարտաճանաչներին»: Բացման արարողությունից հետո ՀՖՖ նախագահն ու ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը շրջայց կատարեցին ֆուտբոլային խաղադաշտեր: Այնուհետեւ բարձրաստիճան հյուրին ընդունեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բարձր գնահատելով ՈԻԵՖԱ-ի հետ մեր երկրի համագործակցությունը, ֆուտբոլի միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերը, վարչապետը նշեց, որ դրանք զգալիորեն նպաստում են մեր երկրում ֆուտբոլի եւ ընդհանրապես, սպորտի զարգացմանը: Նա կարեւորեց, մասնավորապես, «Հեթ տրիկ» ներդրումային, ինչպես նաեւ «Փոքր դաշտերի» ծրագրերը, որոնք ուղղված են հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի խթանմանը: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հայկական ֆուտբոլի բարի ավանդույթների վերականգնմանը, որ սերտ համագործակցություն է հաստատվել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ, ինչը հնարավորություն է տալիս օպերատիվորեն լուծել ծագող խնդիրները: Պետության կողմից որոշակի օժանդակություն է ցուցաբերվում մարզադաշտերի համար տարածքների հատկացման, մարզագույքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման եւ այլ նպատակներով: Գոհունակություն հայտնելով ինչպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ՀՀ կառավարության, այնպես էլ ֆեդերացիայի եւ ֆուտբոլային ակումբների միջեւ սերտ համագործակցության հաստատման կապակցությամբ, Լարս Օլսոնը համոզմունք է հայտնել, որ ֆուտբոլի զարգացումը եւս կարող է նպաստել հասարակության առաջընթացին՝ միասնական նպատակի շուրջ համախմբելով բազմահազար երկրպագուների: Նա նույնպես կարեւոր է համարել զանգվածային եւ հատկապես մանկապատանեկան ֆուտբոլի խթանումը, մասնավորաբար՝ այդ նպատակին ուղղված «Փոքր դաշտերի» ծրագիրը՝ նշելով, որ ՈԻԵՖԱ-ի կողմից այդ եւ այլ ծրագրերի համար տրամադրվող ֆինանսական աջակցությունը ոչ միայն կշարունակվի, այլեւ կավելանա: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ 2008թ. կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախապատրաստությանը, մասնավորապես՝ ընտրական փուլում վիճակահանության արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների միեւնույն խմբում հայտնվելու խնդրին: Այդ կապակցությամբ Անդրանիկ Մարգարյանը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է լուծելու Ադրբեջանի հավաքականին պատշաճ մակարդակով ընդունելու, պաշտոնական մրցախաղի, մրցակիցների ու նրանց երկրպագուների անվտանգությունն ապահովելու հարցերը: Շնորհակալություն հայտնելով վարչապետին նման մոտեցման համար՝ Լարս Օլսոնն ընդգծել է, որ ՈԻԵՖԱ-ն անվտանգության նմանատիպ երաշխիքներ է ակնկալում նաեւ ադրբեջանական կողմից: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել