Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վկան

Ապրիլ 05,2006 00:00

Վկան կալանավորվել է «Հրեղեն ձիու» առեղծվածը Երեկ ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնի աշխատակիցները լուսադեմին՝ ժամը 6.30-ի սահմաններում կալանավորել են «Հրեղեն ձի» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Խաչատուրի Խաչատրյանին: Երեկ «Առավոտին» փաստաբանների պալատի անդամ Արմեն Մանուկյանը տեղեկացրեց, որ դիմելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ բողոքարկելու ՀՀ ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Լյուդվիգ Ավետիսյանի որոշումը: Կարեն Խաչատրյանի ՍՊԸ-ն վերջին 9-10 տարիներին Ռուսաստանից Հայաստան է ներկրում ռուսական ոգելից խմիչքներ: Նա հարկային եւ մաքսային պարտավորությունները կատարել է բարեխղճորեն եւ ժամանակին: Ամիսներ առաջ, սակայն, Կրասնոդարի մարզում ոգելից խմիչքներով բեռնված (մոտ 80 հազար դոլարի) նրա մեքենաների վրա զինված հարձակում է տեղի ունենում, ինչը Խաչատրյանը հայտնում է Հայաստանում գտնվող իր գործընկերոջը՝ Մարինե Առաքելյանին: Ի դեպ, երեկ, մեր տեղեկություններով, վերջինիս էլ կանչել էին քննչական վարչություն: Չգիտես ինչու, հայտարարությունից հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ վարչությունը բերման է ենթարկում Մ. Առաքելյանին՝ նրանից բացատրություն վերցնելու: Առաքելյանը գրում է, որ «Խաչատրյանին տրված է լիազորագիր եւ նա գործում է նույն այդ լիազորագրի շրջանակներում»: Խաչատրյանն էլ, որը որոնողական աշխատանքներ էր իրականացնում Մոսկվայում, իմանալով կատարվածի մասին, գալիս է Հայաստան: Կանչվում է Լ. Ավետիսյանի մոտ, տեղեկանում, որ «կեղծել է փաստաթուղթ՝ պետտուրք չմուծելու համար»: Խաչատրյանն իրոք համակարգչով կեղծում է այն փաստաթուղթը, որ ռուսական կողմին ԱԱՀ չմուծեր, քանի որ մեկ կորուստ արդեն իսկ ունեցել էր՝ 80 հազար դոլարի խմիչքները: Քննչական վարչությունը հարցում է անում ՀՀ մաքսային պետական կոմիտեին՝ կապված «Հրեղեն ձիու» գործունեության հետ: Այնտեղից պատասխանում են, որ «Հրեղեն ձին» ապրանք չի ներմուծել, բյուջեի նկատմամբ էլ որեւէ չմարված պարտավորություն չունի»: Անհատ ձեռներեցը տասնյակ անգամ վկայի կարգավիճակով կանչվում է քննչական վարչություն, ինչը հեռահար մի խնդիր էր լուծում. վկան չի կարող պաշտպան ունենալ: Ինչ-որ առումով Խաչատրյանը լիարժեքորեն չի օգտվում այս ընթացքում քրեադատավարական իր իրավունքներից: Կարենը գրանցված էր Բուզանդի 101 հասցեում, սակայն փաստացի բնակվում է այլ հասցեում, ինչի մասին քննիչը տեղեկացված էր: Քննիչը, սակայն, գրություններն ու կանչերն ուղարկում էր Բուզանդի հասցեով, իմիտացիա ստեղծելով, թե «տես, խուսափում է քննությունից»: Ի դեպ, Լ. Ավետիսյանը, մեր տեղեկություններով, եղել է նաեւ Կ. Խաչատրյանի այն հասցեում, ուր փաստացի ապրում էր: Ապրիլի 3-ին նա Խաչատրյանին եւ նրա փաստաբանին՝ Ա. Մանուկյանին հրավիրում է իր մոտ: Նշանակված ժամին, սակայն, ՀԿԳ քննիչը գտնվում էր ԱՆ «Նուբարաշեն» մեկուսարանում: Երբ «Նուբարաշենում» հանդիպում է փաստաբանին, վերջինս հայտնում է, որ նշանակված ժամին եղել են վարչությունում: Լ. Ավետիսյանը հերթական հանդիպումը նշանակում է ապրիլի 4-ին: Սակայն լուսադեմին… Խաչատրյանը բարձրանում է «Նուբարաշեն», իսկ Ա. Մանուկյանին թույլ չեն տալիս հանդիպել իր պաշտպանյալի հետ, դրանով իսկ խախտվում է «Ձերբակալման պահից անձն իրավունք ունի ունենալ պաշտպան» օրենքի պահանջը: Փաստաբան Ա. Մանուկյանը գտնում է, որ Լ. Ավետիսյանի գործողություններում առկա են ՀՀ քրօրի 314 հոդվածի հատկանիշները, այն է՝ պաշտոնեական կեղծիք՝ շահադիտական կամ անձնական այլ դրդումներով զուգորդված: Ըստ էության, դատարան են ներկայացվել կեղծ ապացույցներ, որոնք հիմք են դարձել Խաչատրյանի ձերբակալման սանկցիան տալուն: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել